Դեկտեմբերի 29-ին խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ ԼՂՀ Ազգային ժողովը գումարել է 4-րդ նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստը:
Բացելով նիստը՝ Աշոտ Ղուլյանը անդրադարձել է նախորդ օրվա միջոցառումներին, որոնցով արժևորվել է անկախ Արցախի առաջին խորհրդարանական ընտրությունների 25-րդ տարեդարձը և շնորհավորել բոլորին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:
Անցնելով օրենսդրական հարցերին՝ խորհրդարանը քննարկել և ընդունել է «Զբաղվածության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը:
Օրակարգային մյուս, թերևս գլխավոր հարցը՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը, պատգամավորներին է ներկայացրել ԼՂՀ նախագահի ներկայացուցիչ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Արարատ Դանիելյանը:
Հիշեցնենք, որ Նախագահի կողմից նախագիծը խորհրդարանին էր ներկայացվել դեկտեմբերի 15-ին:
Զեկուցողն առաջարկել է հարցի քննարկման հատուկ ընթացակարգ, որը, կանոնակարգի համաձայն, ընդունվել է առանց քննարկման: Նա հանգամանորեն ներկայացրել է Սահմանադրության նախագծի բոլոր գլուխներն ու հոդվածները և պատասխանել պատգամավորների առաջադրած հարցերին և առաջարկություններին:
Սահմանադրության նախագծի մասին հարակից զեկույցով հանդես է եկել պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արսեն Առուստամյանը:
Ընդմիջելով Սահմանադրության նախագծի քննարկումներն Ազգային ժողովում՝ խորհրդարանի ղեկավարը կոչ է արել պատգամավորներին ու խմբակցություններին ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնց մասնագիտական հանձնաժողովը կանդրադառնա գալիք տարվա հունվարին:
Նիստի ավարտին Աշոտ Ղուլյանը ներկայացրել է նստաշրջանի ընթացքում խորհրդարանի կատարած աշխատանքի համառոտ նկարագիրը և շնորհակալություն հայտնել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներին՝ հետևողական աշխատանքի համար:
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ