Ըստ Դավիթ Շահնազարյանի` ՌԴ կողմից Ղրիմի բռնակցումից եւ ապրիլյան պատերազմից հետո պարզ է, որ միջազգային երաշխիքները չեն գործում
– Պարոն Շահնազարյան, նախ անդրադառնանք ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակին:
– ԼՂ խնդրի կարգավորման շուրջ ընթացող զարգացումներն առավել քան մտահոգիչ են: Ժամանակագրությամբ դիտարկենք մի քանի իրադարձություններ: Նոյեմբերի 28-ին Բաքվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրեցին համատեղ հայտարարություն ԼՂ կարգավորման վերաբերյալ, որում նշվեց, որ նրանք կարեւորում են հակամարտության լուծումը՝ համապատասխան միջազգային իրավունքի նորմերի եւ համընդհանուր ընդունված սկզբունքների՝ «նախեւառաջ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանման եւ սահմանների անձեռնմխելիության սկզբունքների հիման վրա»: Ուշագրավ է, որ նշելով կարգավորման կարեւորությունը` նրանք առաջնայնություն տվեցին տարածքային ամբողջականության սկզբունքին, եւ բացակայում է «խաղաղ» բառը:
– Բայց այդ հայտարարությունը շարունակություն ուներ, որում հիշատակվում էին նաեւ ԵԱՀԿ որոշումները, ԵԱՀԿ շրջանակներում իրականացվող ջանքերը, Մինսկի խումբը:
Կարդացեք նաև
– Շարունակությունում, երբ նրանք հղում են կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, նշվել է «խաղաղ կարգավորում», սակայն իրենց գնահատականում «խաղաղ» բառը չի հիշատակվում: Բացի այդ, առկա էր չթաքնված դժգոհություն ԵԱՀԿ ՄԽ եռանախագահներից: Այդ հայտարարության բովանդակությունը հակասում է եռանախագահող պետությունների որդեգրած դիրքորոշմանն ու կարգավորման սկզբունքներին: Առնվազն զարմանալի ու անհասկանալի է, թե ինչու դրանից հետո ՀՀ-ում Բելառուսի դեսպանը չի կանչվել Հայաստանի ԱԳՆ, որպեսզի արտահայտվի ՀՀ պաշտոնական դժգոհությունը ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում մեր, այսպես կոչված, դաշնակցին:
Հաջորդը: Դեկտեմբերի 1-ին Թուրքիա կատարած այցի ընթացքում, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, ՌԴ ԱԳ նախարար Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հետ քննարկում է ԼՂ կարգավորման գործընթացը: Դրա հաջորդ օրը Չավուշօղլուն անմիջապես չծրագրված այցով ժամանում է Բաքու, որտեղ հանդիպում է Ադրբեջանի ԱԳ նախարարին եւ նախագահին, ապա հայտարարում է ԼՂ խնդրի վերաբերյալ ռուսական նախաձեռնության մասին՝ նշելով, որ ռուսական նախաձեռնությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների շրջանակներից դուրս է:
Այս շղթայի մյուս կարեւոր իրադարձությունը դեկտեմբերի 5-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի այցն էր Ռուսաստան: Թուրքական պատվիրակության անդամ, Թուրքիա-Ռուսաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ռեջաի Բերբերը նույնպես շեշտեց ռուս-թուրքական նախաձեռնությունները՝ նշելով, որ Թուրքիան ու Ռուսաստանը պայմանավորվել են ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման շուրջ:
Հաջորդը` դեկտեմբերի 9-ին Համբուրգում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նստաշրջանի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էրոն, հայտարարություն տարածեցին, որում կոչ արեցին հարգել նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ եւ վերացնել խոչընդոտները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հարցում ու առաջընթաց արձանագրել ԵԱՀԿ-ի կողմից հետաքննական մեխանիզմի ստեղծման գործում: Սակայն դրան անմիջապես հաջորդեց Լավրովի արձագանքը: Նա Համբուրգում նշեց, որ հակամարտության գոտում նոր դիտորդների տեղակայման շուրջ փոխհամաձայնություն ձեռք չի բերվել: Սա բացահայտ մեսիջ էր՝ ուղղված Ադրբեջանին, որ «ամեն ինչ նորմալ է, ուշադրություն մի դարձրեք այդ հայտարարությանը»:
Սա վկայում է այն մասին, որ ՌԴ-ն դեմ է վստահության ամրապնդման այդ միջոցառումների կիրառմանը:
Ակնհայտ է, առաջինը` օգտվելով աշխարհաքաղաքական անվտանգության առկա անորոշ իրավիճակից, հատկապես ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանություն ստանձնելու այս ժամանակահատվածից, ՌԴ-ն փորձում է նվազեցնել, եթե ոչ՝ զրոյացնել ԵԱՀԿ ՄԽ-ի դերը, ինչին նա վաղուց է ձգտել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ միասին: Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը երբեք չեն թաքցրել իրենց բացասական դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ-ի ձեւաչափի հանդեպ:
Երկրորդը` ակնհայտ է, որ ռուսական այս նախաձեռնությունը, որը պաշտպանվել է թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի կողմից, Մոսկվա-Անկարա-Բաքու նախաձեռնությունն է: Դա նույն «Լավրովի պլան» կոչվածն է, որը վերջերս ռուս փորձագետների կողմից արդեն սկսել է հիշատակվել որպես «Պուտինի պլան», որի առանցքային կետերն են, մասնավորապես, հինգ շրջանների վերադարձը Ադրբեջանին եւ ռուսական զորքերի, այսպես կոչված` խաղաղապահների տեղակայումը ԼՂ հակամարտության գոտում:
Չի բացառվում նաեւ, որ ՌԴ-ն ցանկություն ունենա նաեւ հասնելու ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությանը, որի մասին ուղղակիորեն Ալիեւը, հոկտեմբերի 18-ին Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում խոսելով ԵԱՏՄ-ին անդամակցության մասին, ակնարկեց, թե «ոչինչ բացառել չի կարելի»:
Ակնհայտ է, որ ռուսական պլանն ավելի ընդգրկուն է` այն Ադրբեջանն իր արբանյակը դարձնելու, ընդհանրապես Հարավային Կովկասում Մոսկվայի գերիշխանությունը հաստատելու, ազդեցությունն ամրապնդելու ձգտում է, որն իմ ունեցած տեղեկություններով՝ լուրջ մտահոգություն է առաջացրել Թբիլիսիում՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր շրջանակների մոտ:
Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունները քաղաքական իմաստով ի վիճակի չեն դիմակայելու ռուսական այդ ծրագրին: Բայց միեւնույն ժամանակ, վստահ եմ, Հայաստանը համաձայնություն չի տա որեւէ շրջանի վերադարձին: Այս իրավիճակում չեմ բացառում, որ կրկնվի ապրիլյան ռազմական գործողությունների սցենարը, որը տապալվեց ԼՂՀ Պաշտպանության բանակի շնորհիվ: Այդ սցենարի կրկնությունը առավել քան իրական է, ընդ որում՝ հաջորդ անգամ Ադրբեջանին ռազմական գործողություններում սպառազինությունների կիրառման ավելի լայն իրավունքներ կընձեռվեն Կրեմլից:
Ո՞րն էր ապրիլյան գործողությունների սցենարը` Ադրբեջանը հարձակվելու էր, գրավելու էր մի քանի շրջան, դրանից հետո Մոսկվան պետք է հայտարարեր` հայկական կողմն ի վիճակի չէ պաշտպանել ԼՂ-ն, անհրաժեշտ է ռուս խաղաղապահների տեղակայում: Կարծում եմ՝ սա էր ապրիլյան լեգենդը, որը ձախողվեց բացառապես ԼՂՀ ՊԲ-ի հերոսական դիմադրության շնորհիվ:
Ռուս-թուրքական հերթական ծրագիրը տապալելու մեր միակ հույսը Զինված ուժերն են: Մի առիթով արդեն ասել եմ, կրկնեմ` հաջորդ պատերազմը, որն, իմ կարծիքով, անխուսափելի է, լինելու է հայրենական պատերազմ: Ժամկետները կորոշի ՌԴ-ն` կախված աշխարհաքաղաքական զարգացումներից: Եթե մինչ այժմ Արեւմուտքին հաջողվել է կասեցնել ռուսական այս ծրագիրը, ապա հիմա լուրջ մտավախություն ունեմ, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության, ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների անորոշության պայմաններում այդ սցենարը Մոսկվան կարող է իրագործել:
– Պաշտոնական Երեւանը մի քանի անգամ հայտարարել է, որ «Լավրովի պլան» գոյություն չունի: Ձեր նշած իրադարձություններից հետո, վերջերս, Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում մշակույթի գործիչների հետ հանդիպմանը նշեց` «այս պահին բանակցություններ չկան», ապա այսպիսի միտք արտահայտեց. «…ե՛ւ զորքը, ե՛ւ բնակչությունը, ե՛ւ ԼՂՀ քաղաքացիներն արդեն պատրաստ պետք է լինեն մի դժվարին ժամանակահատված անցկացնելու…»: Կարո՞ղ ենք ասել, որ ՀՀ իշխանությունն ամենաբարձր մակարդակով անուղղակիորեն կրկին արձանագրեց, որ մերժում է ռուսական այդ պլանը:
– Վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունը մերժել, մերժում է եւ կմերժի «Լավրովի պլանը»: Որ այն գոյություն ունի` փաստ է, թեեւ Մոսկվան պաշտոնապես չի հաստատում, սակայն պաշտոնական Անկարան եւ Բաքուն շարունակ դրա գոյության մասին են խոսում, իսկ ռուսական կողմից որեւէ հերքում չի արվում: Ռուս-թուրքական ծրագրին պետք է դիմակայել բանակով:
– ՌԴ-ի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշման մի տարբերակ չէ՞ր այն, որ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը աշխատանքային այցով մեկնեց Բաքու:
– Ռոգոզինի այցը հաջողված որակեց թե՛ ռուսական, թե՛ ադրբեջանական կողմը: Ռոգոզինը, լինելով ՌԴ փոխվարչապետ, պատասխանատու է ռազմական արդյունաբերության եւ սպառազինության մատակարարման գործարքների համար: Չափազանց մտահոգիչ էր նաեւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցը Բաքու: Չմոռանանք, որ ՌԴ-ի հետ 5 միլիարդ դոլարի սպառազինության գործարքից բացի, Ադրբեջանը գրեթե նույնչափ գումարի սպառազինությունների գործարք է կնքել նաեւ Իսրայելի հետ:
– Այսինքն՝ Մոսկվան ու Բաքուն համատեղ պլանով ձգտում են հասնել ԼՂ խնդրի վերջնական կարգավորմա՞ն:
– Ռուսաստանը ԼՂ խնդրի համապարփակ կարգավորմամբ երբեք շահագրգռված չի եղել եւ երբեք չի էլ լինելու: Ադրբեջանը կրկին առաջ է քաշել ԼՂ խնդրի կարգավորման «փուլ առ փուլ» տարբերակը: Սակայն այդ տարբերակը դադարել է գոյություն ունենալ, առաջին հերթին՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո, երբ պարզ դարձավ, որ միջազգային երաշխիքների ինստիտուտներն այլեւս չեն գործում, եւ երկրորդ` ապրիլյան ռազմական գործողություններից հետո:
Ցավոք, այն, ինչ ՀՀ իշխանությունները պաշտոնապես հայտարարում են, որ ԼՂ կարգավիճակի միջազգային ճանաչումն է առաջնային, եւ այն պետք է ճանաչվի Ադրբեջանի կողմից, այդ ուղղությամբ իրականացվող ակտիվ նախաձեռնողական քաղաքականություն չեմ տեսնում հայկական կողմից: Այս ծրագրի բաղկացուցիչ մասը պետք է լինի ԼՂՀ-ին որպես կարգավորման լիարժեք կողմ բանակցությունների սեղանին վերադարձնելը, այս ուղղությամբ նույնպես ոչինչ չի արվում:
– Ի՞նչ կարելի է կանխատեսել 2017 թվականի համար` Հայաստանի, մեր տարածաշրջանի եւ աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումների առումով:
– 2017 թվականը չափազանց ծանր տարի է լինելու մեզ համար: Թրամփի նախագահության սկզբնական շրջանը բարդ փուլ է լինելու, մինչեւ որ ամերիկյան նոր վարչակազմը համոզվի, որ ՌԴ-ի հետ արդյունավետ աշխատելու հույսերը լոկ պատրանքներ էին, ինչը, ի դեպ, տեղի ունեցավ Օբամայի վարչակազմի օրոք. 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ սկսեց «Reset»-ի քաղաքականություն: Նույն ճանապարհը կանցնի Թրամփի վարչակազմը: 2017-ը վճռորոշ տարի է Եվրամիության եւ եվրոպական անվտանգության համար:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա իմ կարծիքով՝ Ռուսաստանի ճնշմամբ Հայաստանը համաձայնվեց ստեղծել հայ-ռուսական համատեղ զորամիավորում, որի արդյունքում ՌԴ-ն ձեռք բերեց հայկական բանակի վրա ուղղակի ազդեցության լծակներ: Անհասկանալի է նաեւ, թե ինչու մինչեւ հիմա Հայաստանն ու ԼՂՀ-ն չեն ստորագրում ռազմաքաղաքական փոխօգնության պայմանագիր, որի մասին խոսեց Սերժ Սարգսյանը ապրիլյան ռազմական գործողությունների օրերին: Համոզված եմ, որ դա չի իրականացվում ՌԴ-ի ճնշման պատճառով:
Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է ոչ թե Հայաստանի պետական շահերի, ՀՀ քաղաքացիների շահերի վրա, այլ դոգմատիկ բնույթ ունի, որի հիմքում ընկած է արդեն պատմության կողմից մերժված այն դոգման, որ ՌԴ-ն հավերժ մեր ռազմավարական դաշնակիցն է: ՌԴ-ն այս տարածաշրջանում մշտապես իր հարցերը լուծել է Հայաստանի հաշվին: Ի դեպ, ի տարբերություն ՀՀ իշխանությունների ու քաղաքական դաշտի՝ մեր հասարակության մեծ մասը շատ լավ գիտակցում է, որ ՌԴ-ն եղել եւ մնում է վտանգ թե՛ մեր, թե՛ Արցախի համար:
Այս ամենը գիտակցելով էր, որ 1992թ. Հայաստանի իշխանությունը որոշում կայացրեց միջազգայնացնել ԼՂ հարցը, տանել ԵԱՀԿ, որին կտրականապես դեմ էին Ադրբեջանը եւ Ռուսաստանը: Այն ժամանակ էլ պարզ էին Ռուսաստանի ձգտումները: ՌԴ-ի դերը չի փոխվել ու չի փոխվելու: ՌԴ-ի առանձնահատուկ դերակատարումը Հայաստանը չպետք է հանդուրժի եւ պետք է պաշտպանի կարգավորման ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը:
Իսկ արտաքին քաղաքական հայտնի սկզբունքը, որով աշխարհն է առաջնորդվում` չկան հավերժ թշնամիներ ու բարեկամներ, որը նշանակում է, որ արտաքին քաղաքականությունը չպետք է դոգմատիկ լինի, մեզանում կիրառվում է ներքին քաղաքականությունում, որն աբսուրդ է: Դա ցույց է տալիս մեր քաղաքական համակարգի սնանկությունը, որ քաղաքական համակարգ, որպես ինստիտուտ, գոյություն չունի:
– Պարոն Շահնազարյան, Ալիեւը վերջերս խոստովանել էր, որ Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ են գործադրվում` ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Հայկական կողմի համար դա խիստ դրական արձանագրում էր: Հայկական կողմը չունի՞ հնարավորություն այս ուղղությամբ դիվանագիտական աշխատանք տանելու:
– ԱՄՆ-ը բազմիցս հայտարարել է կարգավորման` «ԼՂ կարգավիճակ` տարածքների դիմաց» բանաձեւի մասին, որը նաեւ Սերժ Սարգսյանն է հնչեցրել: Իմ կարծիքով՝ ճիշտ կլինի` սկզբում կարգավիճակ, հետո տարածքներ բանաձեւը: Մենք ականատես ենք դառնում ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի Ադրբեջանի հստակ քաղաքականության, այժմ էլ գործի են դրել այսպես կոչված` «Խաղաղասեր Ադրբեջան» ծրագիրը: Մենք պետք է հասկանանք, որ Ալիեւը ունակ չէ պայմանավորվածություններ պահել, նա պայմանավորվածություններ դրժող է: Նրա վարած քաղաքականության հիմքում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի վերադարձի պահանջն է ընկած, այլեւ երբեմն-երբեմն Հայաստանի տարածքի նկատմամբ են պահանջներ հնչում, եւ ընդհանրապես Ադրբեջանում հայատյաց քաղաքականությունը պետական քաղաքականություն է: Հայկական ազգանուններով մարդկանց մուտքն այդ երկիր անհնար է, անգամ որպես տարանցիկ երկիր:
– Բայց մի քանի հայերի մուտքը այդ երկիր որեւէ խոչընդոտ չառաջացրեց: Այդ թեմային անդրադառնանք` մի մասը համարում է, որ պետք է արհամարհել, չանդրադառնալ այդ մարդկանց գործունեությանը, մյուս մասն ավելի արմատական է տրամադրված` նրանց ֆիզիկապես ոչնչացնելու կոչերով է հանդես գալիս: Ինչպե՞ս վարվել:
– Հենց այդ պատճառով ասացի` այսպես կոչված՝ «Խաղաղասեր Ադրբեջան» ծրագիր: Համարում եմ, որ անընդունելի են այդ մարդկանց նկատմամբ հնչող սպառնալիքները, քանի որ դրանք հաշվարկված են պաշտոնական Բաքվի կողմից եւ մտնում են Ադրբեջանի ծրագրերի մեջ: Թե՛ Ադրբեջանը, թե՛ ՌԴ-ն վերջին շրջանում փորձում են ցույց տալ, որ ե՛ւ մարդու իրավունքների, ե՛ւ խոսքի ազատության հարցում Հայաստանն ու Ադրբեջանը նույն մակարդակի վրա են: Կարծում եմ՝ ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները կարող են այդ ծրագրին լուրջ հակազդել` նշելով, որ Ադրբեջանը այդ քարոզչական քայլով փորձում է «Խաղաղասեր Ադրբեջան» ծրագրող առասպել ստեղծել: Ի դեպ, հատկանշական էր, որ այս նախաձեռնության մասին Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչը խոսեց արդեն Համբուրգում ԵԱՀԿ նախարարական խորհրդում, այսինքն՝ ակնհայտ է, որ դա Ադրբեջանի պետական քաղաքականությունն է, որը խրախուսվում է Ռուսաստանի կողմից:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 27.12.2016