Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է լռում Գագիկ Ծառուկյանը

Դեկտեմբեր 28,2016 15:54

Aravot.am-ի հարցազրույցը ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ

– Չնայած ԲՀԿ խորհրդի ընդլայնված նիստից հետո Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ առաջիկա օրերին հստակ կտեսնեք, թե ի՞նչ ձեւաչափով է ինքը քաղաքականություն վերադառնալու, բայց տարին կարծես ավարտվում է, հայտարարություն դեռ չկա: Ինչո՞վ է դա պայմանավորված:

– Կարծում եմ, Գագիկ Ծառուկյանը շատ հստակ ձեւակերպեց իր ասելիքը՝ Գագիկ Ծառուկյանը, ստեղծված իրավիճակում, չի կարող իր մասնակցությունը չունենալ քաղաքական գործընթացներին: Սա փաստ է: Թե ինչ ձեւաչափով, ինչ կերպ՝ վստահ եղեք, Գագիկ Ծառուկյանն այդ մասին կհայտարարի անձամբ եւ բոլորդ հնարավորություն կունենաք իրեն ուղղել ցանկացած հարց: Մեկ բան հաստատ է՝ այսօր ակնհայտ է Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի կարիքը եւ դա, կարծում եմ, ամենամեծ խթանն է լինելու քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցելու համար:

naira_zohrabyan

-Առաջին նախընտրական դաշինքը «Ելք« անվամբ, արդեն կարծես ձեւավորվել է՝ Քաղաքացիական պայմանագիր, Լուսավոր Հայաստան եւ Հանրապետություն կուսակցությունների մասնակցությամբ: Նկատվում է նաեւ երկրորդ բեւեռը՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շուրջ: Ի՞նչ գնահատականներ ունեք:

-Ես իսկապես գնահատում եմ, որ քաղաքական գործիչները, որոնք ոչ վաղ անցյալում միմյանց հասցեին ոչ կոռեկտ ձեւակերպումներ էին թույլ տվել, այնուհանդերձ կարողացան անձնական ամբիցիաները դնել մի կողմ եւ փորձել միասին ձեւավորել քաղաքական օրակարգ: Շատ ավելի առարկայական կարող ենք խոսել նրանց հնարավորությունների մասին, երբ իրենք կներկայացնեն իրենց քաղաքական օրակարգը:

Ինչ վերաբերվում է Սեյրան Օհանյանի շուրջ ձեւավորվող քաղաքական դաշինքին, այս պահին ունենք միայն Սեյրան Օհանյանի հայտարարությունը՝ քաղաքական գործընթացներին մասնակցելու մասին, գումարած իր ֆեյսբուքյան էջում կատարած մի քանի գրառում: Դրանից ավելի կարծես թե ոչինչ արված չէ: Բայց ես գտնում եմ, որ իրավիճակն այնպիսին է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը հնարավորություն կունենան խորհրդարանում մեծ ներկայացվածություն ունենալու՝ միայն խոշոր բեւեռներ ձեւավորելու ճանապարհով: Այլ տարբերակ չկա:

-Սեյրան Օհանյանի եւ Վարդան Օսկանյանի գործունեության պարագայում, այնուհանդերձ բաց հարցեր մնում են, որովհետեւ երկու գործիչներն էլ մեկ տասնյակից ավելի տարիներ եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ եւ իրենց պաշտոնավարման տարիներին ոչ միայն չեն քննադատել, այլեւ պաշտպանել են օրվա իշխանության վարած քաղաքականությունը: Պաշտոնանկությունից հետո նրանց ընդդիմադիր դառնալը չե՞ք կարծում, որ հանրության մոտ օբյեկտիվ հարցեր կարող է առաջացնել:

-Նախ՝ ես իրավասու չեմ եւ կարծում եմ, նաեւ Սեյրան Օհանյանի ու Վարդան Օսկանյանի փոխարեն պարտավոր չեմ այդ հարցին պատասխանել: Երկրորդ, եթե շարժվենք այդ տրամաբանությամբ, ապա բոլոր նախկին պաշտոնյաներին պետք է նստեցնել էլեկտրական աթոռին՝ մահապատժի մեղադրանքով: Ոչ ոք չի կարող կադաստրի վկայական տալ՝ ով իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվելու, ով՝ ոչ: Այո, հարցեր կլինեն եւ Վարդան Օսկանյանի եւ Սեյրան Օհանյանի հետ կապված եւ ես վստահ եմ, որ պարոն Օսկանյանն, ով իր պաշտոնավարման տարիներին համբերատար պատասխանում էր բոլոր հարցերին, նույն կերպ այժմ էլ կպատասխանի: Սեյրան Օհանյանը՝ նույնպես: Ես կարծում եմ, որ այն քաղաքական գործիչները, ովքեր երկրում իրավիճակը լուրջ փոխելու քաղաքական հայտ են ներկայացրել, պետք է պատրաստ լինեն պատասխանել նաեւ շատ հարցերի:

– Խոսակցություններ կան, որ Գագիկ Ծառուկյանն էլ խորհրդարանական ընտրություններին մասնակցության համար ձեւավորելու է խոշոր քաղաքական բեւեռ, որին միանալու են տարբեր քաղաքական ուժեր, այդ թվում նաեւ նորաստեղծ «Միասնություն» շարժումը եւ այդ դաշինքն ընտրություններին մասնակցելու է «Ծառուկյան դաշինք» անվամբ: Ընդհանրապես ի՞նչ կարծիքի եք «Միասնություն» շարժման մասին:

-Կարծում եմ, «Միասնությունը» շատ ճիշտ եւ գրագետ քաղաքական օրակարգ է ձեւակերպել՝ քաղաքական սերնդափոխությունը: Դա մեր քաղաքական դաշտի եւ կուսակցությունների ամենալուրջ խնդիրն է: Անընդհատ նույն դեմքերն են՝ նույն օրակարգով: Այն քաղաքական միջավայրում, որտեղ քաղաքական սերնդափոխություն չի լինում, քաղաքական կենսոլորտը ուղղակիորեն դատապարտված է պերմանենտ տանուլ տալու: Մինչ այս պահը «Միասնությունը» բավական գրագետ ձեւակերպում է իր օրակարգը:

Ինչ վերաբերվում է համագործակցությանը՝ ԲՀԿ-ն հայտարարել է, որ մենք պատրաստ ենք ոչ իշխանական բոլոր ուժերի հետ համագործակցությանը, լայն օրակարգ ձեւավորելու՝ ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար:

Իսկ ինչ վերաբերվում է առավել սերտ համագործակցությանը՝ ես նորից կրկնեմ՝ բոլոր այդ հարցերին պատրաստ կլինեմ պատասխանել՝ միայն Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո: Ես ինձ իրավասու չեմ համարում Գագիկ Ծառուկյանի փոխարեն պատասխանել՝ որ քաղաքական ուժերի հետ է հնարավոր դաշինք կազմելը, որ քաղաքական ուժի հետ հնարավոր չէ: Բայց որ Գագիկ Ծառուկյանը ձեւավորելու է ամենաուժեղ, ամենակենսունակ եւ ժողովրդի վստահությունը վայելող ամենամեծ դաշինքը, ես կարծում եմ, այստեղ երկու կարծիք լինել չի կարող:

 

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031