Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԱԿ Կենտրոնական վարչություն. Հարձակում է իրականացվել Հայաստանի Հանրապետության վրա

Դեկտեմբեր 29,2016 19:47

Տավուշի մարզի Չինար գյուղի մոտ սույն թվականի դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած ադրբեջանական բանակի դիվերսիան մեկ անգամ ևս փաստում է, որ Ադրբեջանի նենգ ու դավադիր քաղաքականությունը շարունակվում է և որ ապրիլյան իրադարձությունները դաս չեղան մեր թշնամու համար: Այդ իրադարձություններից հետևություններ չարեցին նաև միջազգային կազմակերպությունները՝ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խումբը և ՀԱՊԿ մասնակից երկրները, դժբախտաբար:

Տեղի ունեցածը ազդում է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի ռազմաքաղաքական կայունության վրա, այն նաև պետք է ազդակ լինի ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ պետությունների համար, որպեսզի վերջիններս միահամուռ կերպով անաչառ արձագանքեն և դատապարտեն Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանների նկատմամբ կատարված ոտնձգությունները:

Դիվերսիոն գործողությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին նաև ազդանշան է, որ հարձակում է իրականացվել Հայաստանի Հանրապետության վրա, ինչը նշանակում է, որ ՀԱՊԿ-ը, ելնելով այդ կազմակերպության կանոնադրությունից, պետք է իր վճռական դիրքորոշումը հայտնի, հակառակը կնշանակի, որ այդ կառույցը շարունակում է իր անողնաշար քաղաքականությունը:

ՌԱԿ Կենտրոնական վարչությունը մեկ անգամ ևս կոչ է հանում համայն հայությանը միավորվել Հայրենիքի շուրջ և շարունակական ջանքեր գործադրել ՀՀ-ի և ԼՂՀ-ի անվտանգության բարձրացման համար: Այս պահին խիստ կարևոր է նաև Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության մասին բարձրաձայնել միջազգային շրջանակներում և առաջին հերթին դիմել ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ ՄԱԿ-ի անդամ Հայաստանի Հանրապետության դեմ մեկ այլ անդամ երկրի՝ Ադրբեջանի նախահարձակ գործողությունները դատապարտելու ու կարգի հրավիրելու պահանջով:

ՌԱԿ Կենտրոնական վարչությունը սգում է զոհված հայ զինծառայողների կորուստը և կիսում նրանց ընտանիքների ու հարազատների ցավը:

 

ՌԱԿ Կենտրոնական վարչություն

Երեւան, 29 դեկտեմբեր 2016 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031