Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր նպատակը ՓՄՁ-ներին շուկայականից մատչելի պայմաններով ֆինանսավորելն է»

Դեկտեմբեր 29,2016 15:00

Կառավարության կողմից ստեղծված «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ն արտահանման խթանման եւ աշխատատեղերի ստեղծման նպատակով առաջարկում է նոր ֆինանսական գործիքներ:

Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները, նրանց շահերը պաշտպանողները պարբերաբար մտահոգություն են հայտնում, որ մեր երկրում բիզնեսի համար վարկերի տոկոսադրույքները շարունակում են բարձր մնալ, ինչի պատճառով ՓՄՁ-ն չի կարողանում բիզնեսը զարգացնելու, ընդլայնելու համար շրջանառու միջոցներ ներգրավել:

Ինչո՞ւ են մեր երկրում վարկավորման տոկոսադրույքները բարձր՝ «Առավոտի» հարցին «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանն ասում է` արդարացի է, կա նման խնդիր: Պարոն Դարբինյանի խոսքով՝ տոկոսադրույքների բարձր լինելը ֆինանսական կազմակերպությունները բացատրում են իրենց ներգրաված ռեսուրսների թանկ լինելով. «Մինչեւ վերջերս բանկերի կողմից ներգրավվող ավանդների տոկոսադրույքները 14-15%-ի էր հասնում: Նրանք եկամուտ հետապնդող կազմակերպություններ են եւ, բնականաբար, տեղաբաշխելուց էլ պետք է իրենց մարժաները ձեւավորեն, որի մեջ մտնում են իրենց ծախսերը եւ գումարած եկամուտները:

Հարկ է նշել, որ վերջին ամիսներին Կենտրոնական բանկի վարած քաղաքականությունը` վերաֆինանսավորման տոկոսադրույքի պարբերաբար իջեցումը, միտված է նաեւ շուկայում վարկավորման տոկոսադրույքների նվազեցմանը, եւ դրա արդյունքներն արդեն իսկ ակնհայտ են: Իջել են ե՛ւ ներգրավող ավանդների տոկոսները, ե՛ւ նաեւ տրամադրվող վարկերի տոկոսները»:
Նշենք, որ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ն կառավարության կողմից հիմնադրված փակ բաժնետիրական ընկերություն է:

Հ. Դարբինյանի խոսքով՝ ինչ վերաբերում է պետության արձագանքին եւ իրենց կազմակերպության դիրքորոշմանը, բնականաբար, բիզնեսի համար այդ տոկոսները բարձր են, եւ մատչելի ֆինանսական միջոցներ տնտեսվարողներին հասանելի դարձնելու նպատակով էլ պետությունը ստեղծել է «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ն: 2009 թ.-ին հիմնադրված այս կազմակերպությունը պետություն-մասնավոր հատված ֆինանսական միջնորդի դեր է ստանձնել:

«Տրամադրելով մատչելի ֆինանսական միջոցներ` մեր կազմակերպությունը չի մրցակցում բանկերի հետ, այլ նպատակ է հետապնդում մասնավոր հատվածին աջակցելու: Այսինքն` տնտեսվարողներին, անհատ ձեռնարկատերերին նաեւ գյուղատնտեսությամբ զբաղվող, մշտական եկամտի աղբյուր ունեցող ֆիզիկական անձանց շուկայականից մատչելի պայմաններով ֆինանսական տարբեր գործիքներ տրամադրելն է: Կարող եմ ասել, որ ստեղծման օրվանից առայսօր մեր կազմակերպությունը տրամադրել է բացառապես ՀՀ դրամով վարկեր, որոնց միջին տարեկան էֆեկտիվ տոկոսադրույքը կազմել է 12%: Այն միշտ բավականին էժան է եղել գործող շուկայական տոկոսներից: Բացի այդ, տնտեսվարողների կոնկրետ հատվածներին աջակցելու տարբեր միջոցառումներ կան, օրինակ` արտահանման խթանման քաղաքականության շրջանակներում նաեւ Հայաստանի զարգացման հիմնադրամը արտահանող այն կազմակերպություններին, որոնք բավարարում են իրենց սահմանած չափանիշներին, մեր կողմից տրամադրված վարկերը 3 տոկոսային կետին համարժեք, հիմնադրամի կողմից սուբսիդավորվում են, իսկ սահմանամերձ համայնքներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին` 7 տոկոսային կետին համարժեք: Այսինքն` արտահանողները դրամով 9% վարկեր են ստանում, իսկ սահմանամերձ համայնքներում գործունեություն ծավալող տնտեսվարողները` 5%, որն այսօր աննախադեպ է»,- ասում է Հ. Դարբինյանը: Նրա խոսքով՝ իրենց կազմակերպությունը նաեւ գյուղտեխնիկայի լիզինգ է իրականացրել՝ սկսած տարեկան 9%-ից մինչեւ 12% ՀՀ դրամ:

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՌԴ-ից եւ Բելառուսից ներկրված տրակտորները, կոմբայնները, ինչպես նաեւ հարակից այլ սարքավորումները տրամադրվել են ֆինանսական վարձակալության շահառուներին:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լիզինգի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար վարկային կազմակերպությունն իր հաշվին նաեւ ապահովագրում է այդ գյուղտեխնիկան, ժողովրդի լեզվով ասած` ԿԱՍԿՈ է անում, որը նույնպես բավական ծախսատար գործիք է, արդյունքում ստանում ենք աննախադեպ մատչելի պայմաններ»:

Պարոն Դարբինյանը համայնքներին լիզինգների միջոցով տեխնիկա տրամադրելը նույնպես կարեւոր է համարում, քանի որ որոշ գյուղտեխնիկյաի արժեքներ բավական բարձր են, օրինակ` կոմբայնի, եւ գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձը կամ ձեռնարկատերն այն դժվարությամբ է ձեռք բերում: «Իսկ համայնքը ձեռք բերելով՝ ամբողջ համայնքի բնակչությունն այն օգտագործում է, անգամ կողքի համայնքների պահանջարկն այդ տեխնիկայով բավարարվում է»,- ասում է պարոն Դարբինյանը:

Մեր այն հարցին, թե շատ հաճախ գործարարները դժգոհում են, որ բիզնես վարկերի տրամադրման համար պարտադիր գրավ է պահանջվում, անգամ ոչ մեծ վարկերի համար, մինչդեռ միշտ չէ, որ ձեռնարկատերերը կարողանում են գրավ ապահովել, բացի այդ, գրավի առկայության պարագայում էլ այն շուկայականից ցածր է գնահատվում եւ չի բավարարում ակնկալվող ֆինանսական միջոցների չափը, պարոն Դարբինյանը պատասխանեց, որ այդպիսի խնդիր առկա է ֆինանսական համակարգում:

«Այս հարցը, իհարկե, ունի օբյեկտիվ պատճառներ: Այսօր գույքերի գնահատումը կատարվում է անկախ մասնագիտացված գնահատողների կողմից, եւ, հաշվի առնելով իրացվելիության ցածր մակարդակը, այն գնահատվում է ներկա պահին գործող շուկայական գներին համապատասխան: Հարկ եմ համարում նշել, որ ե՛ւ բանկերը, ե՛ւ մենք աշխատում ենք անկախ մասնագիտացված գնահատողների հետ, որոնք ունեն համապատասխան լիցենզիա, եւ իրենք իրենց գնահատումն իրականացնում են իրենց համար սահմանված ընդհանուր ստանդարտների հիման վրա:

Իհարկե, գրավի առկայությունը ստանդարտ վարկերի դեպքում, ինչպես այլ ֆինանսական կառույցներում, մեզ մոտ էլ պարտադիր պայման է, պարտադիր, բայց ոչ՝ առաջնային: Քանի որ մենք տրամադրում ենք բիզնես վարկեր` տնտեսության խթանման նպատակով, այն տրամադրելու համար կա երկու նախապայման` վարկունակության գնահատում, այսինքն` ֆինանսական ցուցանիշների ուսումնասիրություն, ընկերության գնահատում, որի դրական արդյունքի դեպքում նոր միայն գրավի հարցն է դիտարկվում: Հիմնականում բիզնեսն իր դրամական հոսքերով եւ այլ ֆինանսական ցուցանիշներով պետք է վարկունակ լինի, այսինքն` կարողանա ստացված միջոցները ժամանակին պատշաճ վերադարձնել»:
Պարոն Դարբինյանի խոսքով՝ գրավ չունեցող կամ ոչ բավարար չափի գրավ ունեցող տնտեսվարողների համար արդեն իսկ որոշ գործիքներ կիրառվում են` ֆինանսական միջոցները նրանց համար հասանելի դարձնելու համար:
Մեր զրուցակիցը դրանցից առանձնացրեց ՓՄՁ ԶԱԿ-ի հետ համագործակցության շրջանակներում կիրառվող գործիքներից մի քանիսը. «Երբ տնտեսվարողի վարկունակությունը գնահատվում է դրական, եւ նրա ունեցած գրավը բավարար չէ, որպեսզի ծածկի ակնկալվող ֆինանսական միջոցները, ՓՄՁ ԶԱԿ-ը վարկի 70 տոկոսի համար տրամադրում է երաշխավորություն, եւ տնտեսվարողը տվյալ դեպքում մինչեւ 30%-ն է գրավադրում: Մեկ այլ գործիք էլ վերաբերում է սկսնակ գործարարներին. եթե գործարարն իր ծրագրով նախատեսում է ներդրումներ իրականացնել տվյալ գործում` կախված իր ներդրման չափից, այդ ծրագիրն ուսումնասիրվում է ՓՄՁ ԶԱԿ-ի եւ մեր կողմից, եւ եթե ծրագիրը գնահատվում է իրատեսական, ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից արդեն 100% ամբողջովին վարկի համար տրված երաշխավորության շրջանակներում մենք հնարավորություն ունենք իրականացնել վարկավորում»:

Ըստ Հ. Դարբինյանի՝ 2016թ.-ից էլ «ՓՄՁ ներդրումներ»-ը մեկ այլ գործիք է ներդրել, որը կրկին առնչվում է առանց գրավի վարկ ստանալուն: Տվյալ դեպքում համագործակցությունը կառավարության որոշմամբ ստեղծված Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության հետ է. «Այս կազմակերպության գործառույթները արտահանողներին տարբեր տեսակի ապահովագրական գործիքներ առաջարկելն է: Նրա հետ կնքած համագործակցության համաձայնագրի շրջանակներում մենք հնարավորություն ենք ստացել տրամադրել վարկեր: Գործիքի իմաստն այն է, որ եթե կա ձեռնարկություն, որն ունի կնքված արտահանման պայմանագիր, եւ այդ արտահանման պայմանագրի շրջանակներում արդեն իսկ ունեն պատվեր, նրա պայմանագիրը ներկայացվում է ապահովագրական գործակալությանը, որն ուսումնասիրում է գնորդին, եւ եթե գնորդի ուսումնասիրությունը դրական է գնահատում, տալիս է սահմանաչափ, որի շրջանակներում կարող է այդ գնորդի կողմից չվճարման ռիսկը ապահովագրել: Այսինքն` եթե ձեռնարկատերն արտահանի, եւ հանկարծ գնորդը չվճարի, ապահովագրական գործակալությունը այդ գումարը կփոխհատուցի: Եվ այդ կնքված պայմանագրի շրջանակներում արդեն իսկ պատվիրված ապրանքի դիմաց, եթե տվյալ տնտեսվարողը շրջանառու միջոցների անհրաժեշտություն ունի, մենք տրամադրում ենք նրան ֆինանսավորում, որպեսզի նա այդ հումք-նյութերը գնի եւ իրականացնի այդ պատվերը, եւ նաեւ մեր վարկն է ապահովագրվում ապահովագրական գործակալության կողմից: Այսինքն` այս դեպքում վարկը լինում է առանց գրավի՝ ապահովագրված ապահովագրական գործակալության կողմից: Գործիքը կոչվում է նախարտահանման ֆինանսավորում»:

Անդրադառնալով վարկերի վերադարձելիության հարցին՝ պարոն Դարբինյանն ասում է, որ այս կամ այն վարկառու ընկերության մոտ խնդիրներ առաջանալու դեպքում իրենց կազմակերպությունը հաճախորդի հետ միասին փորձում է հարթել այդ խնդիրները` գրաֆիկներ են վերանայում, անհրաժեշտության դեպքում ժամկետներ են երկարաձգում, այդ ընկերությունների համար գործարար կապեր են հաստատում, որպեսզի տվյալ կազմակերպությունների ֆինանսական վիճակը առողջանա:

«Երկու խոշոր ծրագիր մեր անմիջական միջնորդությամբ վերջերս իրականացվել է: Մեկը կաշվի գործարանն է, որի համար օտարերկրյա նոր ներդրող գտնվեց եւ խոշորածավալ ներդրումներ է նախատեսում այդտեղ անել եւ ավելի մեծ թափով վերագործարկել, ինչը կբերի նաեւ աշխատատեղերի ու արտադրության ծավալների աճին: Մյուսը Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկան է, որն արդեն քանի տարի է՝ կանգնել է, եւ որի արտադրական հզորությունները խորհրդային տարիներից հետո չէին վերազինվել: Այստեղ եւս խոշոր օտարերկրյա ներդրողի կողմից մեծ ներդրումներ են նախատեսվում, որը տարածաշրջանի համար էական նշանակություն կունենա»:

 
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

«Առավոտ»

28.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031