Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Ժառանգության»՝ իշխանափոխության մանիֆեստի առաջարկը

Դեկտեմբեր 29,2016 16:20

Լինելով ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության համախմբման եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին առավելագույնս լայն դաշինքով գնալու ջատագով քաղաքական ուժ՝  «Ժառանգությունը» գտնում է, որ նշված ընտրություններին Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի կողմից ղեկավարվող ապօրինի իշխանությունից Հայաստանն ազատելու նպատակով ընդդիմադիր ուժերի որեւէ դաշինքի հասնելու համար անհրաժեշտ է քննարկել եւ համաձայնության գալ հետեւյալ դրույթների շուրջ.

  1. Հավանական նախընտրական դաշինք կազմող ուժերը ընտրությունները հաղթելուց հետո ձեւավորելիք ազգային համաձայնության կառավարության կազմում բացառում են ՀՀԿ-ից որեւէ ներկայացուցչի ընդգրկումը:
  2. Ազգային համաձայնության կառավարությունը երկամյա ժամկետում հանրության դատին է ներկայացնում նոր սահմանադրության մեկ կամ երկու տարբերակ, ապա դնում այն հանրաքվեի: Սահմանադրության ընդունումից հետո եռամսյա ժամկետում ընդունում է Ընտրական եւ Կուսակցությունների մասին նոր օրենքները, որից հետո մեկամյա ժամկետում նշանակում համապետական (խորհրդարանական եւ/կամ նախագահական՝ կախված նոր սահմանադրության պահանջներից) ընտրություններ:
  3. Մինչեւ 2020 թվականին նոր իշխանության ձեւավորումը Ազգային համաձայնության կառավարությունը իրականացնում է արմատական ժողովրդավարական համակարգային բարեփոխումներ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման համակարգում, իրավապահ եւ արդարադատության, սոցիալական, հարկա-մաքսային, ֆինանսա-տնտեսական, կրթական ոլորտներում, գործուն ջանքեր մղում կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ, ապահովում հավասար մրցակցային պայմաններ տնտեսվարողների համար, երաշխավորում ներքին եւ արտաքին ներդրումների իրավական պաշտպանությունը, խրախուսում տնտեսության մեջ ներդրումների ներգրավվումը:
  4. Նոր ձեւավորած իշխանությունը անհապաղ ազատ է արձակում բոլոր քաղբանտարկյալներին եւ խղճի բանտարկյալներին, ապահովում է օրինական նախաքննություն եւ արդար դատավարություն Սասնա Ծռերի նկատմամբ, նրանց բացարձակ մեծամասնության համար կիրառելով խաբանման այլ միջոցներ՝ գրավից մինչեւ ստորագրություն երկրից չբացակայելու վերաբերյալ:
  5. Երաշխավորում է խոսքի ազատությունը, ապահովում է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցությունը, հաստատում է իր գործունեության հանդեպ քաղաքացիական հասարակության վերահսկողական եւ մշտադիտարկային գործառույթները:
  6. Վերաձեւակերպում է իր հարաբերություները բոլոր գերտերությունների հետ՝ ինքնիշխան պետությանը հարիր չափանիշներին համապատասխան:
  7. Հռչակում եւ վարում է հայրենադարձության եւ ներգաղթի քաղաքականություն, ապահովում դրա համար անհրաժեշտ իրավական, տնտեսական եւ բարոյա- հոգեբանական հիմքերը:
  8. Հնարավոր առավելագույն չափով երաշխավորում է Հայաստան-Արցախի արտաքին եւ ներքին անվտանգության բոլոր բաղադրիչները:
  9. Բացառում է Արցախի հարցում առանց Արցախի Հանրապետության համաձայնության որեւէ զիջում Ադրբեջանին, ինչպեսեւ որեւէ փուլային լուծման տարբերակ, որում առաջին փուլով Ադրբեջանի կողմից չի ճանաչվելու Արցախի անկախությունը: Գործադրում է առավելագույն ջանքեր ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում Արցախի Հանրապետության լիարժեք մասնակցությունը վերականգնելու նպատակով։

Առայժմ չբացառելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության որեւէ, այդ թվում առանձին ցուցակով գնալու, ձեւաչափ, «Ժառանգությունն», այդուհանդերձ շարունակում է իր բոլոր ջանքերը գործադրել ընդդիմադիր հնարավորինս լայն դաշինքի ձեւավորման ուղղությամբ՝ տեսնելով դրանում երկրում իրավիճակ փոխելու եւ իշխանափոխություն իրականացնելու հնարավորություն:

 «Ժառանգություն»  կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031