Հարցազրույց ԼՂՀ նախագահի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ
-Ինչպե՞ս եք գնահատում Մինսկի խմբի աշխատանքն անցնող տարում, կարելի՞ է այն համարել արդյունավետ:
-2016-ը ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում եղավ թերեւս ամենաբարդ ժամանակահատվածը, այն բարդ էր նաեւ ԵԱՀԿ Մինսկ խմբի եռանախագահողների համար: Եղավ մի շրջան, երբ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով առհասարակ տապալվեց բանակցային գործընթացը:
Մինսկի խումբն արել է հնարավորը իրավիճակի շտկման ու տարածաշրջանում խաղաղության, կայունության վերականգման համար: Անշուշտ նրանց քայլը գնահատելի է: Համանախագահներից այլ բան սպասել դժվար է, մանավանդ երբ Ադրեբեջանը վարում է աննորմալ քաղաքականություն: Այս իրավիճակում առավել քան հրամայական է դառնում խաղաղության, կայունության պահպանման հարցը, ու սա շատ լավ են գիտակցում համանախագահները:
Կարդացեք նաև
Առհասարակ կարգավորման գործընթացը պետք է դիտարկենք երկու ուղղությամբ. մեկը բուն գործընթացն է, այստեղ անիրատեսական է ակնկալել շուտափույթ զարգացումներ կամ նկատելի բեկում, քանի որ Ադրբեջանը չի հրաժարվում իր նվաճողական քաղաքականությունից, մյուսը խաղաղության ու կայունության պահպանումն է, առանց որի հնարավոր չէ հասնել համապարփակ կարգավորման:
Այսինքն՝ եկող տարիներին հիմնական շեշտը դրվելու է հենց սրա վրա, այլ տարբերակ չկա: Հարավային Կովկասում լայնածավալ պատերազմի բռնկումը կամա-ակամա հակամարտության կողմ է դարձնելու գերտերություններին, իսկ դա չի բխում նրանց շահերից: Հետեւաբար բոլորը կաշխատեն խաղաղության պահպանման ուղղությամբ:
-Այս տարի ավելի շատ խոսվեց բանակցային ձեւաչափի խեղաթյուրված լինելու մասին, շեշտվեց, որ Արցախը շարունակում է չհամարվել բանակցային կողմ, ինչպես նաեւ՝ գործընթացը տեղից չի շարժվում, քանի որ կողմերի մոտեցումները տրամագծորեն հակառակ են մեկմեկու:
-Քառօրյա պատերազմը ապացուցեց, թե ովքեր են իրական կողմերը: Ստեղծվել է անհեթեթ վիճակ. կողմերից մեկը՝ Ադրբեջանը, պատերազմ սանձազերծողն էր, իսկ մյուսը՝ Արցախը, որը տարածաշրջանում խաղաղության պահպանման կողմնակիցն է, բանակցությունների լիարժեք կողմ չէ: Սա ապացուցում է, որ նման իրավիճակում անիրատեսական է բանակցային բուն գործընթացում բեկում ակնկալելը:
Դրա համար առաջին հերթին պետք է վերականգնել բանակցային լիարժեք ձեւաչափը: Կայունության ու խաղաղության պահպանման հարցում Արցախը եղել է ու կմնա որպես կողմ, ինչն ընդունում են բոլորը: Հետեւաբար այս հարցում եկող տարում հնարավոր է պահպանել կողմերի մասնակցությունն ու քայլեր կատարել հրադադարի պահպանման ուղղությամբ:
Ինչ վերաբերում է կողմերի մոտեցումների տրամագծորեն հակառակ լինելուն, ապա գիտեք, որ Ադրբեջանն ամեն օր հայտարարում է, թե ստատուս քվոն պետք է փոխվի: Դրա տակ իրենք հասկանում են տարածքների վերադարձ ու Խորհրդային Ադրբեջանի սահմանային իրավիճակի հաստատում:
Այսինքն՝ Ադրբեջանն ուզում է պահպանել իր կարծր դիրքորոշումը, մնալ նույն հայատյացը, բայց փոխել պատերազմի հետեւանքը, որը գծել է նոր սահմաններ ու նոր իրավիճակ: Նման բան չի կարող լինել: Եթե Ադրբեջանն ուզում է, որ առաջընթաց լինի, պետք է հրաժարվի իր ֆաշիստական մոտեցումներից, ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը: Այլ տարբերակ չունեն:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում