Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն, ծանոթացել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Եվրոպական միության հարևանության ներդրումային ծրագրի շրջանակում մետրոպոլիտենի վերականգնման ծրագրով իրականացված աշխատանքներին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ այցելել է մետրոյի մեքենավարների ուսուցման կենտրոն, որը, ինչպես նշել են պատասխանատուները, տասնամյակներ շարունակ իսկապես երազանք է եղել մետրոպոլիտենի համար: Քաղաքապետին զեկուցվել է, որ մեքենավարների ուսուցման կենտրոնը հնարավորություն է տալիս պատրաստել որակյալ կադրեր, ովքեր հետագայում կհամալրեն մետրոպոլիտենի մեքենավարների շարքերը:
Երևանի քաղաքապետին է ներկայացվել նաև մետրոյի վագոնների լվացման նոր կայանը: Հարկ է նշել, որ մետրոպոլիտենի ստեղծման օրից ի վեր շարժակազմերի լվացումն իրականացվել է ոչ մեքենայացված եղանակով՝ ձեռքով, սակայն այսօր արդեն գործընթացն իրականացվում է ժամանակակից՝ ավտոմատ եղանակով: Մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի երկրորդ փուլի շրջանակում տնտեսումների հաշվին ամբողջությամբ վերանորոգվել ու արդիականացվել է նաև 4 վագոն:
Նոր շարժակազմի առաջին ուղևորներից էր նաև Երևանի քաղաքապետը: Պատասխանատուները նշել են, որ արդիականացված վագոնները ձևավորված են հին ու նոր Երևանի լուսանկարներով: Քաղաքապետը հանձնարարել է տնտեսած գումարների հաշվին շարունակել շարժակազմերի նորացման աշխատանքները: Հանձնարարվել է նաև մշտական հսկողության տակ պահել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Եվրոպական միության հարևանության ներդրումային ծրագրի շրջանակում մետրոպոլիտենում իրականացվող աշխատանքների ընթացքն ու ապահովել ծրագրի պատշաճ և սահմանված ժամկետում իրականացումը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը զրուցել է նաև ուղևորների հետ, լսել մետրոյի սպասարկման որակի և արդյունավետության հետ կապված նրանց դիտարկումները:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարան