2016 թվականի դեկտեմբերի 29-ի առավոտյան Ադրբեջանը Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ և մարտի բռնվել ՀՀ Զինված ուժերի հետ: Արդյունքում հայկական կողմը առնվազն 3 զոհ է տվել։
Ադրբեջանը, այսպիսով, հարձակում է իրականացրել ՀՀ պետական սահմանների վրա, ինչը նշանակում է, որ սրան պետք է հետևի Հայաստանի ռազմավարական դաշնակիցների՝ Ռուսաստանի և ՀԱՊԿ անդամ մյուս երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի արձագանքը։ Հոդվածի պատրաստման պահին, սակայն, ՀՀ դաշնակիցների կողմից այդպիսի քայլեր չկային, թեև հարձակումն ուղղված էր ՀԱՊԿ սահմաններին:
Չանդրադառնալով ՀԱՊԿ և մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից սպասվելիք գործողություններին կամ դրանց հնարավոր բացակայությանը, նկատենք, որ Ադրբեջանի այս սադրանքին նախորդել են մի շարք ուշագրավ իրադարձություններ։
Իսկանդերներն ու դրանց էֆեկտը
Կարդացեք նաև
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրվեցին Ռուսաստանից ձեռք բերված «Իսկանդեր» հրթիռային համակարգերը։ Հայտարարվեց, որ դրանց միջոցով տարածաշրջանում պահպանվում է ուժերի հավասարակշռությունը և որ այդ սպառազինությամբ Հայաստանը զսպող առավելություն է ստանում Ադրբեջանի նկատմամբ։
Դեկտեմբերի 15-ին, սակայն, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը աշխատանքային այցով մեկնել էր Բաքու՝ ուշագրավ առաքելությամբ։ Ռոգոզինը, ըստ այդմ, Բաքվում բացատրություններ էր տվել՝ կապված հայկական «Իսկանդերների» հետ և ըստ մամուլի հրապարակումների՝ նաև երաշխավորել, որ դրանք չեն օգտագործվելու Ադրբեջանի դեմ։
Պառակտում ՀԱՊԿ-ում
Դեկտեմբերի 26-ին Սանկտ-Պետերբուրգում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովը ցույց տվեց, որ այդ կառույցում առկա են խորը խնդիրներ, որոնք ուղղակի հարվածում են Հայաստանի շահերին։ 2015 թվականի դեկտեմբերից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է նշանակվի Հայաստանի ներկայացուցիչ։ 2015-ին այդ հարցը հետաձգվել էր՝ կապված ռուս-թուրքական լարված հարաբերությունների հետ։
2016-ի հոկտեմբերին՝ ՀԱՊԿ երևանյան գագաթաժողովի ժամանակ, նույնպես բարձրացվել էր այդ հարցը։ Նշանակումը, սակայն, տեղի չունեցավ, քանի որ իբր հիվանդության պատճառով Հայաստան չէր ժամանել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որը հայտնի է իր պրո-ադրբեջանական դիրքորոշմամբ։ Պետերբուրգյան գագաթաժողովի օրակարգում ևս առկա էր Հայաստանի ներկայացուցչի նշանակման հարցը, ինչը, սակայն, այս անգամ էլ լուծում չստացավ՝ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայության պատճառով (նկատենք, որ Լուկաշենկոն նոյեմբերի վերջին այցելել էր Ադրբեջան, որտեղ ջերմագույն ընդունելության էր արժանացել)։
Համադրելով այս ամենը՝ կարելի է վստահությամբ փաստել, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցչի նշանակումը տապալվում է ՀՀ պայմանագրային դաշնակիցների կողմից, որոնք հանդես են գալիս ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշումներով։
Միացյալ զորախումբ և ՀՕՊ
Վերջին մի քանի ամիսների ընթացքում ակտիվորեն ընթանում է Հայաստանում ռուսական 102-րդ բազայի և ՀՀ ԶՈՒ 5-րդ կորպուսի հիման վրա միացյալ զորախմբի ստեղծման գործընթացը։ Հայտարարվում է, որ սրանով Հայաստանն անվտանգության լրացուցիչ երաշխիքներ է ստանալու և, որ Ռուսաստանը էլ ավելի «ջանասիրաբար» է զբաղվելու ՀՀ անվտանգությամբ։
Սրանից վաղ էլ, ինչպես հայտնի է, ՀՀ-ն և ՌԴ-ն ստորագրել էին միացյալ հակաօդային պաշտպանության համակարգ ունենալու մասին պայմանագիր, որը ևս պետք է ծառայի Հայաստանի անվտանգության ապահովմանը։
Սակայն ․․․
Սակայն Ադրբեջանի վերջին դիվերսիան ուղղակիորեն ցույց է տալիս, որ Բաքուն լիովին թքած ունի և ՀԱՊԿ-ի, և միացյալ զորախմբի, և ՀՕՊ-ի, և Հայաստանի դաշնակիցների վրա։
Ադրբեջանի այս դիրքորոշումը, պետք է նկատել, անհիմն չէ, քանի որ ինչպես ցույց է տվել փորձը, Բաքուն կարող է իրեն թույլ տալ հարձակվել պաշտպանական դաշինքի անդամ հանդիսացող պետության վրա՝ վստահ լինելով, որ այդ երկրի դաշնակիցները անխոնջ լռություն կպահպանեն։
Դժվար է պատկերացնել մի դեպք, երբ որևէ մի երկիր համարձակվի հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ պետության վրա։ Դա առնվազն «վախենալու» է, քանի որ ՆԱՏՕ-ի արձագանքը բավականին «դաժան» կլինի: Իսկ ՀԱՊԿ-ի դեպքում, ստացվում է, որ հեչ էլ վախենալու չէ։ Պաշտպանական դաշինքի անդամ երկիր Հայաստանը մշտապես ստիպված է լինում միայնակ հակազդել, պաշտպանվել, պատժել և «վախեցնել» իր հակառակորդին և հետևապես հարց է առաջանում այդ դաշինքին՝ Հայաստանի անդամակցության նպատակահարմարության վերաբերյալ: Առավելևս, որ այդ դաշինքի սահմաններում Հայաստանը երբեմն ստիպված է լինում միանալ հայտարարությունների, որոնք չեն բխում ՀՀ շահերից:
Ավելի ուշ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդես եկավ հետևայլ հայտարարությամբ․ «ՀԱՊԿ քարտուղարությունը խիստ մտահոգությամբ է ընդունել տեղեկությունը Հայաստանի Հանրապետության Չինարի գյուղի մոտակայքում տեղի ունեցած զինված միջադեպի առնչությամբ: ՀԱՊԿ անդամ պետության տարածքում այս գործողությունները դիտարկում ենք որպես սադրանք, մասնավորապես այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղում բավականին ծանր միջադեպի ֆոնին, որի ժամանակ կիրառվեց ծանր զրահատեխնիկա»:
Այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ ՀԱՊԿ-ը, հանդես գալով պաշտոնական հայտարարությամբ, այնուամենայնիվ, չի դատապարտում Բաքվին տեղի ունեցածի համար և սահմանափակվում է բավականին լղոզված եզրերով։ Բորդյուժան իր հայտարարության մեջ չի նշում ՀՀ-ին աջակցելու մասին, չի մեղադրում Բաքվին և միայն «անհանգստություն» է հայտնում։
Հիշեցնենք, որ վերջերս «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հրապարակեց տեսանյութ ՀԱՊԿ-ի ու Հայաստանի անվտանգության մասին։
Վահե Ղուկասյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»