Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են քրիստոնյաները հետևում Քրիստոսին և ինչո՞ւ եմ ես քրիստոնյա

Դեկտեմբեր 29,2016 12:20

«Ինչո՞ւ են քրիստոնյաները հետևում Քրիստոսին և ինչո՞ւ եմ ես քրիստոնյա»,-վերջերս հարցրեց մարդկանցից մեկը:

Իմ մարդկային բնությունը, ինչպես և քոնը, սիրելի՛ ընթերցող, ապականված, հիվանդոտ, ժամանակավոր, մեռնող, նեխող ու փտող բնություն է: Այնպես չէ՞: Մենք շատ բաների ենք ձգտում այս կյանքում: Որոնց չենք հասնում, սկսում ենք նեղվել, տառապել ու վերջում դեպրեսիայի մեջ ընկնել, իսկ որոնց հասնում ենք, արագ ձանձրանում ենք ու էլի ընկճվում: Հանգիստ չունի մարդը, եթե իր ցանկությունը կատարվի` նա շուտ ձանձրանում է, եթե չկատարվի`ընկճվում: Ու մի օր մեռնում է այդ մարդը, որովհետև այսպիսի հիվանդ բնության մեջ մշտական կյանք չկա:

Մինչդեռ պետք չէ, որ այսպես լինի: Աշխարհում չկա մի Խոսք, բացի Քրիստոսից, որ խոստանա վերանորոգել այս մարդկային ապականված բնությունը: Քրիստոսը տառապանքով կատարալ դարձրեց մեր այս մարդկային բնությունն (Եբրայեցիս 2:10) ու մեզ այդ կատարյալ, Աստուծո մոտ բարձրացած, բնությունից մի սերմ տվեց մկրտության  ժամանակ, իր Մարմինը… ու պատվիրեց աճեցնել այդ սերմն ու պտղաբեր դարձնել այն:

Այն մարդիկ ովքեր իրենց կյանքում աճեցնում են այդ սերմը, բազում վկայություններ կան և առահավատչյա կա (գարանտիա) 2 Կթ. 1:22-23, Եփես. 1:13, որ դա հարատև կյանքի է հասցնում: Դա լինում է մահից հետո (ցորենի հատիկը մինչև հողի մեջ չընկի ու չմեռնի չի կարող բազում արդյունք տալ  Հովհ. 12:24), բայց մարդիկ կան, որ այդ սերմն այնպես են  աճեցնում իրենց կյանքում, մտածողության այնպիսի ներքին փոփոխություն են ապրում, որ Աստուծո Արքայությունը սկսում են ճաշակել դեռ մահ չտեսած (Մաթ. 16:28):

Աստված մեծ նվեր տվեց մարդուն՝ նրան տալով անմահության սերմը: Նա վերցրեց մարդկային նեխող բնությունն ու տառապանքի միջոցով կատարյալ դարձրեց այն (Եբ. 2:10): Մկրտության ժամանակ մեզանից ամեն մեկին տվեց այդ կատարյալ բնությունից մի սերմ: Սրանից ուրախ բան կա՞ մարդու համար: Մեռնող հիվանդին տրվում է անմահության դեղը: Եթե ուզում ենք ապրել հավիտյան, պիտի աճեցնենք այդ սերմը: Ինչպե՞ս: Եկեղեցին մեզ տալիս է 3 «գործիք»՝ Աղոթք, Ծոմապահություն, Զղջում:

Սաղմոսն ասում է «Իմ առջեւ սեղան  պատրաստեցիր հալածիչներիս աչքերի դիմաց» (Սղ 22:6): Ոչ չարը, ոչ էլ ձեր թշնամիները չեն կարողանա ձեզ հաղթել, քանի դեռ դուք աճեցնում էք այն անմահության սերմը, որը ստացաք մկրտության ժամանակ: Ու չի լինի ո՛չ վախ, ո՛չ էլ հուսահատություն: Ու կլինի հարատև կյանք Աստուծո հետ: Մի թողեք որ վախը ձեզ հաղթի: Ոչ վախը, ոչ հուսահատությունը, ոչ նեղությունները, չունեն այնքան ուժ, որ հաղթեն այն մարդուն, ով Աստծու հետ է քայլում: Եթե դու սիրում ես Քրիստոսին ու ապրում իր պատվիրաններով, ապա քաջալերվիր ու միշտ բարիք գործիր, «որովհետև Հոգին, որ ձեր մէջ է, աւելի մեծ է, քան նա, որ կա աշխարհի մէջ» (Ա.Հովհ. 4:4):

Ու ամեն մեկիս տրված է մշտապես, առանց ապականության ու Աստուծո հետ միավորված ապրելու սերմը, որը մենք պիտի աճեցնենք մեր կյանքում, աղոթքով, ծոմապահությամբ, զղջմամբ և սրանցից ծնված խոնարհությամբ ու բարի գործերով: Ահա թէ ինչու եմ ես Քրիստոնյա: Սա իմ հույսն է: Իսկ ձեր հուսը ո՞րն է:

Արմեն ՀԱՐԵՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031