Լրահոս
Օրվա լրահոսը

120 ընտանիքի կյանքի գինը 1.5 մլրդ դրամ է, բայց պաշտոնյաններն ասում են՝ բյուջեում փող չկա

Դեկտեմբեր 29,2016 14:30

Երեւանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 8 հասցեի հանրակացարանային շենքի 90 բնակարաններից որեւէ մեկում ոչ տոնածառ կա, ոչ տոնական տրամադրություն, ոչ էլ անգամ մի փուչիկ. բնակիչներն ասում են՝ սիրտ կա՞, որ Նոր տարի նշենք:

Այս շենքը 4-րդ կարգի վթարային է, ամեն օր պատերից ծեփեր, երկաթբետոնե սալիկներ են պոկվում, տանիքն է քանդվում. տպավորություն է, որ շենքը ուր որ է՝ կփլուզվի:

3

«Ամեն օր ահը սրտներումս ենք քնում՝ հանկարծ էս անգամ էլ պանելը գլխներիս չընկնի: Մենք հլը հեչ, փոքր էրեխեք ունենք: Գիշերը, քնած էինք, մեկ էլ պանելը պոկվել ու ընկել է հարսիս ու տղիս վրա»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում է Արմինե Հայրապետյանը:

Այս շենքում ում դուռը թակում էի, բոլորը նույն բանն էին ասում. «Ծեփերը թափվում են, խոնավությունից միշտ հիվանդ ենք, էրեխեքիս, թոռներիս վրա են ընկնում պանելները, սա ի՞նչ կյանք է»:

4

Շենքի բնակիչներից Աղունիկ Ֆռանգուլյանն էլ ասում է. «Համ տուն ունենք, համ չունենք, եթե սա կարելի է տուն ասել: Խնդրեմ, նկարե՛ք, լուսամուտի կողքերի պանելները պոկվել են, հլը անցքերը նայեք, ու էս սառնամանիքին էս սենյակում քնում ենք: Գիշերը ձնհալի չռոցից «լյուստրի» վերեւի պանելն ընկավ, հետո հոսանքի լարերը տրաքեցին: Հիմա տղաս, աղջիկս, թոռս ու ես հավաքվել ենք մի սենյակում, «դիվանը» «կռավաթ» ենք սարքել ու իրար գլխի քնում ենք»:
Մարգուշ Խաչատրյանն էլ տան իրերը հավաքել, կապկպել է ու պատրաստվում է օրերս դուրս գալ իր սենյակից, վարձով բնակարան է գտել. «Բա հո չե՞նք մնալու պանելի տակ, փլվում ա վըրնեքս: Հենց վերեւի հարկում քայլում են՝ կամ ծեփն ա թափվում, կամ պանելից մաս ա պոկվում ընկնում: Վրես ընկավ էն օրը»:
Հանրակացարանային այս շենքը բնակեցվել է դեռեւս խորհրդային տարիներին. «Քիմռեակտիվ» գործարան էին մարզերից գործուղվում մասնագետներ ու բանվորներ, ու նրանց սենյակներ էին հատկացնում գործարանի հարեւանությամբ այս շենքում:

5

Բնակիչներն ասում են՝ մոտ 35 տարի է՝ այստեղ են ապրում, բայց արդեն քանի տարի է՝ իրենք իրենց կացարաններից, իրենց խոսքերով ասած, զզվել են. «Ոնց որ իզգոյ լինենք, ոչ սենյակում ենք կարում հանգիստ նստենք, ոչ զուգարան գնանք, զուգարան զոնտիկով ենք գնում: Հենց հալոցները սկսվում են՝ մեր կյանքի դժոխքն էլ հետն է սկսվում: Փոքր երեխեք կան էս շենքում, ամեն վայրկյան մի պանել էլ կարող ա էրեխեքից մեկի վրա ընկնի: Ինչքա՞ն դիմանանք, ասում են՝ փող չկա նոր շենք սարքելու համար: Բա որ մարդկանց կյանքերը փրկելու համար փող չկա, բա էլ ինչի՞ համար կա»:

Բնակիչների պատմելով՝ մյուս կողմից էլ իրենց կյանքը «դժոխքի է» վերածվում, երբ հարակից տարածքի «Մաքուր երկաթ» եւ «Մոլիբդենի» գործարաններն են աշխատում. արտանետումներից բնակիչները շնչահեղձ են լինում: Առավոտյան եւ կեսգիշերից հետո, ինչպես բնակիչներն են վստահեցնում, տարածքում դեղին թանձր ծուխ է բարձրանում, գարշահոտություն տարածվում. «Հղի հարսները չդիմացան, թողեցին գնացին: Բողոքել ենք, եկել ստուգել են ու ասել՝ օդը մաքուր է, բան չկա: Բայց նենց ժամի են եկել, որ էդ ընթացքում գործարաններից ծուխ դուրս չէր գալիս»:

4-րդ աստիճանի վթարային շենքի վերաբնակեցման խնդրով զբաղվում է «Լույս» համատիրությունը, որի նախագահ Ալբերտ Գեւորգյանն ասում է՝ անցյալ տարվանից ընկած պետական դռները՝ փորձում են պաշտոնյաներին համոզել, որ այս շենքի բնակիչների կյանքն ամեն վայրկյան վտանգի տակ է: Բայց ամեն անգամ նույն պատասխանն են ստանում՝ գումար չկա:

Գեւորգյանն ասում է՝ 120 ընտանիքի համար նոր շենք կառուցելու համար մոտ 1,5 միլիարդ դրամ է հարկավոր, այս նախահաշվարկը կատարել է «Ինժգարանտ» ՍՊԸ-ն:

Պարոն Գեւորգյանի ներկայացմամբ՝ նշված հասցեից բացի, կրկին 4-րդ կարգի վթարային շենքում էլ մոտ 30 ընտանիք է բնակվում, ուստի ինքը պետական գերատեսչություններին 120 ընտանիքի օգնության համար է դիմում:
Երեւանի քաղաքապետարանից համատիրության դիմումին ի պատասխան՝ այս տարվա օգոստոսին հայտնել են, որ խնդիրն ուսումնասիրել են, բայց, ըստ պաշտոնական պատասխանի, ստացվում է՝ առայժմ ոչնչով չեն կարող օգնել:
Քաղաքապետարանից վստահեցրել են, որ հիմա իրականացնում են մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը հաշվառված քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցմումը: «Հաշվի առնելով, որ Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի հ.8 շենքի 4-րդ կարգի վթարային լինելու վերաբերյալ եզրակացությունը տրվել է 2015-ին, իսկ քաղաքապետարանը վերաբնակեցման գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ բնակֆոնդ չունի, անկանխատեսելի հետեւանքներից խուսափելու համար քաղաքապետարանը գրությամբ դիմել է քաղաքաշինության նախարարությանը՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար»,- գրված է քաղաքապետարանի պատասխանում:
Համապատասխան միջոցներ մինչ օրս որեւէ գերատեսչություն չի կատարել:
Պարոն Գեւորգյանն ասում է՝ կառավարությունից էլ շենքի կառուցման համար համաֆինանսավորում ստանալու խնդրանքը մերժվել է, ուստի բնակիչների վերջին հույսը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է:

«Մեզ տարբեր գերատեսչություններից ասում են, որ 4-րդ կարգի վնասվածություն ունեցող շենքերի վերաբնակեցման 2016-2017 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով ձեր նշած շենքը ներառված չէ: Բայց չէ՞ որ խնդիրն օրհասական է, անպայման մի լուրջ դե՞պք պետք է լինի, որ այս շենքի համար գումար հատկացնեն: Դիմել ենք նախագահին ու մանրամասն ներկայացրել խնդիրը: Միայն թե նախագահականից էլ դիմումը չմակագրեն այն գերատեսչություններին, որտեղից արդեն մերժում ենք ստացել»,- ասում է Ալբերտ Գեւորգյանը:

120 ընտանիքի կյանքի գինը 1,5 միլիարդ դրամ է. բնակիչներին ասում են. «Բյուջեում փող չկա, գումար չկա, ծրագրում ներառված չենք. ինչ ասես՝ պատասխանում են: Մեր ու էս փոքր էրեխեքի կյանքերը ոչ մի արժեք չունե՞ն պետության ղեկավարների համար: Ցանկություն ունենան՝ փողն էլ կգտնեն»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

 

«Առավոտ»

28.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031