Լրահոս
Օրվա լրահոսը

Նշվել է ԼՂՀ խորհրդարանի առաջին ընտրությունների 25 ամյակը

Դեկտեմբեր 28,2016 19:11

Դեկտեմբերի 28-ին` ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի ընտրությունների 25-րդ տարեդարձի օրը, Ազգային ժողովի բոլոր գումարումների մի խումբ պատգամավորներ ծաղկեպսակ են դրել խորհրդարանի ճեմասրահում զոհված պատգամավորների հիշատակը հավերժացնող հուշատախտակին և այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր ու ծաղիկներ խոնարհել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրմաքարին:

Ազգային ժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել բոլոր գումարումների պատգամավորների հանդիսավոր ընդունելություն՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի մասնակցությամբ:

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ Ստեփանակերտում գտնվող ՀՀ պատգամավորները:

Ողջունելով և շնորհավորելով ներկաներին՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ 1991 թվականին իշխանության բարձրագույն մարմնի՝ Գերագույն խորհրդի ստեղծումը, սեպտեմբերին՝ Հանրապետության հռչակման և դեկտեմբերին՝ ԼՂՀ պետական անկախության հանրաքվեի տրամաբանական շարունակությունն էր: Դրանով Արցախում սկիզբ դրվեց համապետական ընտրությունների միջոցով իշխանության ձևավորման մշակույթին:

«Գերագույն խորհուրդ, խորհրդարան, Ազգային ժողով, անկախ նրանից՝ ինչ անվանում է ունեցել, մեր պատգամավորներն իրականացրել են պատմական տվյալ ժամանակահատվածին բնորոշ ու պահանջվող օրինաստեղծ քաղաքական ու ներկայացուցչական աշխատանք: Այդ հավաքական ջանքերի շնորհիվ է, որ ունենք երկրի կենսագործունեությունն ապահովող կայացած օրենսդրական դաշտ, ինստիտուցիոնալացված  հարաբերություններ՝ այլ երկրների խորհրդարանների հետ»,- այս տարիների ձեռքբերումների մասին ընդգծել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով, քաղաքական ներկայացվածության ու բազմակարծության այն մակարդակը, որին հասել են խորհրդարանի գոյության տարիների ընթացքում, թույլ է տալիս վստահորեն հայտարարել, որ Արցախում ժողովրդավարության զարգացումն ընթանում է ճիշտ ուղիով:

Խորհրդարանական ընտրությունների 25 ամյակի կապակցությամբ պատգամավորներին շնորհավորել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ նշելով, որ նման միջոցառումները ոչ միայն հարգանք են նշանակում անցյալի հանդեպ, այլև հնարավորություն են տալիս հստակեցնելու վերաբերմունքը ապագայի նկատմամբ: Արցախյան ազատագրական շարժումը որակելով հայ ժողովրդի ամենամեծ ստեղծագործություն՝ ԼՂՀ նախագահը նշել է , որ բոլոր գումարումների անկախ Արցախի պատգամավորներն էլ դրա համահեղինակներն են:

bako

«Այս աշխարհում չկա որևէ հավանական զարգացում, որը կստիպի մեզ շեղվել մեր ընտրած ճանապարհից»,- նշել է Արցախի Հանրապետության նախագահը:

Այնուհետև շնորհավորել և իրենց գործունեության տարիների պատգամավորական աշխատանքի  մասին պատմել են ԱԺ տարբեր գումարումների պատգամավորներ Համլետ Գրիգորյանը, Վարդգես Բաղրյանը, Արփիկ Խասապետյանը, Ռամելա Դադայանը և Արմեն Սարգսյանը:

Օրը պատմական է գնահատել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովև և ընդգծել, որ այն կարևոր է ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի և համայն հայության համար:

«Չկա արցախյան խնդիր, կա Հայկական հարցի արցախյան դրսևորում և պատահական չէ, որ արցախահայության խնդիրը և արդարացի դատը ոչ միայն Արցախում ապրող մեր քույրերի և եղբայրների խնդիրն է՝ այլ ողջ հայության խնդիրն է:  Եւս մեկ անգամ ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ ԱԺ բոլոր միջազգային պատվիրակությունները արել և ամեն ինչ անելու են՝ մեր խնդրի հայանպաստ, արդարացի լուծման համար»,-ասել է ԱԺ փոխնախագահը:

Ամփոփելով հանդիսավոր միջոցառումը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հույս է հայտնել, որ  նման կազմով հանդիպումներ կլինեն նաև ապագայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031