Ամեն տարի անհամբերությամբ են փոքրիկները սպասում Նոր տարվա եւ Սուրբ ծննդյան տոներին, որպեսզի իրենց կողմից տարվա ընթացքում երազանքները եւ ցանկությունները գրեն Ձմեռ պապին: Նկատելի է, որ երեխաները հիմնականում Ձմեռ պապին թանկարժեք նվերներ են «պատվիրում»: Օրինակ՝ սմարթֆոն, պլանշետ, ուստի ծնողների մոտ կարող է հարց առաջանալ՝ արդյոք շատ կհիասթափվի՞ երեխան, եթե չկարողանան գնել այդպիսի նվերներ: Այս մասին հոգեբան Մարիամ Մելքումյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, հարկ է հիշել, որ խորհուրդ չի տրվում մինչեւ 7 տարեկան երեխաներին թողնել օգտագործել հեռախոսներ կամ պլանշետներ, քանի որ այն կարող է հանգեցնել տարբեր հիվանդությունների. «Եթե ծնողներն ի վիճակի չեն կամ չեն ցանկանում գնել երեխայի համար թանկարժեք նվեր, ցանկալի է, որ նախապատրաստեն երեխային, որ այս տարի Ձմեռ պապը միգուցե չկարողանա հենց այդ նվերը բերել, քանի որ շատ մանուկների համար պետք է նվերներ տանի: Երեխայից հարկ է փորձել ճշտել՝ որպես այլընտրանք, ինչ նվեր կցանկանա»:
Հոգեբանը ծնողներին խորհուրդ է տալիս, որ ցանկալի է այնպիսի նվեր տալ, որը տարվա ընթացքում հաճախ չեք երեխային նվիրում, կամ էլ ընտրել այնպիսի հասանելի նվեր, որը երեխան ցանկանում է ունենալ. «Եթե երեխան չի կողմնորոշվում ինչ նվեր խնդրել Ձմեռ պապից, կարելի է առաջարկել տարբերակներ եւ համատեղ որոշել՝ ինչ խնդրել: Ցանկալի է երեխային չտալ այնպիսի նվերներ, որոնք չեն համապատասխանում իր տարիքին եւ միգուցե տարիքային տվյալ փուլում իրեն չհետաքրքրեն: Որպես կանոն, որոշ երեխաներ հավատալով Ձմեռ պապի ամենակարողությանը, նրան տեսնում են որպես միակ ճանապարհ՝ ստանալու այդքան բաղձալի նվերը»:
Պնդումը, թե ամանորյա նվերների ակնկալիքը երես է տալիս երեխային, ըստ հոգեբանի, արդարացի է միայն այն դեպքում, երբ դրանք չափից շատ են: Դա վերաբերում է ոչ միայն ամանորյա նվերներին, այլեւ ծննդյան եւ այլ տոներին: Բացի դրանից, երեխաների մեծամասնությունը չափից շատ պահանջկոտ է դառնում այն ժամանակ, երբ հասկանում են, որ ոչ թե Ձմեռ պապը, այլ մեծահասակներն են իրենց նվերներ բերում: Պետք է հիշել, որ կարեւորը ոչ թե նվերի գինն է, այլ ձեր երեխային պարգեւած դրական զգացողություններն ու համատեղ անցկացրած երջանիկ ժամանակը»:
Կարդացեք նաև
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
28.12.2016