ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ 2016. մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերի ընդունման դեպքում կապահովվի պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կիրառման արդյունավետության բարձրացումը: Մասնավորապես, կհստակեցվեն պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի և անկախ հանձնաժողովի գործառույթները՝ բացառելով նույնաբնույթ գործառույթների իրականացումը, կսահմանվեն հստակ չափանիշներ, որոնք կդրվեն և՛ անկախ հանձնաժողովի, և՛ դատարանի պատճառաբանված որոշումների հիմքում, դատապարտյալն իրավունք կունենա մասնակցելու իրեն վերաբերող որոշումների կայացմանը և իրականացնելու համապատասխան պաշտպանություն, այդ թվում՝ բողոքարկելով անկախ հանձնաժողովի որոշումները:
Գործադիրը հավանություն է տվել «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերի նպատակը բանկային, ապահովագրական համակարգերի կարգավորման և վերահսկողության դաշտի համապատասխանեցումն է միջազգային պահանջներին:
Մասնավորապես, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում նախատեսվում է Պարտավորության և եկամտի հարաբերակցության (DTI) և Պահանջի և գրավի (LTV) հարաբերակցության առավելագույն չափերի սահմանում: «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում նախատեսվում է «Համակարգային նշանակություն ունեցող ապահովագրական ընկերություն» հասկացության սահմանում և վերջիններիս նկատմամբ ավելի խիստ հիմնական տնտեսական նորմատիվների սահմանման հնարավորություն, ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության սահմանման փոփոխություն, ներքին աուդիտի, արտաքին աուդիտի և պատասխանատու ակտուարի պաշտպանության մեխանիզմների ներդնում, կյանքի ապահովագրության պորտֆելի փոխանցման դեպքում ապահովադիրների առարկությունների ներկայացման ընթացակարգի ներդնում և այլն:
Նախատեսվում է նաև ապահովագրության պայմանագրերի կնքման, փոփոխության, պայմանագրերի սպասարկման գործընթացի նկատմամբ լրացուցիչ պահանջների սահմանման հնարավորություն. սպառողների շահերի առավելագույն պաշտպանվածության, ինչպես նաև ապահովագրական խարդախությունների կանխարգելման նպատակով ԿԲ-ին իրավասություն է տրվել սահմանել ապահովագրության պայմանագրերի կնքման, փոփոխության, պայմանագրերի սպասարկման գործընթացի նկատմամբ, ինչպես նաև ապահովագրական միջնորդների և նրանց գործունեության նկատմամբ:
Կարդացեք նաև
Կարեն Կարապետյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվել է, թե արդյոք անընդհատ նվազեցնելու են վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Ի պատասխան ԿԲ նախագահը նշել է, որ եթե դրա կարիքը լինի՝ կնվազեցնեն: Հիշեցնենք, որ 2016 թ. դեկտեմբերի 27-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.25 տոկոս:
Կառավարությունը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի, Վահե Հովհաննիսյանի և Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծով առաջարկվում է աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման պահանջներում սահմանել կազմակերպության կողմից երկու աշխատող որակավորված աուդիտոր ունենալու պահանջ՝ ներկայումս գործող հինգ աշխատող որակավորված աուդիտոր ունենալու պահանջի փոխարեն: Կառավարության եզրակացության համաձայն՝ հինգ որակավորված աուդիտոր աշխատակից ունենալու պահանջ սահմանելու դրույթն առաջադրվել է՝ հաշվի առնելով աուդիտորական ծառայությունների առանձնահատուկ բնույթը տարբեր ոլորտների հետ առնչվելու և աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը, ինչպես նաև այդ ոլորտներում մասնագիտական բազմակողմանի գիտելիքներ ունեցող մասնագետներ պահանջվելու հանգամանքը: Այսինքն, փոփոխության նպատակն ի սկզբանե եղել է մատուցվող աուդիտորական ծառայությունների որակի բարձրացումը:
Այդուհանդերձ, գործնականում հինգ աշխատող աուդիտոր ունենալու իրավական պահանջը դժվարություններ է առաջացրել աուդիտորական ընկերությունների մոտ: Ներկայումս ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակում է աուդիտորական գործունեության ոլորտի կարգավորման նոր օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում է ներդնել աուդիտորական ծառայությունների որակի նկատմամբ վերահսկողության արդյունավետ համակարգ, վերանայել աուդիտորական կազմակերպությունների լիցենզավորման գործընթացը՝ աուդիտորական կազմակերպությունների ռեեստր ներդնելու միջոցով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում փոփոխել աուդիտորների պահանջվող նվազագույն թվաքանակը: Կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի ընդունումը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ առաջադրված օրենսդրական փոփոխության համար բավարար հիմնավորումներ չեն ներկայացվել:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ