Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում՝ դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, 2016թ. փետրվարի 1-ից շարունակվում է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 4 բնակիչների դատավարությունը: Քննվում է քրեական գործն ըստ մեղադրանքի Սաշա եւ Հովհաննես Ղալթախչյանների՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 235 հոդվածի 1-ին մասով, Արտակ Մանուչարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Գագիկ Ալավերդյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով: Աչաջուր գյուղի վերոհիշյալ բնակիչները մեղադրվում են 2015թ. հունվարի 17-ին նույն գյուղի բնակիչ Մեխակ Մելիքբեկյանին առևանգելու մեջ: Ամբաստանյալները չեն ընդունում մեղքը՝ հայտարարելով, որ իրականում առևանգում չի եղել:
4 ամբաստանյալները գտնվում են կալանքի տակ: Այդ քրեական գործով դեկտեմբերի 27-ի նիստում ամբաստանյալների պաշտպաններ Լիպարիտ Սիմոնյանը եւ Ավագ Լալայանը նշեցին, որ տարբեր պատճառներով դատական նիստեր չեն կայանում, դատաքննությունը ողջամիտ ժամկետներում չի անցկացվում, իրենց պաշտպանյալները 2 տարի կալանքի տակ են, միջնորդեցին փոխել նրանց խափանման միջոցը: Միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը ընդմիջում հայտարարեց: Դատական նիստը վերսկսելուց հետո դատավորը հրապարակեց պաշտպանների միջնորդությունը մերժելու իր որոշումը:
Լ. Սիմոնյանը եւ Ա. Լալայանը հարց առաջադրեցին, որպեսզի դատական նիստերն անցկացվեն շաբաթական ոչ թե մեկ, այլ՝ երկու օր: Դատախազ Ռաֆիկ Երիցյանը, պատճառաբանելով այլ քրեական գործերով իր ծանրաբեռնվածությունը, դրան չհամաձայնեց: Նա չհամաձայնեց նաեւ պաշտպան Լ.Սիմոնյանի այն առաջարկին, որ դատաքննությանը ներգրավվի երկրորդ մեղադրող, որը ժամանակ առ ժամանակ կփոխարինի Ռաֆիկ Երիցյանին: Վերջինս դրան ևս չհամաձայնեց՝ ասելով, որ երկրորդ դատախազին բավական ժամանակ է պահանջվելու գործի նյութերին ծանոթանալու համար: Դատավոր Ռ. Մելքոնյանը հաջորդ դատական նիստը նշանակեց հունվարի 10-ին:
Ամբաստանյալներից Հովհաննես Ղալթախչյանը՝ Աչաջուր համայնքի ղեկավար Կամո Ղալթախչյանի որդին է: Նախկինում հայտնել ենք, որ Կամո Ղալթախչյանի նկատմամբ մահափորձ է կատարվել: Առևանգման վերաբերյալ վերոհիշյալ քրեական գործը հարուցվել է այն բանից հետո, երբ Մեխակ Մելիքբեկյանի հետ պարզել են, թե ովքեր են Կամո Ղալթախչյանի եւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ մահափորձեր կատարած անձինք: Դատական նիստին ներկա Աչաջրի գյուղապետ Կամո Ղալթախչյանը նիստի ավարտից հետ զայրացած էր, որ իր եւ իր ընտանիքի անդամների դեմ մահափորձեր կատարած անձինք քրեական պատասխանատվության չեն ենթարկվում, դատարանի դահլիճում բարձրաձայն հայտարարեց. «Իսկական հանցագործներին թողել եք, տղաների հետեւից ընկել, 2 հանցագործների, 2 խուլիգանի մոմենտը, հարցերին ընթացք տվեք»:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ