Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

2016-ին ՀՀ-ն ընթացել է ինտեգրացիոն գործընթացների համադրման ուղով

Դեկտեմբեր 29,2016 15:30

2016-ի ընթացքում շարունակվում էին քննարկումները ՀՀ ինտեգրացիոն գործընթացների համադրման եւ հակադրման, Եվրոպան, թե ԵԱՏՄ-ն ընտրելու, կատարված ընտրության ճիշտ կամ սխալ լինելու մասին: Թերեւս տարվա վերջում ավելորդ չի լինի ամփոփիչ հայացք գցել անցնող տարուն ու դրա ընթացքում ինտեգրացիոն զարգացումներին:

Ինտեգրացիոն գործընթացների տեսակետից 2016թ.-ը բարդ եւ դրա հետ մեկտեղ ապագայի համար կարեւոր ուղենիշների ամրագրման տարի էր: Հայաստանն այս տարվա ընթացքում բավական արդյունավետ է եղել իր քաղաքականության մեջ թե՛ եվրասիական, թե՛ եվրոպական ուղղություններով:

Չնայած արտաքին տնտեսական բարդություններից եւ հաղորդակցության ուղիների բացակայությունից բխող մի շարք խնդիրներին՝ Հայաստանը ԵԱՏՄ շուկայում արտահանման աճի ամենաբարձր ցուցանիշն է գրանցել՝ միաժամանակ կրճատելով ներկրումը: Ի դեպ, ապրանքաշրջանառության աճի ամենամեծ ցուցանիշը գրանցվել է Ղազախստանի հետ՝ 55.4 տոկոս: Բացի այդ, ըստ փորձագիտական գնահատականների, Հայաստանն ամենաարդյունավետ դրամային քաղաքականությունն է անցկացրել միության տարածքում:

Ինչ վերաբերում է ԱՊՀ տարածաշրջանում այլ ինտեգրացիոն գործընթացներին, քաղաքական, մասնավորապես՝ ռազմաքաղաքական հարաբերություններին, ՀՀ-ն հաջողությամբ ամփոփել է իր նախագահությունը ՀԱՊԿ շրջանակներում: Իր նախագահության ընթացքում Հայաստանը հետեւողականորեն շեշտադրում է կատարել ՀԱՊԿ անդամ երկրների համար սկզբունքային եւ կարեւոր արտաքին քաղաքական հարցերում միության անդամ երկրների մոտեցումների կոորդինացման, միասնական դիրքորոշում որդեգրելու կամ առնվազն՝ անդամ մյուս երկրների շահերի դեմ հանդես չգալու խնդիրների վրա: Չնայած առկա անհամաձայնություններին՝ ՀՀ-ն, նախագահի գլխավորությամբ, կարողացել է հոկտեմբերի 14-ին երեւանյան գագաթնաժողովի ժամանակ հասնել Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող միասնական հայտարարության ընդունման: Դրանում ամրագրված է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման եւ պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Բացի այդ, ՀՀ նախագահության օրոք հաստատվել է ՀԱՊԿ մինչեւ 2025թ. զարգացման ռազմավարությունը, որը կարեւորագույն փաստաթուղթ է կառույցի համար:

Դրան զուգահեռ, ՀՀ իշխանությունները կարողացել են հետեւողականորեն եւ արդյունավետ կերպով առաջ մղել ԵՄ հետ շրջանակային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները: 2015թ. դեկտեմբերին բանակցությունների մեկնարկից ի վեր անցկացվել են 6 փուլով քաղաքական եւ 5 փուլով տնտեսական բանակցություններ: Արդեն իսկ ավարտին է հասցվել նոր փաստաթղթի քաղաքական գլուխների համաձայնեցումը, որոնք մեծամասամբ կրկնում են Ասոցացման համաձայնագրի դրույթները: Այժմ շարունակվում են տնտեսական գլուխների շուրջ քննարկումները, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել գարնանը եւ ստորագրել նոր փաստաթուղթը:

ՀՀ-ԵՄ բանակցությունները հատուկ կարեւորություն ունեն ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի համար: 2013թ.-ին Հայաստանի՝ եվրասիական ինտեգրման գործընթացներին մասնակցելու որոշման բարձրաձայնումից հետո եվրոպական գործընկերների հետ բանակցությունները թեւակոխեցին բարդ փուլ: Սակայն ՀՀ իշխանությունների տարած հետեւողական աշխատանքի շնորհիվ հաջողվեց հասնել նրան, ինչ հայկական կողմն առաջարկում էր դեռեւս 2013թ.-ին՝ պահպանել Ասոցացման համաձայնագիրը՝ վերանայելով դրա տնտեսական բաղադրիչը՝ հաշվի առնելով արդեն ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Այսինքն՝ պահպանել համագործակցության հնարավորինս լայն շրջանակներ:

Այժմ ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի տնտեսական բաղադրիչի շուրջ բանակցությունները նպատակ են հետապնդում վերանայել ԽՀԱԱՀ այն դրույթները, որոնք բախման մեջ են մտնում ԵԱՏՄ նորմերի հետ, եւ մշակել նոր ելքեր, որոնք արդեն նոր իրավիճակում կապահովեն հնարավորինս լայն տնտեսական համագործակցության հնարավորություններ:

Նոր պայմանագիրը չի ենթադրում մաքսատուրքերի զրոյացում, սակայն նախկինում եղած բոլոր 12 ուղղություններից 10-ը նախատեսված են այս փաթեթում, դրան ավելացել են եւս 1-2 նոր ուղղություններ:

Ըստ էության, ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը կնքման, վավերացման եւ կյանքի կոչման դեպքում կապահովի ՀՀ կողմից հռչակված «եւ-եւ»-ի սկզբունքը: Կարելի է վստահ ասել, որ արդյունքներն իրենց երկար սպասել չեն տա:

ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Հայացք» կիրառական քաղաքականության եւ հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ

 

«Առավոտ»

28.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031