ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացմամբ, վերջերս Հայաստան այցելած ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ կնքել են փոխադարձ համաձայնագիր: «Ասեմ, որ հարաբերությունները մինչ այդ էլ լավ են եղել, բայց հիմա շատ բարձր մակարդակի վրա են: Մենք ունենք հատուկ նշանակված ներկայացուցիչներ, որոնք կոնկրետ բողոքների դեպքում ունեն լիազորություն անմիջապես իրար հետ կապվելու՝ անկախ մարդու իրավունքների հանձնակատարի զբաղվածության աստիճանից: Եվ ինքը՝ ՌԴ հանձնակատարը սա պաշտոնական հայտարարությամբ որակել էր որպես պատմական նշանակություն ունեցող համաձայնագիր, որովհետև իրենք դեռ ոչ մի երկրի հետ չունեն համաձայնագիր: Սա հերթական համաձայնագիրը չէ, այլ կոնկրետ մեխանիզմ էր դրված համագործակցության:
Եվ այդ շրջանակներում Հրաչյա Հարությունյանի գործով (խոսքը Մոսկվայում 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի մասին է, որի դեմ այս պահին 18 քաղհայց է ներկայացվել Ա.Ն.) երեկ ես զրույց ունեցա, պայմանավորվեցինք, որ անմիջապես, նույնիսկ առանց պաշտոնական գրության, մինչև դրան հասնելը, զբաղվեն այդ հարցով: Իրենք պիտի Դաշնային ծառայություն պատիժների կատարման հարցում անեին, այսօր առավոտյան ես արդեն ստորագրեցի նամակը, դրանից հետո այց կանեն Հրաչյա Հարությունյանին: Ես ինքս խոսել եմ Հրաչյա Հարությունյանի ազգականի հետ, մտահոգություններ կային հրապարակային: Օրինակ՝ դա մեկ կարեւոր հարց էր, որ կիրակի օրով՝ օդանավի աղետի օրը, ես միաժամանակ ցավակցեցի ու խնդիրը բարձրացրեցի: Այդ օրով մենք արդեն կարողացանք այդ հարցը լուծել»:
Արման Թաթոյանի ասելով` հայազգի վարորդի դեմ ներկայացված քաղհայցերի հարցը քննարկել է ՀՀ արդարադատության նախարարի հետ, ու թեև չի տիրապետում, թե ինչ փուլում են, սակայն օրենսդրությունն արդեն վկայում է, որ անձը կունենա պարտավորվածություններ ՌԴ-ի նկատմամբ, իսկ սա կարող է հանձնման տեսանկյունից խնդիրներ առաջացնել: «Սա ընդհանուր դիտարկում է, կոնկրետ Հրաչյա Հարությունյանի հետ կապված հիմա ես ՌԴ իմ գործընկերոջը խնդրել եմ որոշակի հարցեր պարզաբանել, նոր այդ ժամանակ կկարողանամ որոշակի գնահատականներ տալ»,- ասաց ՄԻՊ-ը:
Ըստ ՄԻՊ-ի, նոր ձեռքբերումներ ունեն միգրացիոն հարցերի հետ կապված, այս հարցով բազմաթիվ դիմումներ են հղվում իրենց: ՀՀ քաղաքացիները ՄԻՊ-ին են դիմում և աշխատանքի իրավունքի, և դեպորտի հետ կապված հարցերով:
Կարդացեք նաև
Արմեն Թաթոյանի տեղեկացմամբ` կան արդեն դրական լուծված գործեր, երբ հաջողվել է կանխել մեր քաղաքացիների դեպորտացիան: «ՌԴ հանձնակատարը ունեցավ իր պատրաստակամությունը Վերին Լարսի հետ կապված, խնդիրը երբ առաջացել էր, անմիջապես ներկայացվեց ներկայացուցիչ, որը միգրացիոն ծառայության հետ կապի մեջ էր:
Գիտեք իմ իրավասությունը որևէ այլ երկրի պետական մարմնի նկատմամբ չի տարածվում, դրա համար մենք համագործակցության ճանապարհով ենք գնում: Երեկ ես խոսեցի Ուզբեկստանի հանձնակատարի հետ, իմ պաշտոնական գրությունով խնդրեցի, որ բժշկական հետազոտման ենթարկվի Արամայիս Ավագյանը և երկրորդ՝ այցն է, որպեսզի ծանոթանան նրա պահման պայմաններին: Մենք հարաբերությունները զարգացնում ենք միջազգային տարբեր կառույցների հետ, որովհետև այս հարաբերությունները յուրաքանչյուր գործընկերոջ հետ շատ կարևոր են, որովհետև մենք իրենց հետ շատ տարբեր հարցեր ունենք: Օրինակ՝ ՌԴ հանձնակատարը մի քանի հարց բարձրացրեց իրենց քաղաքացիների հետ կապված, որոնք Հայաստանում են, ասենք մի քաղաքացի ունեն, որը կալանավորված է Հայաստանում, իր իրավունքների պաշտպանության»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ