Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 29-ին ԼՂՀ վարչապետի հուշամեդալով ու պատվոգրով պարգևատրել է Արցախում գործող երիտասարդական-հասարակական դաշտում գործունեություն ծավալած մի խումբ գործիչների:
Վարչապետն իր խոսքում կարևորել է պարգևատրվողների ներդրումը Արցախի քաղաքացիական հասարակության զարգացման գործում և շեշտադրել, որ նման հանդիպման անհրաժեշտություն վաղուց է եղել, քանի որ կարիք կար գնահատելու հասարակական-երիտասարդական դաշտում ակտիվ գործիչների աշխատանքը:
«Համոզված եմ, որ ձեզանից շատերը հետագայում մեծ հաջողությունների են հասնելու և ստանալու են ավելի բարձր պարգևներ հայրենիքին մատուցած ծառայությունների համար, սակայն, վստահ եմ, երիտասարդական դաշտում ձեր ունեցած ներդրման համար այսօրվա գնահատականը միշտ էլ առանձին հպարտանալու առիթ է լինելու: Ցավով պետք է նշենք, որ այսօր ՀՀ սահմանի հանդեպ հակառակորդի ոտնձգության հետևանքով երեք կորուստ ենք ունեցել: Ցավակցենք հայրենիքի համար ընկած մեր այդ պաշտպանների ընտանիքներին և մեր ամենօրյա աշխատանքով հարգենք նրանց հիշատակը»,- ասել է վարչապետը և հավելել, որ դա հայերի ճակատագիրն է՝ մի կողմից՝ հայրենիքի պաշտպանության պայքար, մյուս կողմից՝ հայրենիքի շենացմանն ու զարգացմանն ուղղված ջանքեր:
Վերջում վարչապետը շնորհավորել է հանդիպման մասնակիցներին Ամանորի ու Սուրբ Ծննդի տոների կապակցությամբ՝ մաղթելով նրանց նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ՝ հանուն հայոց հայրենիքի խաղաղության ու զարգացման:
Կարդացեք նաև
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին