Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի՝ Հայաստանի լավագույն 10 մարզիկների շարքում չհայտնվելը զարմանքի տեղիք է տվել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում: Մասնավորապես, այս իրադարձությանն է անդրադարձել բրիտանական մամուլը:
The Guardian-ը գրում է, որ Հայաստանի 2016թ. լավագույն 10 մարզիկների վարկանիշային աղյուսակը քննարկումների տեղիք է տվել Հայաստանում, քանի որ այնտեղ չի հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող Հենրիխ Մխիթարյանը:
Թերթը նշում է, որ աղյուսակը կազմվել է Հայաստանի Մարզական լրագրողների ֆեդերացիայի կողմից, որը լավագույն մարզիկ է ճանաչել Ռիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին:
«Այնուամենայնիվ, ցուցակից Հենրիխ Մխիթարյանի բացառումը, որը այս ամառ «Դորտմունդի Բորուսիայից» միացել է «Մանչեսթեր Յունայթեդին» և «Օլդ Թրաֆորդում» երկուշաբթի հիանալի գնդակ խփեց «Սանդերլենդի» դարպասին (3-1), զարմանքի տեղիք է տալիս, հատկապես որ նույն լրագրողները արդեն 7-րդ անգամ նրան ճանաչել են տարվա լավագույն ֆուտբոլիստ»:
Կարդացեք նաև
Express պարբերականը, հիշեցնելով վերջին շրջանում Հենրիխ Մխիթարյանի փայլուն խաղը և Սանդերլենդի հետ հանդիպմանը նրա խփած հրաշալի գնդակը, նույնպես զարմանք է հայտնում, որ նա դուրս է մնացել Հայաստանի լավագույն մարզիկների ցուցակից:
«Չնայած իր մարզավիճակին և այն փաստին, որ 7-րդ տարին անընդմեջ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, Մխիթարյանն անտեսվել է Հայաստանում սպորտի 10 լավագույն ներկայացուցիչների ցանկում»,- գրում է պարբերականը:
Նույն առիթով իր վրդովմունքն է հայտնել նաև Daily Mail-ը, որը հիշեցնելով ցուցակում հայտնված մարզիկներին, գրում է. «Բայց Մխիթարյանը, որը այս ամառ է տեղափոխվել «Դորտմունդի Բորուսիայից» և «Յունայթեդին» 26 մլն ֆունթ սթեռլինգ է արժեցել, որը ներառվել է Բունդեսլիգայի 2015-2016թթ խաղաշրջանի լավագույն թիմում, անգամ տեղ չի գտել նրանց շարքում»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ