Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 110 ամյակի եզրափակիչ հանդիսությունները, որոնք տեղի ունեցան դեկտեմբերին Երևանում, խորհրդանշական ավարտ ունեցան: Չորեքշաբթի, դեկտեմբերի 21-ին, ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնատեղի այցելեցին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ու «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի պատվո նախագահ, բարերար Գաբրիել Չեմբերջյանը, որոնք ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յագուբյանին հանձնեցին երկու պատմական արժեքավոր փաստաթղթեր:
Առաջին փաստաթուղթը, 22 մայիս 1906 թվակիր, ՀԲԸՄ Հիմնադիր նախագահ Պողոս Նուբար Փաշայի ստորագրությունը կրող բնօրինակ նամակն է ուղղված բոլոր ազգակիցներին, որում կոչ է անում Միության մասնաճյուղեր հիմնելու իրենց բնակված երկրներում: Երկրորդը, ՀԲԸ Միության հայտնի «Հրաւէր Առ Համօրէն Հայս» վերնագրով պատմական նշանակության փաստաթղթի տպագիր օրինակն է՝դրոշմված ՀԲԸՄ Կահիրեի մասնաճյուղի կնիքով: Այս փաստաթուղթն առաջին անգամ հրապարակվել է 1906թ. մայիսի 1-ին, որտեղ հրապարակավ հայտարարվում էր նորաստեղծ Միության հիմնադրման, գործունեության ու նպատակների մասին:
Միության համար արժեքավոր այս փաստաթղթերը հայտնաբերել է Հայկ Դեմոյանը, ով Գաբրիել Չեմբերջյանի աջակցությամբ ձեռք է բերել դրանք և համատեղ որոշումով նվիրել ՀԲԸՄ-ին:
Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր երկու հայրենակիցներին՝110-ամյակի առթիվայս անգնահատելի նվերի համար: Փաստաթղթերը խնամքով կպահվեն մեր հարուստ արխիվի պահոցներում: