Հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծննդյան ու Աստվածհայտնության տոնը: Այդ առթիվ Ս. Պատարագ կմատուցվի բոլոր եկեղեցիներում: Ս. Պատարագի ավարտին կկատարվի Ջրօրհնեքի կարգ, որը խորհրդանշում է Հորդանան գետում Հիսուս Քրիստոսի մկրտությունը: Ս. Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը կբաժանվի ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի:
Դեռ նախորդ երեկոյից մարդիկ իրար ողջունելու են «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ: Օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի» ավետիսով: Այն հավատացյալներին փոխանցվում է Ճրագալույցի Ս. Պատարագի ավարտին: Ճրագալույց բառը նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, վառել: Այդ օրը եկեղեցում վառված ճրագները մարդիկ տուն են տանում: Վառվող ճրագները խորհրդանշում են բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Մանուկ Հիսուս: Հավատացյալները Քրիստոս Մանուկի Սուրբ Ծննդյան լույսն էլ եկեղեցուց տուն են տանում` հավատալով, որ աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը այդ կերպ հասցնում են իրենց օջախներ:
Հունվարի 7-ը, ինչպես բոլոր տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Այդ օրը Ս. Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Ծննդյան տոնն ամփոփում է հունվարի 13-ին` Հիսուս Քրիստոսի Անվանակոչությամբ: Ըստ ավանդույթի, ծնողները ութ օրական Հիսուսին տարան տաճար` ընծայեցին Աստծուն, անվանակոչեցին ինչպես Գաբրիել հրեշտակապետն էր պատվիրել ու եբրայական օրենքներով թլպատեցին:
Կարդացեք նաև
Սուրբ Ծննդյան տոնից հետո քահանաներն այցելում են հավատացյալների տներ, նրանց են փոխանցում Ս. Ծննդյան Ավետիսն ու տնօրհնեքի կարգ են կատարում:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին