«Մենք այս տարի ունեցել ենք ռեկորդային 21 տոկոս արտահանում, իսկ վերջին եռամսյակում այն կազմել է 25 տոկոս: Այս ցուցանիշները, սակայն, մեզ այնքան էլ չեն գոհացնում, քանի որ ՀՆԱ-ում այն կազմում է 30 տոկոս, իսկ մենք ամեն ինչ պետք է անենք, որ արտահանումը հասնի մինչեւ 40-50 տոկոսի»,- այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին ասաց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Նրա խոսքով, արտահանումը պետք է դիվերսիֆիկացնել. «Օրինակ՝ դեպի ՌԴ արտահանումը կազմում է մեկ շնչին 1,7 ԱՄՆ դոլար, իսկ Իրանի դեպքում՝ մեկ դոլար. կա բավականին չօգտագործված ներուժ»:
Նախարարն ասաց, որ ԵՏՄ պետք է արտահանել փոքր ծավալներով աշխատող ընկերությունների ապրանքներ, այդ կերպ նրանց իրենց ծավալները մեծացնելու հնարավորություն ընձեռել:
Կարդացեք նաև
Սուրեն Կարայանի կանխատեսմամբ, 2017 թվականին ՀՀ-ում ներդրումները կլինեն առնվազն 150-250 միլիոն դոլար:
Նրա խոսքով, ներդրումների աշխարհագրությունն է ընդլայնվելու, ստեղծելու են նաեւ օտարերկրյա ներդրումների պաշտպանության ինստիտուտ. «Նաեւ նոր օրենքի նախագիծ, որն ավելի պրակտիկ կդարձնի վեճերի լուծումը: Օրենքի շնորհիվ ոչ մի խտրական մոտեցումներ չեն կիրառվելու, ու ներդրողները հնարավորություն են ունենալու այլընտրանքային լուծումներ գտնել»:
Հարցին ի պատասխան, թե ավելի վաղ հայտարարել էիք, որ գործարար միջավայրի կողմից անվստահություն կա իշխանությունների նկատմամբ, ինչ եք կարծում կառավարության փոփոխությամբ վերականգնվե՞ց վստահությունը, պարոն Կարայանը հստակեցրեց. «Ես ասել էի՝ կա համագործակցության ոչ բավարար մակարդակ: Փորձում ենք այդ համագործակցությունը դնել բարձր մակարդակի վրա եւ դրանով փորձել բարձրացնել գործարար միջավայրի վստահությունը»:
Դիտարկմանն ի պատասխան, թե ՊԵԿ հրապարակած հինգ հարյուր խոշոր ընկերություններից 296-ը ռիսկային գոտում են ու տեղական ներդրողներ հիմնականում չկան, պարոն Կարայանը որպես պատճառ նշեց կառավարության հետ ճիշտ չհամագործակցելը. «Ռիսկայնության առումով նաեւ այդ ընկերությունների մեղքն էլ կա. նրանք ժամանակին խախտումներ են թույլ տվել պետության հետ շփումների մեջ, մասնավորապես հարկային դաշտում: Այնպես որ, այստեղ կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններ: Բոլոր այն ընկերությունները, որոնք պետության հետ կաշխատեն բաց ու թափանցիկ, մենք նրանց կողքին կլինենք: Արդեն կա այն տրամադրվածությունը, որ ՀՀ-ում գործող կազմակերպությունները պատրաստ են նոր ներդրումներ անել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ