Համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:
Հարձակման արդյունքում սպանվել են երկու շարքային զինծառայող և մեկ սպա: Հարձակումը շարունակվել է նաև ցերեկը ժամը 12-ի դրությամբ, այդ թվում՝ Չինարի գյուղի մերձակայքում:
Ադրբեջանական զինված ուժերի այս արարքն ակնհայտորեն խախտում Է կյանքի իրավունքը պաշտպանող միջազգային բոլոր պահանջները: Խիստ դատապարտման է ենթակա և անթույլատրելի մարդուն, այդ թվում՝ զինվորական ծառայողին կյանքից զրկելն այն պայմաններում, երբ բացակայում է հարձակման որևէ հավանականություն: Խիստ դատապարտելի է ռազմական գործողություն նախաձեռնելը բնակելի գյուղի մոտակայքում և այն էլ առավոտյան ու ցերեկային ժամերի, ինչը իրական է դարձնում գյուղի բնակիչներին վնաս պատճառելու հնարավորությունը և ադրբեջանական զինված ուժերի այդպիսի մտադրությունը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի տարածքային ներկայացուցիչն անհապաղ մեկնել է Տավուշի մարզի Չինարի գյուղ՝ տեղում անմիջականորեն ուսումնասիրելու իրավունքների, այդ թվում՝ կյանքի իրավունքի խախտման հանգամանքները և կատարելու անհրաժեշտ փաստահավաք աշխատանքներ:
Կարդացեք նաև
Փաստահավաք աշխատանքների կատարման արդյունքների հիման վրա կտրվեն հիմնավորված գնահատականներ՝ միջազգային համապատասխան կազմակերպություններին ներկայացնելու նպատակով:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայ զինվորների ծանր կորստյան համար իր ցավակցությունն է հայտնում նրանց հարազատներին:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ