Հայկական ազգային կինոակադեմիայի նախաձեռնած ազգային արտադրության ֆիլմերի մրցանակաբաշխությունը ավանդական կդառնա:
Դեկտեմբերի 28-ին Հանրային հեռուստաընկերության տաղավարներից մեկում կայացավ Հայկական ազգային կինոակադեմիայի նախաձեռնած ազգային արտադրության ֆիլմերի «Անահիտ» առաջին մրցանակաբաշխությունը, որը քվեարկվել է բաց սկզբունքով եւ, թե ով որ ֆիլմի համար ինչպես է քվեարկել, կհրապարակվի:
Կինոակադեմիայի գլխավոր քարտուղար Րաֆֆի Մովսիսյանը տեղեկացրեց, որ մրցանակաբաշխությանը մասնակցելու համար Հայկական ազգային կինոակադեմիան ստացել է 45 հայտ, որոնք ներկայացվել են 11 անվանակարգերի համար: 35 անդամների առաջին քվեարկության արդյունքում տարբեր անվանակարգերում առաջադրվել է 14 ֆիլմ:
Կարդացեք նաև
Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմը երեք «Անահիտ» ստացավ` Լավագույն ռեժիսոր, լավագույն վավերագրական ֆիլմ եւ լավագույն սցենար անվանակարգերում (Միքայել Ստամբոլցյան, Հարություն Խաչատրյան): Պարոն Խաչատրյանն իր մրցանակներից մեկը անակնկալ շնորհեց «Բարի լույս» ֆիլմի ռեժիսոր Աննա Արեւշատյանին` հիմնավորելով, որ մրցանակաբաշխությունը չուներ լավագույն դեբյուտ անվանակարգը:
Լավագույն կոմպոզիտոր անվանակարգում «Անահիտ» մրցանակը բաժին հասավ Վահագն Հայրապետյանին («Բարի լույս»), 8 անվանակարգերում առաջադրված Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվը» հաղթեց մի քանի անվանակարգերում` լավագույն խաղարկային ֆիլմ, լավագույն օպերատոր (Վահագն Տեր-Հակոբյան) լավագույն դերասան (Սամվել Թադեւոսյան): Լավագույն կարճամետրաժ ֆիլմը Էդգար Բաղդասարյանի «Սիմոնի ճամփան» էր, լավագույն անիմացիոն ֆիլմը` Արմինե Հարությունյանի «Մշո գեղենը», լավագույն դերասանուհին Յանա Դրուզն էր, (ռեժիսոր Դավիթ Սաֆարյան, «28:94 Տեղական ժամանակ»), իսկ լավագույն նկարիչը Միքայել Անտոնյանն ու Վարդան Սեդրակյանը («28:94 Տեղական ժամանակ»):