Լրահոս
Օրվա լրահոսը

Բարդույթների լեզվական դրսեւորումները

Դեկտեմբեր 28,2016 10:00

Վերջերս մի հետազոտություն կարդացի, որտեղ ցույց էր տրվում, թե ինչպես են տարբեր լեզվական դրսեւորումները բացահայտում անլիարժեքության բարդույթը: Օրինակ՝ Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանը պարտադրված չէ շեշտել իր միջազգային կարգավիճակը՝ առանց այդ էլ պարզ է: Բայց երրորդական քաղաքի կամ երկրորդական երկրի օդանավակայանը դա անպայման հպարտորեն նշում է: Կամ՝ Հարվարդը, երբ առաջարկում է իր ուսումնական ծրագրերը, գովազդում չի նշի, որ այն «էլիտար» բուհ է: Բայց նույն Միացյալ Նահանգներում կան բուհեր, որոնց անունն այնքան «բարձր ու վսեմ» չի հնչում, որ նրանք չգովազդեն իրենց «էլիտարությունը»: Ճիշտ նույն ձեւով կարելի է օրինակ բերել Հայաստանի իրականությունից. եթե Մարզահամերգային համալիրում համերգ տա Շարլ Ազնավուրը, դժվար թե ազդագրում նշվի, որ նա «շանսոնի լեգենդ է»: Բայց եթե Ռուսաստանից գա «կալանավայրի պոետիկան» գովազդող որեւէ երգիչ, շատ հնարավոր է, որ նրան «ռուսական շանսոնի լեգենդ» անվանեն:

Քանի որ մոտենում է նախընտրական ինքնագովազդի շրջանը, ես էլ իմ կողմից մի քանի նկատառում հայտնեմ: Երբ թեկնածուն կամ կուսակցապետն ասում է՝ «ես այսինչ բանը կանեմ, եթե հաղթեմ», դա նորմալ է: Բայց եթե նա իր մասին խոսում է երրորդ դեմքով, եւ առավել եւս՝ երբ նա իր մասին ասում է՝ «Այսինչ Այսինչյանը էն մարդն է, որը…», կամ՝ «Սաղ ժողովուրդը գիտի, թե ինչ է Այսինչյան Այսինչը արել էս ազգի համար», իմացեք՝ հավակնորդի ենթագիտակցության ինչ-որ մի հեռավոր անկյունում կա անվստահություն, թերահավատություն իր ուժերի նկատմամբ: Նմանատիպ հոգեբանական մեխանիզմը ստիպում է երեխային խոսել բամբ ձայնով, որպեսզի ընկալվի որպես մեծահասակ, կամ՝ կիագրագետ պաշտոնյաներն ու պատգամավորները թեկնածուական կամ դոկտորական թեզ են պաշտպանում, որովհետեւ զգում են իրենց մտավոր անլիարժեքությունը:

Սեփական ուժերի հանդեպ անվստահության հաջորդ դրսեւորումն է կուսակցությունների միավորումների անվանումների մեջ «ճակատ», «համաժողովրդական», «համազգային» բառերի ներառումը, որոնք իբր հավակնում են հասարակական կոնսոլիդացիայի, բայց իրականում արտացոլում են այդ միավորումների հատվածականությունը: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ 7-8 հատ ճակատ կամ համազգային, համաժողովրդական շարժում չի կարող լինել: Եթե գտնվի մի գաղափար, որն ընտրությունների ժամանակ կհամախմբի ՀՀ քաղաքացիներին (էլ չասեմ՝ «ողջ հայությանը»), ապա որեւէ կուսակցական միավորման անհրաժեշտություն չի լինի: Իսկ քաղաքական միավորների ամպագոռգոռ անունները դարձյալ անլիարժեքության բարդույթի դրսեւորումներ են:

Վերջապես, եթե որեւէ քաղաքական գործիչ ներկայանա որպես «փրկիչ» կամ «փրկություն» բերող, իմացեք՝ նա ոչ միայն կոմպլեքսավորված մարդ է, այլեւ մարտնչող տգետ:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Որքան գիտեմ, խոսել սովորող երեխան սկզբում ինքն իր մասին արտահայտվում է 3-րդ դեմքով և որոշ ժամանակ անց անցնում է 1-ին դեմքի, և բնականաբար այդ երեխայի առումով 3-րդ դեմքի պահը նշանակում է ինքնաճանաչման գործընթացի սկիզբ: Քաղաքական գործիչների առումով նույն երևույթը երևի դրսևորվոււմ է որպես անվստահություն:

  2. Լավատես says:

    Ասում են, մարդ իր հնարավորությունների միայն հինգ տոկոսն է օգտագործում, իսկ մնացած իննսունհինգ տոկոսը ջուրն ենք գցում, այսինքն՝ հինգ տոկոսանոց օգգ ունենք։ Եթե կախարդական փայտիկ ունենայի մենակ մի բան կխնդրեի՝ էդ մնացած իննսունհինգ տոկոսն էլ լիարժեք օգտագործեի ու ոչ միայն ես, այլեւ ողջ մարդկությունը, բայց առաջին հերթին իհարկե հայությունը։ Ով կախարդական փայտիկ ունի կամ ով աստծո հետ ուղիղ կապ ունի՝ նրանց բախտը բերել է՝ նրանց օգգն հինգից շատ ավելի մեծ տոկոս է, իսկ մեզ՝ գետնաքարշներիս բախտը չի բերել՝ մենք ոչ կախարդական փայտիկը գիտենք ինչ բան է, ոչ էլ աստված ենք ճանաչում, ինչքան էլ ձեւ ենք թափում իրար դիմաց, իբր թե հավատացյալ ենք։ Բայց օգգի մեծացման ու համապատասխանորեն կախարդական փայտիկը գտնելու կամ աստծո հետ ուղիղ կապ հաստատելու համար կա մի շատ գետնաքարշ ու շատ իրական ու քանիցս փորձված միջոց, դա այն է, որ լիարժեք՝ հարյուր տոկոսով իրացնես քո ունեցած ողջ հինգ տոկոսը մինչեւ վերջին ջիգը, բայց հենց բողոքեցիր սրանից նրանից՝ վերջ, դու քո եռանդը պարպեցիր ու մոռացիր, դու երկու տոկոս էլ օգգ չես հավաքի։ Ցանկանում եմ մեզ բոլորիս՝ չվախենալ փոփոխություններից, ինքներս նախաձեռնենք այդ փոփոխությունները ու հզորագույն ձիրք, ինքնասիրություն ու այդ փոփոխությունները հաղթանակով կպսակվեն։

  3. moso says:

    Ըստ ինձ, եթե մեկն ինքն իրեն հրապարակ է նետում ու խոստումներ շռայլում արդեն իսկ արժանի չէ հարգանքի: Մարդը պիտի իր գործով ու վարքով գնահատվի եւ այլոց կողմից պիտի խնդրվի՝ իրենց գլխին ղեկավար ու դատավոր լինել: Բայց, որ պոռոտախոսը ինձ պիտի հարցնի?

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031