Եղած հակամարտություններում լարվածության թուլացումը կլինի Ավստրիայի նախագահության տարիներին ԵԱՀԿ առաջնահերթություններից մեկը: Այս մասին ԱՊԱ-ի հետ զրույցում հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը:
2017թ. հունվարի 1-ից ԵԱՀԿ նախագահությունն անցնում է Ավստրիային:
«Կարծում եմ, որ ԵԱՀԿ տարածության մեջ զոհերի տեղիք տված բախումները, տեղափոխությունները և հազարավոր մարդկանց բնաջնջումը այն հիմնական մարտահրավերներից են, որոնց առաջ այսօր բախվում է Եվրոպան անվտանգության ոլորտում: Այդ իսկ պատճառով գոյություն ունեցող հակամարտություններում լարվածության թուլացումը կլինի ԵԱՀԿ առաջնահերթություններից մեկը ԵԱՀԿ-ում նախագահության տարիներին: Որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ես անձամբ կայցելեմ այդ իրադարձություններից տուժած շրջաններ, որպեսզի տեղեկություն ստանամ այդ տարածքներում իրավիճակի վերաբերյալ: Մեր նախագահությունն աջակցում է խաղաղ ճանապարհով կարգավորման գործող բանաձևերին և համանախագահների գործունեությանը»,- ասել է Կուրցը:
Նա նշել է, որ իրենք պարբերաբար տեղեկություն են ստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից՝ կապված Լենային Ղարաբաղի հակամարտության հետ: «Մենք մշտական կապ ենք պահպանում կողմերի հետ: Այդ պատճառով մենք ուշիուշով հետևում ենք իրավիճակին և ավելի լավ ենք հասկանում տարբեր դիրքորոշումները: Մենք ԵԱՀԿ մեր միջազգային գործընկերների հետ վստահ ենք, որ այս հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով: Այդ ուղղությամբ աշխատանքը մեր հիմնական առաջնահերթությունն է»,- վստահություն է հայտնել արտգործնախարարը:
Կուրցը հիշեցրել է, որ ապրիլին Լեռնային Ղարաբաղում սրացումից հետո իրենք դատապարտել են նման բախումները և կոչ արել կողմերին հրաժարվել ուժի կիրառումից:
Կարդացեք նաև
«Ավստրիայի ներկայացուցչությունը լիարժեք կերպով գիտակցում է իր պատասխանատվությունը և աջակցելով Մինսկի խմբի միջնորդական ջանքերին՝ պատրաստվում է ակտիվացնել իր մասնակցությունն այդ գործընթացում: Մենք նաև ուշադրություն կդարձնենք Մինսկի գործընթացի այլ տարրերի վրա: Այդ առումով՝ դեսպան Անջեյ Կասպրշիկը կլինի իմ անձնական ներկայացուցիչը, Պլանավորման խումբը բարձր մակարդակով կշարունակի աշխատանքը գնդապետ Հանս Լամպալզերի ղեկավարությամբ: Մենք կանենք անհրաժեշտ ամեն բան, որպեսզի կանխենք ապագայում հնարավոր լարվածությունը»,- ասել է պաշտոնյան:
Նա նաև նշել է, որ այդ ամենին հնարավոր է հասնել միայն համատեղ աշխատանքի արդյունքում, հետևաբար իրենք հատուկ ուշադրություն են դարձնում դիվանագիտությանը, առավել ակտիվ երկխոսությանը և հետագա քայլերի մշակմանը:
Կուրցի խոսքով՝ Ավստրիան միշտ պատրաստ է օգնություն տրամադրել, եթե Հայաստանն ու Ադրբեջանը նման խնդրանքով դիմեն: «Մեր նպատակն է աջակցել Մինսկի խմբի ձևաչափին, և ոչ թե նոր ձևաչափ ստեղծել: Եթե մենք որոշենք կոնկրետ ոլորտներ, որտեղ կարող ենք ուժեղացնել խաղաղության գործընթացը, ապա դա կանենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, դեսպան Անջեյ Կասպրշիկի, ինչպես նաև հակամարտության կողմերի հետ համաձայնությամբ: Մեր ընդհանուր նպատակն է ուժեղացնել երկխոսությունը և ապահովել բոլոր կենսական հարցերի շուրջ քննարկումներ դիվանագիտական ճանապարհով՝ բանակցությունների սեղանի շուրջ»,- եզրափակել է արտգործնախարարը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ