Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Իրան. երրորդն ավելորդ է

Դեկտեմբեր 28,2016 22:00

2016-ն ավարտվեց տարվա կարեւորագույն այցով. Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին պաշտոնական այցով ժամանեց Երեւան: Սա նրա առաջին այցն էր Հայաստան ավելի քան երեք տարի պաշտոնավարելու ընթացքում:

Հայաստանի եւ Իրանի նախագահների կողմից ստորագրված համատեղ հայտարարության մեջ բացակայում է անդրադարձը տարածաշրջանային անվտանգությանը, մինչդեռ կարելի է բացառել, որ այդ հարցը շրջանցվել է դեմ առ դեմ հանդիպման ժամանակ: Երկու պետություններն էլ, շրջապատված լինելով տեւական հակամարտություններով, խիստ շահագրգռված են անվտանգության միջավայրի էական փոփոխությամբ, եւ ակնհայտ է, որ ռազմավարական առումով Երեւանի եւ Թեհրանի շահերն ուղղակի համընկնում են: Սակայն այլ են իրողությունները:

Ընդունված հայտարարության տեքստն աչքի է ընկնում մեծ զգուշավորությամբ եւ, անշուշտ, չի ներառում Հայաստան-Իրան հարաբերություններում առկա փոխադարձ հետաքրքրությունների ողջ ծավալը, ինչպես նաեւ չի «ձգում» առկա ներուժին համարժեք որակին:

Խոսքն, առաջին հերթին, վերաբերում է անվտանգության ոլորտին եւ երկկողմ, փոխադարձ հետաքրքրություններին տարածաշրջանային համատեքստում: Եվ գլխավոր սահմանափակող գործոններն այստեղ գտնվում են Մոսկվայում, գործոններ, որոնցով ներծծված է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ամբողջ հյուսվածքը եւ փիլիսոփայությունը: Այս հակասությունները, որոնց մասին ասվել է բազմիցս, Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների ֆոնին դառնում են ուղղակի բացահայտ: Հաշվի առնելով Հայաստանի հայտնի արտաքին քաղաքական խնդիրները՝ անկասկած է, որ ռազմավարական նշանակության ցանկացած նախագիծ Իրանի հետ Հայաստանի համար հատվում է անվտանգության հարթության հետ: Մանավանդ, երբ հայտնի է, որ հայ-իրանական տնտեսական համագործակցության գլխավոր ներուժը կազմում են էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտները:

Սրանք ոլորտներ են, որոնք Երեւանի «հեռատես» քաղաքականության հետեւանքով մաս առ մաս, ոլորտ առ ոլորտ, շուկա առ շուկա փոխանցվել, վաճառվել կամ նվիրվել են ռուսներին եւ մոնոպոլիզացվելով՝ վերածվել պարզապես կապանքների. գազ եւ բաշխում, էլեկտրաէնեգետիկա եւ բաշխում, նավթամթերք, երկաթգիծ: Հետեւաբար Հայաստանը դրանով իսկ վերածվել է այդ ոլորտներում որոշում ընդունողից պասիվ դիտորդի՝ ամրագրելով իր այս ստորացուցիչ կարգավիճակը պայմանագրերով, որոնք ոչ միայն անհարիր են անկախ պետությանը, այլեւ հղի են վտանգներով, եթե հաշվի առնենք, թե ինչ մահաբեր եւ ավերիչ քաղաքականություն է վարում Մոսկվան հետխորհրդային տարածքում, հատկապես՝ Հարավային Կովկասում: Դրան գումարած՝ Հայաստանն անդամակցելով ՀԱՊԿ-ին եւ ստեղծելով Ռուսաստանի հետ, այսպես կոչված, «համատեղ զորախումբ»՝ նաեւ պաշտպանական ոլորտում իր համագործակցության հնարավորություններն է սահմանափակել, որքան էլ որ հայ պաշտոնյաները պնդեն հակառակը կամ փորձեն ապացուցել, թե դա որքան նպաստավոր է Հայաստանի անվտանգության համար:

Բնականաբար, երրորդ կողմի այսպիսի աննորմալ չափերի հասնող ներկայությունը թույլ չի տալու Երեւանին, որպեսզի հանդես գալով որպես սուբյեկտ՝ կատարի քայլեր, որոնք կբխեն մեր ազգային շահերից:

Իսկ Մոսկվայի շահերին հակացուցված է, որպեսզի հայ-իրանական երկկողմ հարաբերությունները ձեռք բերեն ռազմավարական ծավալներ: Մոսկվայում շատ լավ հասկանում են, որ դա էապես կբարձրացնի Հայաստանի ինքնուրույն քաղաքականություն վարելու հնարավորությունները: Իսկ դա նշանակում է, որ տարածաշրջանում Մոսկվայի դիրքերը կարող են հայտնվել մեծ ռիսկերի տակ: Բացի դրանից, պատժամիջոցների ներքո հայտնված Մոսկվայում նաեւ լավ են պատկերացնում, թե ինչ ահեղ մրցակից կարող է դառնալ պատժամիջոցներից ձերբազատված Իրանն իր ահռելի նավթագազային պաշարներով, իր՝ եթե Թեհրանը հնարավորություն ստանա դուրս գալ դեպի Սեւ ծովի ափ իր համար ամենաշահավետ եւ ամենաանվտանգ երթուղով՝ Իրան-Հայաստան-Վրաստան, կապելով Հնդկական օվկիանոսը եւ Պարսից ծոցը Սեւ ծովին: Մոսկվան դրա համար չէ՛, որ կառուցել է «Հյուսիսային հոսք» եւ «Երկնագույն հոսք» գազատարները, իսկ հիմա էլ ձգտում է դրան ավելացնել «Թուրքական հոսքը», որպեսզի թույլ տա նման՝ իր շահերի համար աղետալի զարգացում Հարավային Կովկասում, ինչն ուղղակի կարող է հետագայում գրեթե զրոյացնել ռուսական գործոնը Եվրոպայում:

Ի տարբերություն Ռուսաստանի, եւ անկախ նրանից, թե ինչ բարդություններ կան Իրան-Արեւմուտք հարաբերություններում, Թեհրանի կովկասյան քաղաքականությունը կարելի է համարել տարածաշրջանային իրողությունների կարեւորագույն կոնստանտներից մեկը, այն է՝ Իրանը վերջին գրեթե երկու հարյուր տարվա ընթացքում Կովկասում եղել եւ մնում է որպես խաղաղության եւ կայունության գործոն: Ի տարբերություն մեր տարածաշրջանի մնացած երկու հարեւանների՝ Իրանը, որտեղ բազմաթիվ անգամ պետական կարգ է փոխվել, վերջին գրեթե երկու հարյուր տարվա ընթացքում ոչ մի պատերազմ չի վարել Կովկասում, չի ներխուժել, շրջափակման չի ենթարկել ոչ մեկին, Իրանի հյուսիսային սահմանը չի՛ փոխվել՝ ի տարբերություն Թուրքիայի արեւելյան եւ Ռուսաստանի հարավային սահմանների:

Օրվա հրամայականն է, հետեւաբար, որպեսզի Հայաստան-Իրան երկկողմ օրակարգն ուղղակի մաքրվի ռուսական գործոնից: Մինչդեռ տարբեր հայ պաշտոնյաներ, մեկնաբանելով պարոն Ռուհանիի այցը Երեւան, համառորեն շարունակում են այդ օրակարգի «պոչին» կպցնել այդ չարաբաստիկ ԵՏՄ-ն, Իրան-Հայաստան-Վրաստան ձեւաչափին արհեստականորեն հարմարեցնել չորրորդ բաղկացուցիչը որպես հինգերրորդ անիվ՝ Ռուսաստան, փորձելով խուսափել վճռական որոշումներ ընդունելու պատասխանատվությունից եւ ռիսկերից:

Եվ ուրեմն մնում է արձանագրել, որ եթե Երեւանը պատշաճ քաղաքական կամք չդրսեւորի Հայաստան-Ռուսաստան հիվանդագին հարաբերությունները վերանայելու ուղղությամբ, ապա Հայաստան-Իրան համատեղ ծրագրերը կարող են դառնալ իրականություն միայն այնքանով, որքանով դա չի սասանի Մոսկվայի՝ ներկայիս չափերի եւ որակի ներկայությունը տարածաշրջանում եւ կշարունակի վերահսկելի մնալ նրա կողմից: Հայաստանում չկա գազային բիզնես, նավթային բիզնես, երկաթուղային բեռնափոխադրումների բիզնես. Հայաստանում կա ռուսական մոնոպոլ բիզնես այդ ոլորտներում, որոնք կանխորոշում են Հայաստանի էներգետիկ եւ էներգատրանսպորտային քաղաքականությունը, ըստ որի՝ մի շարք պաշտոնյաներ եւ վերլուծաբաններ դեռ քսան տարի էլ չեն հոգնի «հաղթական» մեկնաբանություններ շռայլել առ այն, թե ի՜նչ «հրաշալի հարաբերություններ ենք կառուցում» Իրանի հետ…

Մենք ուղղակի իրավունք չունենք կորցնելու այս պատմական հնարավորությունները, որոնք նոր են բացվել Անկախությունից ի վեր: Իսկ քաղաքական կամքը երկնքից չի իջնելու Երեւանի վրա: Դա կարող է լինել բացառապես որպես իշխանության, հասարակության, քաղաքական ուժերի միահամուռ ջանքերի արդյունք: Ի դեպ, 2017-ի ընտրություններին ընդառաջ՝ ժամանակն է, եթե ոչ ուշացած, որպեսզի հարցերի վերը նշված շրջանակը ոչ միայն ներառվի իշխանությանը հավակնող սուբյեկտների օրակարգում, այլեւ ստանա ոչ պակաս կարեւորություն, որքան Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն է: Ավելին, Հայաստան-Իրան օրակարգը որքանո՞վ կդառնա իրականություն՝ դա էականորեն կմեծացնի Հայաստանի հնարավորությունները նաեւ վերը նշված երկու կենսական կարեւորության հարցերում: Այո՛, երրորդն այստեղ ավելորդ է: Բոլոր դեպքերում: Եվ հարց է բաց մնում՝ ո՞վ է այդ երրորդը՝ Հայաստա՞նը, թե՞ Ռուսաստանը:

 
Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

28.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Seyran says:

    Երկարաշունչ հակառուսական հոդվածներ եք գրում,պղտորում մարդկանց հոգիները:Երբւէ Ձեզ ինքներդ հարց տվել եք?՝ինչպես կընդուներ Ախմադինեջադյան Իրանը,եթե ՀՀ-ն ՀԱՊԿ-ի մեջ մտնելու փոխարեն ՆԱՏՕ-ի մեջ մտնելու փորձեր ձեռնարկեր:Առնվազը Իրանի հետ ճանապարհը կփակվեր,էլ չեմ ասում,որ հհարավոր էր Իրանի շահերի վեկտորը փոխվեր դեպի Ադրբեջան՝այդտեղից ելնող մեզ համար ոչ ցանկալի հետևանքներով:Երբ ՀՀ-ն սկսել էր եվրաինտեգրման գործողությունները,ռուսական մի շարք քաղաքական գործիչներ մեզ սպառնում էին և Իրանի ներխուժմամբ,և Թուրքիայի և Ադրբեջանի…:Իսկ նրանք հենց այնպես չեն արտահայտվում՝իշխանական պատվեր են կատարում:Իսկ դա ինչպես է իրագործվում՝գիտենք 1920 թվականից և նրանից հետո:Ցեղասպանության ենթարկված ժողովրդի տարածքները նվիրեցին այն իրագործողներին՝ առանց խղճի խայթ զգալու:Եվրոպան կամ ԱՄՆ-ն այն ժամանակ թուրքերի հետևին կանգնեցին՝իրենց շահը վեր դասեցին արդարություն կոչվող միամտությունից:
    ԵՎ հետո,աշխարհը կառավարվում է ,,գողական,,համակարգով՝խոշոր ,,գողերը,, իրար մեջ բաժանում են ազդեցության գոտիները և մեկը մյուսի գոտին թափանցելուց՝պատերազմն անխուսափելի է:Մենք ռուսական ազդեցության գոտում ենք՝ուզենք թե չուզենք:Մեզանից հարցնող չկա…..

  2. Seyran says:

    Վերջին օրերին երկրորդ մեկնաբանությունն եմ ներկայացնում՝չեք տպագրում:Հետո չասեք այլակարծությանը կողմ եք:Հարգանքներով Սեյրան Դոլունց,քաղաք Գորիս.

  3. Seyran says:

    Մեծապես շնորհակալ եմ և շնորհավորում եմ գալիք Նոր Տարին ևՍուրբ Ծնունդյան տոնը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031