Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարար ծրագրերի գնահատման համար կսահմանվեն առավել կարճ ժամկետներ

Դեկտեմբեր 29,2016 15:55

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի զարգացման» հայեցակարգին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակագային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի զարգացման» հայեցակարգին, որի հիմնական նպատակն է ամրագրել ՀՀ կառավարության տեսլականը հիդրոէներգետիկայի ոլորտի զարգացման համար: Մասնավորապես, կամրագրվի  ՓՀԷԿ-երում տեղադրվող սարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջների ապահովման հարցը,   «Մեղրի»,  «Լոռիբերդ» և «Շնող» ՀԷԿ-երի կառուցման ապահովման հետագա ընթացքի տեսլականը և հիդրոակումուլիացիոն կայանի տեղակայման անհրաժեշտության որոշակիացումը: Հայեցակարգը նոր խթան կհանդիսանա ներդրումներ ներգրավելու համար, քանի որ նախատեսվում է ընդունել հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկ, որտեղ կամրագրվեն հստակ միջոցառումներ ներդրումներն ավելի բարենպաստ դարձնելու նպատակով, ինչն իր հերթին կբերի ՀՀ էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման աստիճանի բարձրացման: Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Կարեն Կարապետյանը կարևորել է 300 մեգաՎատտ հզորությամբ «Մեղրի»,  «Լոռիբերդ» և «Շնող» ՀԷԿ-երի կառուցման աշխատանքներն օր առաջ սկսելու, ներդրողների հետ աշխատելու անհրաժեշտությունը՝   էներգետիկ անվտանգության  ապահովման առումով:

Գործադիրի որոշմամբ հավանություն է տրվել նաև «Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրին, որի հիմնական նպատակն արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակով ներդրումներ ներգրավելն է: Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման համար ընտրված տեղանքներից երկուսի համար «Արիես ինժեներիա» խորհրդատվական իսպանական ընկերությունն արդեն իրականացրել և ներկայացրել է տեխնիկատնտեսական հիմնավորումներ, իսկ չորս տեղանքների համար էլ նախապատրաստվում են: Ծրագրի  իրականացումն ուղղված է ՀՀ-ում արևային էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության և դրա իրագործման մեխանիզմների ապահովմանը` ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացմանը, տնտեսական և էներգետիկ անկախության ամրապնդմանը, տնտեսական և էներգետիկ անվտանգությանը, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանը, էներգախնայողությունը և վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր արտադրությունների ստեղծմանը և ծառայությունների կազմակերպմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցությունների նվազեցմանը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ընդգծել է, որ նախատեսվող կայանների համար կազմակերպվող մրցույթներն առավել արդյունավետ դարձնելու համար նախարարությունը նախատեսում է հունվարի վերջին անցկացնել հնարավոր ներդրողների ֆորում, որտեղ կքննարկվեն ներդրումների ներգրավման հնարավորությունները և հավանականությունները:      Կարևորելով նախարարության ներկայացրած ծրագրերը՝ գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ դրանք նախատեսում են մոտ  400-500 մլն ԱՄՆ դոլար ներդրումային փաթեթ: Վարչապետը նշել է նաև, որ հունվարի առաջին տասնօրյակից սկսած ամփոփվելու են նախարարությունների, գերատեսչությունների հաշվետվությունները, ինչպես նաև ամրագրվելու են 2017թ. անելիքները՝ հատկանշելով յուրաքանչյուր գերատեսչության մասով  ներդրումների վերաբերյալ կանխատեսումները: «Այդ իսկ պատճառով ևս մեկ անգամ հիշեցնում եմ՝ պատրաստվենք, որպեսզի այդ օրն առարկայական խոսենք»,-նշել է կառավարության ղեկավարը:   

Կբարձրանա Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հանրային հաշվետվողականությունը և գործունեության թափանցիկությունը

2015թ.-ին ընդունված համապատասխան  որոշմամբ սահմանվել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը:  Մասնավորապես, սահմանվել է, որ խորհրդի կազմում ընդգրկվում են նաև 2 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սակայն խորհրդի ստեղծման պահից դեռևս ոչ մի հասարակական կազմակերպություն չի անդամակցել վերջինիս: Չանդամակցելու պատճառներ են հանդիսանում հասարակական կազմակերպություններին ներկայացվող խիստ չափանիշները, հասարակական կազմակերպությունների թվաքանակի հետ կապված խնդիրները: Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ կառավարությունը փոփոխություններ է կատարել 2015թ. որոշման մեջ: Նախատեսվում է  ներգրավել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առավել մեծ թիվ, այդ թվում՝  մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Առաջարկվում է նաև մեղմացնել 2015թ. որոշմամբ սահմանված հասարակական կազմակերպություններին ներկայացվող չափանիշները: Արդյունքում կբարձրանա Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հանրային հաշվետվողականությունը և գործունեության թափանցիկությունը, կապահովվի հասարակական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունն, ինչն իր հերթին կհանգեցնի խորհրդի գործունեության արդյունավետությանը:

Գործարար ծրագրերի գնահատման համար կսահմանվեն առավել կարճ ժամկետներ

Ազատ տնտեսական գոտիների գործունեությունը կարգավորող իրավական դաշտի կատարելագործման նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:  Համապատասխան որոշումը մշակվել է՝ հիմք ընդունելով գործարարների մտահոգություննները,  մասնավոր հատվածից ստացված առաջարկությունները, որոնց համաձայն՝ անհրաժեշտ է կրճատել հայտատուների ներկայացրած գործարար ծրագրերի գնահատման ժամկետները: Որոշման նպատակն է   աջակցել բիզնես միջավայրի զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացմանը, պետության կողմից քաղաքացիներին և բիզնես միավորներին մատուցվող ծառայությունների բարելավմանն ու պարզեցմանը:  Մասնավորապես,  լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում այն էլեկտրոնային եղանակով ուղարկում է հանձնաժողովի անդամներին: Հանձնաժողովի անդամները հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են ներկայացված փաստաթղթերը՝ ելնելով կարգով սահմանված չափանիշներից և ներկայացնում են հայտի վերաբերյալ գնահատական: Հանձնաժողովի գնահատած հայտը և համապատասխան եզրակացությունը լիազոր մարմինը ներկայացնում է ՀՀ կառավարություն` քննարկման ոչ ուշ, քան հայտն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Տարբերակված մոտեցում՝ առավելապես բարձր ռիսկայնություն ունեցող կազմակերպություններում ստուգումների անցկացման համար

Կառավարությունը հաստատել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների  նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի  կողմից ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը: Այսպիսով, նորաստեղծ տեսչական մարմինը կունենա բավարար հնարավորություններ հանրապետությունում  ըստ գնահատված ռիսկի վերահսկվող կազմակերպությունների նկատմամբ տարբերակված մոտեցում ցուցաբերելու և առավելապես բարձր ռիսկայնություն ունեցող կազմակերպություններում ստուգումների անցկացման համար: Արդյունքում տեսչական մարմնի  ներուժն առավել արդյունավետ կօգտագործվի օրենքով սահմանված լիազորությունների իրականացման առումով, հետևաբար, իրատեսական նոր հիմքեր կստեղծվեն տնտեսվարող սուբյեկտների կողմից ոլորտում օրենսդրության հնարավոր խախտումների բացահայտման և կանխարգելման համար:  Նախարարության շուկայի  վերահսկողության  տեսչական մարմնի ռիսկերի վրա հիմնված ստուգումների համակարգի ներդրումը թույլ կտա շուկայի վերահսկողության տեսչական մարմնին ռեսուրսներն առավելապես և արդյունավետ կերպով նպատակաուղղել դեպի պետական վերահսկողության ենթակա այն կազմակերպությունները (գնահատվող օբյեկտներ), որոնք աշխատանքային հարաբերությունների տեսանկյունից առավել ռիսկային են:

Գործադիրն ընդունել է «ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշում, որով առաջարկվում է սահմանել «ՀՀ 2017թ.  պետբյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված ֆինանսական ցուցանիշների եռամսյակային համամասնությունները և այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ կլինեն իրականացնել տարվա ընթացքում բյուջեի կատարումն ապահովելու նպատակով: Կարևորելով  փաստաթուղթը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ հստակ  ձևակերպված հայտանիշերը կբարձրացնեն ֆինանսական կարգապահությունը, և յուրաքանչյուր սուբյեկտ կհասկանա  իր հնարավություններն ու անելիքները:   

Օպտիմալացում, կրճատում, ֆինանսական միջոցների տնտեսում

Կառավարության որոշմամբ կլուծարվի ՀՀ ֆինանսների նախարարության «Ուսուցման կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ պայմանավորված պետական կառավարման ապարատի օպտիմալացման, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից պետական կառավարման մարմնին հատկացվող միջոցների նվազեցման անհրաժեշտությամբ: Կենտրոնն ունի 19 հաստիքային միավոր, և վերջինիս տարեկան պահպանման ծախսերը կազմում են շուրջ 110 մլն ՀՀ դրամ: Կենտրոնի  գործառույթները նախարարությունը կիրականացնի այլ կազմակերպությունների միջոցով՝ տնտեսելով հատկացվող միջոցները, որոնք հետագայում կուղղվեն պետբյուջե:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումները վերակազմակերպելու,  հաստիքները կրճատելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Որոշմամբ նախատեսվող  կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կկրճատվեն հաստիքային միավորներ և կհստակեցվեն նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները, ինչի արդյունքում ակնկալվում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից կատարվող աշխատանքների արդյունավետության պահպանում ավելի քիչ ռեսուրսներով: Որոշման ընդունումը փոփոխություններ կառաջացնի պետբյուջեում՝ ծախսերի նվազեցման մասով:

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես, համապատասխան լրացումներ և փոփոխություններ կկատարվեն ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության գործառույթներում: Նախարարության և դրա ենթակա կազմակերպությունների օպտիմալացման արդյունքում  հաստիքները կկրճատվեն 293-ով կամ 23 տոկոսով, կկրճատվեն նաև 30 միավոր տրանսպորտային միջոցներ: Արդյունքում 2017թ. կտնտեսվի մոտ 740 մլն ՀՀ դրամ:

ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի որոշ նմանատիպ գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների գործունեությունն առավել  արդյունավետ կազմակերպելու, մարզպետարանի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացմանը քաղաքացիական հասարակության մասնակցությունն ապահովելու և պետական ապարատի օպտիմալացման անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Մասնավորապես, նախատեսվում է լուծարել մարզպետարանի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ ստեղծելով մարզպետի մամուլի քարտուղարի հաստիք: Օպտիմալացման շրջանակում նախատեսվում է կրճատել նաև 1 փոխմարզպետի հաստիք: Այսպիսով, որոշմամբ առաջարկվում է իրականացնել կառուցվածքային փոփոխություններ, ինչի արդյունքում նախատեսվում է մարզպետարանին հատկացված հաստիքների մոտ 15-20 տոկոսով կրճատում:

Գործադիրի որոշմամբ առաջարկվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմին ամրացված 11 միավոր տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին՝ հետագայում ՀՀ կառավարության սահմանած կարգով օտարելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ այդ ծառայողական մարդատար ավտոմեքենաները գտնվում են սարքին վիճակում, սակայն դրանց շահագործումը նպատակահարմար չէ,  քանի որ պահանջում է լրացուցիչ ծախս` վառելիք, վերանորոգում և այլն:

Կմիաձուլվեն «Փոքր Մհեր» կրթահամալիրը և Ապարանի ռազմամարզական վարժարանը

Կառավարությունն ընդունել է «Փոքր Մհեր» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի Նուբարաշենի մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու, «Փոքր Մհեր» կրթահամալիր» և «Ապարանի ռազմամարզական վարժարան» ՊՈԱԿ-ները միաձուլման ձևով «Նուբարաշենի մասնագիտացված դպրոց» ՊՈԱԿ վերակազմակերպելու մասին» որոշում՝ կրթության ոլորտում գործող ՊՈԱԿ-ների թվաքանակի կրճատման և դրանց գործունեության օպտիմալացման նպատակով: Վերակազմակերպման արդյունքում կրթահամալիրի Նուբարաշենի մասնաճյուղի հենքի վրա կստեղծվի հանրակրթական հիմնական մասնագիտացված ծրագրեր իրականացնող ՊՈԱԿ, որի գործունեության առարկան հանրակրթական հիմնական (1-9-րդ դասարաններ) ծրագրերի իրականացումն է: Մասնագիտացված դպրոցի նպատակը ծրագրերին համապատասխան սովորողների դաստիարակության ապահովումն է, մասնագիտացված կրթություն ստանալու համար պայմանների ստեղծումը:  ՊՈԱԿ-ների միաձուլման արդյունքում կապահովվի դրանց գործունեության արդյունավետության բարձրացումը և պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործումը:

Գործադիրը հաստատել է նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում Արմեն Մուրադյանի ընտրության արդյունքները:

Աջակցություն կստանա ներդրումային հերթական ծրագիրը

Կառավարությունը թույլատրել է «Արմենիա վայն» գործարան ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ներմուծվող հումքերն ու նյութերն ընկերությունն օգտագործելու է գինու և կոնյակի արտադրության համար։ Դրանք չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերությանն անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին։ Արտոնությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես արդյունք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Կապահովվի պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կիրառման արդյունավետության բարձրացումը

Հավանության է արժանացել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ 2016. մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերի ընդունման դեպքում կապահովվի պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կիրառման արդյունավետության բարձրացումը: Մասնավորապես, կհստակեցվեն պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի և անկախ հանձնաժողովի գործառույթները՝ բացառելով նույնաբնույթ գործառույթների իրականացումը,    կսահմանվեն հստակ չափանիշներ, որոնք կդրվեն և՛ անկախ հանձնաժողովի, և՛ դատարանի պատճառաբանված որոշումների հիմքում, դատապարտյալն իրավունք կունենա մասնակցելու իրեն վերաբերող որոշումների կայացմանը և իրականացնելու համապատասխան պաշտպանություն, այդ թվում՝ բողոքարկելով անկախ հանձնաժողովի որոշումները:

Գործադիրը հավանություն է տվել  «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին»,  «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերի նպատակը բանկային, ապահովագրական համակարգերի  կարգավորման և վերահսկողության դաշտի համապատասխանեցումն է միջազգային պահանջներին:  Մասնավորապես, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում նախատեսվում է Պարտավորության և եկամտի հարաբերակցության (DTI) և Պահանջի և գրավի (LTV) հարաբերակցության  առավելագույն չափերի սահմանում: «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում նախատեսվում է «Համակարգային նշանակություն ունեցող ապահովագրական ընկերություն» հասկացության սահմանում և վերջիններիս նկատմամբ ավելի խիստ հիմնական տնտեսական նորմատիվների սահմանման հնարավորություն, ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության սահմանման փոփոխություն, ներքին աուդիտի, արտաքին աուդիտի և պատասխանատու ակտուարի պաշտպանության մեխանիզմների ներդնում, կյանքի ապահովագրության պորտֆելի փոխանցման դեպքում ապահովադիրների առարկությունների ներկայացման ընթացակարգի ներդնում և այլն: Նախատեսվում է նաև ապահովագրության պայմանագրերի կնքման, փոփոխության, պայմանագրերի սպասարկման գործընթացի նկատմամբ լրացուցիչ պահանջների սահմանման հնարավորություն. սպառողների շահերի առավելագույն պաշտպանվածության, ինչպես նաև ապահովագրական խարդախությունների կանխարգելման նպատակով ԿԲ-ին իրավասություն է տրվել սահմանել ապահովագրության պայմանագրերի կնքման, փոփոխության, պայմանագրերի սպասարկման գործընթացի նկատմամբ, ինչպես նաև ապահովագրական միջնորդների և նրանց գործունեության նկատմամբ: Կարեն Կարապետյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվել է, թե արդյոք անընդհատ նվազեցնելու են վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Ի պատասխան ԿԲ նախագահը նշել է, որ եթե դրա կարիքը լինի՝ կնվազեցնեն: Հիշեցնենք, որ 2016 թ. դեկտեմբերի 27-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.25 տոկոս:

Կառավարությունը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի, Վահե Հովհաննիսյանի և Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծով առաջարկվում է աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման պահանջներում սահմանել կազմակերպության կողմից երկու աշխատող որակավորված աուդիտոր ունենալու պահանջ՝ ներկայումս գործող հինգ աշխատող որակավորված աուդիտոր ունենալու պահանջի փոխարեն: Կառավարության եզրակացության համաձայն՝ հինգ որակավորված աուդիտոր աշխատակից ունենալու պահանջ սահմանելու դրույթն առաջադրվել է՝ հաշվի առնելով աուդիտորական ծառայությունների առանձնահատուկ բնույթը տարբեր ոլորտների հետ առնչվելու և աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը, ինչպես նաև այդ ոլորտներում մասնագիտական բազմակողմանի գիտելիքներ ունեցող մասնագետներ պահանջվելու հանգամանքը: Այսինքն, փոփոխության նպատակն ի սկզբանե եղել է մատուցվող աուդիտորական ծառայությունների որակի բարձրացումը: Այդուհանդերձ, գործնականում հինգ աշխատող աուդիտոր ունենալու իրավական պահանջը դժվարություններ է առաջացրել աուդիտորական ընկերությունների մոտ: Ներկայումս ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակում է աուդիտորական գործունեության ոլորտի կարգավորման նոր օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում է ներդնել աուդիտորական ծառայությունների որակի նկատմամբ վերահսկողության արդյունավետ համակարգ, վերանայել աուդիտորական կազմակերպությունների լիցենզավորման գործընթացը՝ աուդիտորական կազմակերպությունների ռեեստր ներդնելու միջոցով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում փոփոխել աուդիտորների պահանջվող նվազագույն թվաքանակը: Կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի ընդունումը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ առաջադրված օրենսդրական փոփոխության համար բավարար հիմնավորումներ չեն ներկայացվել:

Երկարաձգվել է էլեկտրոնային կշեռքների կենտրոնացված համակարգի տեղադրման ծառայությունների մատուցման ժամկետը

Կառավարության որոշմամբ առաջարկվել է կնքված՝ էլեկտրոնային կշեռքների կենտրոնացված համակարգի տեղադրման ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված ժամկետը երկարաձգել.  2017թ. հունվարի 11-ի փոխարեն սահմանվել է մինչև 2017թ. ապրիլի 30-ը ներառյալ: Էլեկտրոնային կշեռքների կենտրոնացված համակարգի տեղադրման ծառայությունների մատուցման նոր ժամկետի սահմանումը պայմանավորված է Դիլիջանի ուսումնական կենտրոնում, Բավրա մաքսակետում ընթացող վերակառուցման շինարարական աշխատանքներով:

2016թ. մարտ ամսից Բագրատաշենի մաքսակետում տեղադրված  «Ռապիսկան» մակնիշի ռենտգեն զննող սարքն ապամոնտաժվել է Գոգավան մաքսակետ տեղափոխելու նպատակով: Այդ  պատճառով այս տարվա ընթացքում սարքը չի շահագործվել, և սպասարկման վճարը չի օգտագործվել և տնտեսվել է: Կառավարության որոշմամբ ծրագրով նախատեսված և չծախսված   110.0 մլն ՀՀ դրամը կտեղափոխվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:

Գործադիրն ընդունել է նաև ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշեն մաքսակետի տարածքից «Դյութի ֆրի Հոլդինգ» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին  որոշում: Որոշման ընդունումը կնպաստի հողամասերի օգտագործման արդյունավետության բարձրացմանը, ներդրումների ծավալների և աշխատատեղերի  ստեղծման  բարձրացմանը:

Կպարզեցվի առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրման գործընթացը

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած մի շարք որոշումներում: Համապատասխան որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում քաղաքացիական ավիացիայի արդյունավետ կառավարման համակարգի ներդրման և ոլորտի անխափան գործունեության ապահովման անհրաժեշտությամբ: Արդյունքում ՀՀ ավիացիայի բնագավառի, բացառությամբ ռազմականի, քաղաքականությունը մշակող, ինչպես նաև թռիչքային և ավիացիոն անվտանգության տեխնիկական կարգավորման լրազորված մարմին է ճանաչվում  ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը: Որոշմամբ նախատեսվում է դեպի ՀՀ և ՀՀ-ից կանոնավոր ու երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրամադրման գործընթացի արդիականացում և առցանց համակարգի ներդրում, որի արդյունքում կկրճատվի նախկինում պահանջվող փաստաթղթերի ցանկը և կպարզեցվի թույլտվությունների տրման գործընթացը:   Ի պատասխան վարչապետի հարցմանը, թե քանի ավիաընկերության են դիմել բանակցելու առաջարկով՝ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը տեղեկացրել է, որ դիմել են 40-ից ավելի ավիաընկերությունների՝ հիմնականում Եվրոպայում տեղակայված: «Ներկայում արդեն պատասխան ունենք 3-4 ավիաընկերությունից: Առաջիկայում նախատեսում ենք անցկացնել  տեխնիկական քննարկումներ»,-ասել է Ս. Ավետիսյանը: Կարեն Կարապետյանը հորդորել է հսկողություն սահմանել, քանի որ այդ հարցը չափազանց կարևոր է:

Հանրապետության բոլոր քաղաքներում բացօթյա հրաձգարաններ կկառուցվեն

Կառավարությունը հավանություն է տվել  հրաձգություն մարզաձևի զարգացման հայեցակարգին: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը  վեցամսյա ժամկետում կմշակի և կառավարություն կներկայացնի հայեցակարգից բխող ՀՀ հրաձգություն մարզաձևի զարգացման ռազմավարությունը և  միջոցառումների իրականացման 2018-2024 թթ.  ծրագիրը: Ըստ հիմնավորման՝ հրաձգություն մարզաձևը զարգացնելու և ՀՀ բնակչությանը զենքով ինքնապաշտպանություն սովորեցնելու համար, մասնավորապես,  անհրաժեշտ է հանրապետության բոլոր քաղաքներում 2018-2024թթ. կառուցել բացօթյա հրաձգարաններ: Անհրաժեշտ է նաև առաջիկայում վերանորոգել եղած հրաձգարանները և դրանք ապահովել զենքով ու զինամթերքով: Հրաձգարանների կառուցումը հաջորդող տարիներին  պետք է կրի շարունակական բնույթ: Մարզաձևի զարգացման կարևորագույն նախապայմաններից է  հանրակրթական դպրոցներում,  նախնական,  միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում կրակելու հմտությունների ուսուցանումը նախնական զինվորական պատրաստության դասաժամերին:

Տարեվերջյան նիստի ավարտին Կարեն Կարապետյանը շնորհավորել է բոլորի Նոր տարին և Սուրբ ծնունդը. «Լավ հանգստացեք, լավ եռանդով վերադարձեք, որովհետև 2017 թվականի ռեժիմը լինելու է շատ ավելի ծանր»:   

ՀՀ Կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031