Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցությունը

Դեկտեմբեր 28,2016 16:35

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր, մտքեր փոխանակել մեր երկրում հակակոռուպցիոն քաղաքականության ու այդ ուղղությամբ իրականացվող երկկողմ փոխգործակցության վերաբերյալ:

Կարեն Կարապետյանն անդրադարձել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեությանը՝ տեղեկացնելով, որ նախատեսվում է ընդլայնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շրջանակը, ինչը կնպաստի նաև հանրության հետ հետադարձ կապի ապահովմանը:

Կոռուպցիայի դեմ պայքարում վարչապետը մեծապես կարևորել է կոռուպցիոն դրսևորումներ ծնող միջավայրի փոփոխությունը և ավելացրել, որ կառավարության յուրաքանչյուր նիստում իր կողմից հնչեցվող հանձնարարականները՝ ուղղված բիզնես միջավայրի բարելավմանը, ծառայությունների մատուցմանը, լիցենզիաների տրամադրմանը, տարբեր ոլորտներում մեկ պատուհանի սկզբունքի ներդրմանը և այլն, միտված են կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

Իր հերթին, դեսպան Միլսը նշել է, որ ամերիկյան կողմը պատրաստ է հակակոռուպցիոն քաղաքականության ուղղությամբ շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարությանը, երկարաձգել Կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված երկկողմ համաձայնագրի ժամկետը և անհրաժեշտ համարել նախանշել այն կոնկրետ քայլերն ու ծրագրերը, որոնց իրականացման նպատակով ամերիկյան կողմը պատրաստ է միջոցներ հատկացնել:

Դեսպանն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում տարբեր ուղղություններով կառավարությունն ունի ձեռքբերումներ և միաժամանակ կարևորել առարկայական բարեփոխումների շարունակությունը: Ռիչարդ Միլսի խոսքով՝ ԱՄՆ պատրաստ է նաև փորձագիտական աջակցություն տրամադրել դատաիրավական և հարկային բարեփոխումների իրականացման գործում:

Վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և նշել, որ կառավարությունն առաջիկայում ԱՄՆ գործընկերներին կներկայացնի փոխշահավետ համագործակցության ուղղությունները:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031