Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն այսուհետ ևս շարունակելու է խրախուսել մարզական բարձր ցուցանիշների հասած մարզիկներին

Դեկտեմբեր 29,2016 17:57

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հայտարարությունը

Հետևելով վերջին օրերին հանրության ուշադրության կենտրոնում հայտնված 2016 թվականին մարզական բարձր ցուցանիշների հասած ՀՀ մարզիկների պարգևատրման արարողության շուրջ ծավալված բուռն քննարկումներին, որոնցում շատ դեպքերում այն հանիրավի նույնացվում է հասարակական կազմակերպության կողմից անցկացվող 10 լավագույն մարզիկների մրցույթի հետ և մտահոգված լինելով տարաբնույթ արձագանքներով՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ցանկանալով ընդառաջ գնալ մարզասեր ողջ հանրությանը, հայտարարում է, որ սկսելու է քննարկումներ խնդրո առարկայի շուրջ շահագրգիռ կազմակերպությունների, ոլորտի փորձագետների, մասնագետների հետ:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն այսուհետ ևս շարունակելու է խրախուսել մարզական բարձր ցուցանիշների հասած մարզիկներին՝ համաձայն ՀՀ կառավարության 5 նոյեմբերի 2015 թվականի N 1282-Ն որոշման: Հասկանալով, սակայն, համայն հայության մարզական ներուժի գնահատման և այդ գործընթացներում ողջ հայությանը մասնակից դարձնելու (ձայնը, կարծիքը լսելի դարձնելու) հնարավորության ստեղծման հրամայականը՝ նախարարությունը կարծում է, որ այլևս անհրաժեշտություն է Հայաստան, Արցախ, սփյուռք եռամիասնության նախընտրությամբ որոշելու «Տարվա լավագույն հայ մարզիկ» անվանակարգի հաղթողին (տիտղոսակրին)՝ միարժեքորեն որպես չափանիշ դիտարկելով հայ ժողովրդի այն արժանի զավակներին, որոնք հայ ինքնության արժանապատիվ կրողը լինելով՝ նպաստում են (ծառայում են) այդ ինքնության ճանաչմանը, մեր հայրենիքի ըստ արժանվույն ներկայացմանը աշխարհին:
Սա է այն տեսլականը, որի շուրջ ուզում ենք քննարկումներ ծավալել հանրության տարբեր շերտերի, ոլորտի մասնագետների, փորձագետների լայն շրջանակների հետ՝ նպատակ ունենալով 2017 թվականին արդեն ստեղծելու հայ ինքնության և Հայաստանի ճանաչելիության տարածման, մեր արժեքների հանրահռչակման մարզական դեսպանի ընտրության տարակարծություններից, թյուրըմբռնումներից հնարավորինս զերծ համակարգ:

Լիահույս ենք, որ մեզ կհաջողվի այս գաղափարի և այն իրագործելու համար մեր կողմից որպես նախնական ձևաչափ առաջարկվող տարբերակի շուրջ համախմբել համայն մարզասեր հայությանը, ի մի բերել բոլոր կարծիքները:
Հաշվի առնելով խնդրի հանրային մեծ հնչեղությունը՝ ակնկալում ենք բոլոր շահագրգիռ կողմերի համագործակցությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031