Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բարդ ժամանակներ են սպասվում»

Դեկտեմբեր 29,2016 16:00

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը երկրորդում է նախագահին

– Ապրիլյան քառօրյա պատերազմը էականորեն փոխեց իրադրությունը ԼՂ կոնֆլիկտի խաղաղ կարգավորման հեռանկարների մասով: Ապրիլից մինչ օրս էլ սահմաններում լարված իրավիճակը պահպանվում է: Բաքուն շարունակում է խուսափել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կատարումից: Եթե փորձենք ամփոփել` 2016-ին ի՞նչ արդյունքներ ամրագրեցին հայկական եւ ադրբեջանական կողմերն իրենց համար ԼՂ հարցի կարգավորման գործընթացում:

– 2016-ի ապրիլին վերջնականապես ամրագրվեց բանակցությունների տապալումը: Դեռ 2011 թվականին Կազանում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների, ՌԴ այդ ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ թվում էր, թե կողմերը մոտ էին բանակցությունների կարգավորման հիմքում ընկած սկզբունքների շուրջ համաձայնության հասնելուն: Սակայն վերջին պահին Ադրբեջանը մերժեց նախնական պայմանավորվածությունը՝ հանդես գալով 10 նոր առաջարկով: Դրանք ըստ էության հակասում էին բանակցությունների հիմքում ընկած հիմնական սկզբունքներին եւ մոտեցումներին, ինչն, ըստ էության, նշանակում էր այդ «ռաունդի» ձախողման հաստատում:
Կազանյան փուլից հետո միջնորդ երկրները ամեն կերպ փորձում էին ցույց տալ, որ բանակցությունները շարունակվում են: Սակայն պետք է արձանագրել, որ «կազանյան ձախողումը» պարարտ հող նախապատրաստեց՝ ճանապարհ բացեց դեպի ապրիլյան մարտական գործողություններ: Դա պայմանավորված էր ոչ միայն գործընթացում ստեղծված իրավիճակով, այլեւ միջնորդների կողմից իրավիճակի լիցքաթափման հարցում անզոր լինելով, ինչը բերեց մարտական գործողությունների վերսկսման:

Ես դա որակում եմ անզորություն, որովհետեւ Ադրբեջանի գործողություններն առաջնագծում, հատկապես 2015 թվականին, պարզ ցույց էին տալիս, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, իսկ միջնորդները դա գիտակցելով՝ չկարողացան կանխել:

– Բանակցությունները հայտնվել են փակուղում. նախագահների հանդիպումը, որի մասին տեւական ժամանակ խոսվում էր, չի կայանում: Վերջերս էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համբուրգյան հավաքից հետո հայտարարել էին, որ եթե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կամք չգտնեն բանակցությունների սեղանին վերադառնալու եւ արդյունքներ գրանցելու, բախումների հավանականությունը մեծանալու է, ու պատասխանատվությունը կրելու են կողմերը: Սա նշանակո՞ւմ է, որ համանախագահներն, այսպես ասած, «լվանում են ձեռքերը»՝ հետագա զարգացումները թողնելով կողմերի հայեցողությանը:

– Նախ նախագահների հանդիպման մասին. մինչեւ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չկոչվեն, կամ Ադրբեջանը որեւէ ձեւով դրական ազդակ չհնչեցնի, այդ մակարդակով հանդիպումներն անիմաստ կլինեն: Միգուցե ինչ-որ փուլում կոնֆլիկտի զարգացումից խուսափելու նպատակով նախագահների հանդիպում կայանա, սակայն այս պահին նման հանդիպում չլինելու տրամաբանական հիմքերն առավել փաստարկված են:

Այն, որ համանախագահները փորձում են իրավիճակից լուծման ուղիներ փնտրել՝ փաստ է: Ակտիվությունը տարբեր մակարդակներում տեսանելի է, այլ բան է, որ դա ոչ միշտ է հաջողվում, ընդ որում՝ ոչ իրենց մեղքով: Չէի ցանկանա դա որակել որպես «ձեռքեր լվանալ», սակայն պետք է գիտակցել, որ միջնորդներին դեռեւս չի հաջողվում Ադրբեջանին վերադարձնել բանակցությունների սեղան, դրա արդյունքում չի հաջողվում նաեւ վերսկսել բանակցությունները:
Հայտարարելով բախումների հավանականության մասին՝ միջնորդները ախտորոշում են իրական իրավիճակը, այլ ոչ թե գնում իմիտացիայի ճանապարհով, ինչպես դա եղավ 2011-ից հետո, ինչի արդյունքում ապրիլյան հայտնի իրադարձությունները արձանագրվեցին:

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ նկատի ուներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, երբ ԼՂՀ-ում մտավորականների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իր՝ ԼՂՀ այցելությունը ներքին պարտադրանք է. «Հիմա այն ժամանակահատվածն է, երբ ե՛ւ զորքը, ե՛ւ բնակչությունը, ե՛ւ ԼՂՀ քաղաքացիներն արդեն պատրաստ պետք է լինեն մի դժվարին ժամանակահատված անցկացնելու…»:

– Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ Սերժ Սարգսյանի հարցազրույցները, հայտարարությունները, որպես կանոն, մատչելի են, որովհետեւ շատ դեպքերում բաց տեքստով խոսվում է այն ամենի մասին, ինչը բանակցությունների գաղտնիության սկզբունքներին չի հակասում:
Երբ բանակցությունները բացակայում են, իսկ Ադրբեջանն անթաքույց պատրաստվում է մարտական գործողությունների հաջորդ «ռաունդին», շատ կարեւոր է, որպեսզի հանրությունը ճիշտ գնահատի այն, ինչ ունենք:
Ոչ միայն բանակը, քաղաքական վերնախավը, այլեւ ողջ հասարակությունը պետք է գիտակցի ճշմարտությունը, առկա բոլոր վտանգները, որպեսզի ցանկացած պահի պատրաստ լինի իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր տարբերակներին:

Հասկանալի է, որ «դժվարին ժամանակահատված» ասելով պետք է հասկանալ նաեւ սահմանադրական փոփոխություններով պայմանավորված անցումային բարդ ժամանակահատվածը, սակայն թիվ մեկ վտանգը մարտական գործողությունների վերսկսումն է:

– Ի՞նչ հնարավոր զարգացումներ են մեզ սպասվում 2017-ին ԼՂ հարցում:

– Մեզ բարդ ժամանակներ են սպասվում. Հայաստանում 2017 թվականին սպասվող խորհրդարանական ընտրությունները, սահմանադրական բարեփոխումների գործընթացից բխող անցումային ժամանակաշրջանը՝ նախագահականից խորհրդարանի անցումը, բանակցությունների բացակայությունն ու առհասարակ բանակցային գործընթացում առկա անորոշությունները, Ադրբեջանում տնտեսական բարդություններն ու դրա հետեւանքները իրավիճակն առավել անկանխատեսելի են դարձնում:

Պետք է մանրամասն վերլուծել գործընթացները, իրադարձություններին նայել այլ աչքերով, դասեր քաղել անցյալից ու շարժվել առաջ:

 
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

«Առավոտ»

27.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031