Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան պատրաստվում են Սիրիան բաժանել ազդեցության գոտիների. Reuters

Դեկտեմբեր 29,2016 11:26

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան կարող են գործարք կնքել՝ Սիրիան ոչ պաշտոնական ազդեցությունների գոտիների բաժանելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները: Ընդ որում, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կարող է մնալ իշխանության գլուխ առնվազն մի քանի տարի:

Թուրքիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյան գործակալությանը հայտնել է, որ Ասադի հետագա ճակատագիրը, ամենայն հավանականությամբ, կորոշվի հետագա բանակցությունների արդյունքում: Նրա խոսքով՝ կարևոր է ձևավորել անցումային կառավարություն, որի մեջ կմտնեն այնպիսի մարդիկ, որոնք «համապատասխանում են սիրիացի ժողովրդի պահանջներին»:

Իրենց հերթին Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչները խիստ դժգոհություն են հայտնել առ այն, որ Մոսկվան ցանկանում է կրակի դադարեցման համաձայնագրից դուրս թողել իր կողմից վերահսկվող Արևելյան Ղուտա անկլավը՝ Դամասկոսի մոտ: «Դեռ վաղ է խոսել հաջողության մասին: Ռուս թշնամին նախկինի պես չունի հստակ դիրքորոշում և կրկնում է վարչակարգի պահանջները»,- ասել է «Ահրար ալ-Շամ» խմբավորման առաջնորդներից Մունիր ալ-Սայալը: Նրա կարծիքով՝ բանակցություններն անիմաստ են, եթե դրանց վերջնական նպատակն Ասադի տապալումը չէ:

Գործակալությունը գրում է, որ Սիրիայում քրդական խմբավորումները և նրանց դաշնակիցները պատրաստվում են երկրի հյուսիսում հաստատել դաշնային պետական կարգով  կառավարման ծրագիր: Քրդերը պնդում են, որ պետք է իրականացնել սեփական ինքնավարություն ստեղծելու ծրագրերը: Դա մտահոգությունների տեղիք է տալիս Թուրքիայում՝ սեփական տարածքում քուրդ անջատողականների հնարավոր ակտիվացման պատճառով: Դաշնայնացմանը դեմ են հանդես գալիս նաև ԱՄՆ-ը և Ասադի կառավարությունը:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հաստատել էր, որ Մոսկվայի ու Անկարան համաձայնության են եկել Սիրիայում կրակի դադարեցման շուրջ: Միաժամանակ նա նշել էր, որ Սիրիայում հնարավոր չի լինի խաղաղություն հաստատել, քանի դեռ կառավարման ղեկին Ասադն է:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031