ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչները տարբեր առիթներով հաճախ են լինում հայոց բանակի զորամասերում և արդեն ավանդույթ են դարձել նաև տարեմուտի այցերը սահմանապահ դիրքեր: Այս տարին ևս բացառություն չէր:
Դեկտեմբերի 28-ին ՀՀԿ կանանց խորհրդի անդամները կանանց խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ այցելել են Վայոց Ձորի մարզի սահմանամերձ գյուղերի պաշտպանական դիրքեր՝ տեղում ծանոթանալու մարտական հենակետերի սպառազինությանը, դիրքային ապահովվածությանը, գոտեպնդելու և ոգեշնչելու մեր զինվորներին:
Մարտական հերթափոխում կանգնած զինվորներն ու սպաները իրենց այցելած կանանց դիմավորել են ջերմությամբ և վստահեցրել , որ հայ մարտիկները զգոն են և օրվա ցանկացած պահի պատրաստ են արժանի հակահարված հասցնելու հակառակորդին և համարժեք գործողություններով լռեցնելու նրանց կրակակետերը։
Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ ՀՀԿ կանանց խորհրդի ղեկավար Հերմինե Նաղդալյանը շնորհավորել և բարեմաղթանքի խոսք է ասել Հայաստանի Հանրապետության բոլոր զինվորներին ու զինվորականներին։ Իր խոսքում Հերմինե Նաղդալյանը մասնավորապես նշել է, որ մեր զինվորները այս տարի ևս մեկ անգամ ապացուցեցին իրենց անկոտրում կամքը և գերազանց մարտունակությունը: Ապրիլյան մարտերում մենք շատ ցավալի կորուստներ ունեցանք , որոնց հիշատակը երբեք չի մոռացվելու: Բայց դա չկոտրեց մեր հայրենիքի պաշտպանների կամքը, նրանք ապացուցեցին, որ մեր ազգն անպարտելի է , իրենց ծնողները իրական հերոսներ են դաստիարակել, որոնցով հպարտանում է մեր ժողովուրդը և վախենում ու նահանջում թշնամին:
Կարդացեք նաև
,,Հայ զինվորը մեր բանակի ու պետության գոյության հենասյունն է , և երկրի պաշտպանության դիրքերում կանգնած մեր տղաները իրենց անսասան ոգով և մարտունակությամբ բարձր են պահում հայ զինվորի, հայոց բանակի և մեր ողջ ժողովրդի պատիվը,, ,-ընդգծել է Հերմինե Նաղդալյանը:
ՀՀԿ կանայք շրջել են զորամասերով, ծանոթացել զինվորների առօրյային և կենցաղին, ծավալված անմիջական զրույցի ընթացքում պարզել նրանց տրամադրությունն ու կարիքները:
Կանանց խորհրդի նախաձեռնությամբ դիրքերում կանգնած մեր մարտիկներին տոնական համերգային ծրագրով ողջունել են նաև Նոր-Նորքի մշակույթի կենտրոնի սաները: ՀՀԿ կանայք նվերներ և քաղցրավենիք են հանձնել զինվորներին: