Լրահոս
Օրվա լրահոսը

Մարինա Պողոսյան. «Գլխավոր դատախազությունը փորձում է ինձ զսպաշապիկ հագցնել եւ լռեցնել»

Դեկտեմբեր 29,2016 13:30

Ինչո՞ւ է իրավապաշտպանի նկատմամբ հարուցված քրեական գործը ուղարկվել Արաբկիրի դատարան

2014թ.-ից գրանցված «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը բնակվում է Կենտրոնի տարածքում, նրա կազմակերպությունը գտնվում է Չարենցի փողոցում, սակայն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 17.08.2015թ.-ին հարուցված թիվ 14149815 քրեական գործը եւ այն լսվելու է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ:
Ըստ Մ. Պողոսյանի, ավելի քան երեք տարի է՝ ՀՀ գլխավոր դատախազությունը փորձում է իրեն զսպաշապիկ հագցնել և լռեցնել, որպեսզի չբարձրաձայնի ՀՀ-ում կոնկրետ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի գումարների ստվերային շրջանառության և փողերի լվացման փաստերի, ինչպես նաև այդ ամենի վերաբերյալ իրավապահ մարմինների չեզոք վերաբերմունքի մասին:

Մարինա Պողոսյանը բաց նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. «Վերանայեք Ձեր ղեկավարած ոլորտը և կոռուպցիայի դեմ պայքարը սկսեք Ձեր իսկ գերատեսչությունից:

Պարոն դատախազ, հիշեցնում եմ ՀՀ Ազգային ժողովում Ձեր բոցաշունչ ելույթը և խոստումները՝ աշխատելու ի շահ պետության, քաղաքացիների, պայքարելու կոռուպցիայի դեմ և քաղաքական կամք դրսեւորելու վերաբերյալ: Արդյոք դատախազների և այլ պաշտոնատար անձանց կողմից կատարված առանձնապես խոշոր չափի գումարների ստվերային շրջանառության հետ պայքարը համահունչ չէ՞ Ձեր կամքի դրսևորմանը և արդյոք կոռուպցիայի մասին բարձրաձայնող քաղաքացու կամ իրավապաշտպանի դեմ պայքա՞րն է Ձեր առաքելությունը:

ՀՀ դատախազությունը և ՀՀ քննչական կոմիտեն ոչ Ձեր, ոչ էլ Ջ. Ֆարխոյանի և նմանատիպ այլոց սեփականությունն են, և մենք Ձեր տանը տնվորի կարգավիճակում չենք, որպեսզի մեր վերաբերյալ կայացնեք կամայական որոշումներ: Չեմ խնդրում, այլ պահանջում եմ, որ Դուք և Ձեր ենթակաները լծվեք կոռուպցիայի դեմ իրական պայքարին և Ձեր ջանքն ու եռանդը ուղղեք Ձեզ ի պաշտոնե վստահված լիազորությունների իրացմանը, այլ ոչ թե պայքարի ըմբոստ քաղաքացիների դեմ՝ ակնհայտ ապօրինի, անհիմն քրեական գործեր հարուցելով»:

Մինչ այս քրեական գործը դեռեւս 2014թ. մայիսի 1-ին քաղավիացիայի վարչության պետ Հովհաննես Երիցյանի՝ իրավապահներին տված հաղորդման հիման վրա հարուցվել էր թիվ 13142214 քրեական գործը: Քրեական գործի նյութերի համաձայն, որոնք բարձրաձայնվել են նաեւ նախաքննական մարմնի որոշումը վիճարկելու ժամանակ, պարոն Երիցյանը իրավապաշտպանին մեղադրել էր «ղազախական մաֆիայի անդամ» լինելու մեջ, որը «զբաղված է շորթումներ կատարելով»: «Ութ ամիս շարունակ քրեական գործի շրջանակներում իմ նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելուց հետո թիվ 13142214 քրեական գործը բառիս բուն իմաստով փլվեց, սակայն դատախազության և Երևան քաղաքի քննչական բաժնի բարձր հովանու տակ գտնվող, զենքով առերեսման ներկայացող ու սուտ մատնություն կատարած անձը՝ Հովհ. Երիցյանն, իհարկե, չպատժվեց ՀՀ դատախազության այն ձևակերպմամբ, որ վերջինս չի ընկալել իր կողմից տրված հաղորդումը և ցուցմունքները»,- «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց Մ.Պողոսյանը: Նկատենք, որ հաղորդում տված ու դրա բովանդակությունը չընկալած քաղավիացիայի նախկին պաշտոնյան քրեական գործի ավարտից մեկ ամիս հետո 1 մլն դոլարի հայցապահանջ ներկայացրեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Մ.Պողոսյանն իր եւ կազմակերպությանը թիրախավորելու գործընթացը կապում է ոչ միայն վաշխառության գործերով դատարաններ դիմելու, Հովհաննես Երիցյանի անվան հետ, այլ 2005-2009թթ. ՀՀ նախկին դատախազ Օսիպովի և նրա մերձավորների կողմից առանձնապես խոշոր չափերի գումարների շարժի բարձրաձայնման, այդ թվում՝ «օֆշորային կազմակերպություններից՝ ՀՀ դատախազության բարձրաստիճան աշխատակիցների մասնակցությամբ» ներգրավվածության հետ: Անցյալ տարի հարուցված թիվ 14149815 քրեական գործով ամբաստանվող իրավապաշտպանի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

Նա մեղադրվում է խարդախությամբ ուրիշի գույքին տիրանալու փաստի առթիվ: Մ.Պողոսյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ «թիվ 14149815 քրեական գործը հարուցվել է առանց հաղորդում տվող անձի ինքնությունը պարզելու, առանց վերջինիս ներկայության և բացատրության, կարևորը՝ վերջինիս փոխարեն այլ անձի ստորագրությամբ: Այս դեպքում էլ Երևան քաղաքի քննչական կոմիտեն անմասն չի մնացել՝ քրեական գործի սարքումը և դրա հետագա կենսունակությունը պահելով իր հովանու տակ: 14 ամիս որևէ մեկը ուշադրություն չի դարձրել հանցագործության մասին հաղորդման կեղծ լինելու, ինչպես նաև չպարզված անձի կողմից ստորագրված լինելու փաստի վրա: Քրեական գործը քննվել է իբրև իմ կողմից առանց լիազորագրի ուրիշի գույքը վաճառելու փաստի վերաբերյալ: Փաստացի տվյալ գործի համար միակ էական նշանակություն ունեցող ապացույցը՝ լիազորագրերը միտումնավոր գողացվել են, թե հետաքննության ընթացքում, թե նախաքննության ընթացքում և առկա չեն եղել քրեական գործում, որը կատարվել է, իհարկե, կանխամտածված՝ իմ կողմից իբրև կատարված հանցագործության պատրանք ստեղծելու միտումով»:

Իրավապաշտպանի պաշտպանությունը ստանձնել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

 
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

28.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031