2016-ի կարեւորագույն իրադարձություններից մեկն, անշուշտ,
սեպտեմբերին վարչապետի ու կառավարության փոփոխությունն էր: Եվ ստացվել է այնպես, որ տարվա ամփոփումը, որ ակտուալ թեմա է այս օրերին, համընկել է
նոր վարչապետի գործունեության 100 օրերի հետ, որն իր հերթին խորհրդանշական սահմանագիծ է արվածն ու անելիքները գնահատելու համար:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հայաստանյան գրասենյակը դեկտեմբերի 23-ին «ՀՀ վարչապետի 100 oրը. խոստումներ եւ գնահատականներ» խորագրով քննարկում անցկացրեց, որի ժամանակ ներկայացվեցին նաեւ թեմայի շուրջ առցանց անանուն հարցման արդյունքները: «Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ վարչապետի 100-օրյա գործունեությունը» հարցման մասնակիցների 7.5%-ը տվել է «գերազանց», 16.8%-ը՝ «լավ», 34.5%-ը՝ «բավարար» պատասխանները: Վարչապետի գործունեությունը «վատ» եւ «շատ վատ» են որակել հարցման մասնակիցների համապատասխանաբար 29.4%-ը եւ 11.8%-ը:
Պետական ծախսերի արդյունավետությանն ուղղված վարչապետի քայլերը բացասական է գնահատել հարցվածների 45.2%-ը («վատ»՝ 32.8%, «շատ վատ»՝ 12.4%), իսկ ահա 31.2%-ն այդ քայլերը գնահատել է բավարար, 16.7%-ը՝ լավ եւ 6.9%-ը՝ շատ լավ:
Հարցման արդյունքների համաձայն՝ բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերն առավել դրական արձագանքի են արժանացել: Այս հարցին վատ կամ շատ վատ վերաբերմունք արտահայտել են համապատասխանաբար 30.6%-ը եւ 12.8%-ը: Այս ուղղությամբ Կարեն Կարապետյանի ձեռնարկած քայլերը, հարցվածների 28%-ի կարծիքով, բավարար են, 17.9%-ի եւ 9.6%-ի կարծիքով՝ լավ կամ շատ լավ:
Անշուշտ, կարելի է «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» հարցման շուրջ հարցադրումներ անել՝ կապված ընտրանքի, մեթոդաբանության եւ այլնի հետ, սակայն նշված թվերը, գուցե որոշակի շեղմամբ, արտացոլում են մեր հասարակության մեջ եղած տրամադրությունները: Այսօր Հայաստանի քաղաքացիների մեծ մասը որոշակի ակնկալիքներ ունեն Կարեն Կարապետյանի ու նրա գլխավորած կառավարության գործունեությունից, եւ այդ ակնկալիքները օբյեկտիվ հիմքեր ունեն:
Նախ ակնկալիքները պայմանավորված են կառավարությունը փոխելու Սերժ Սարգսյանի որոշմամբ: Համակարգում ցանկացած փոփոխություն իր հետ բերում է որոշակի սպասումներ, որոնք գուցեեւ իրականություն չդառնան, սակայն միեւնույն է՝ թե՛ հանրությանը, թե՛ համակարգին հանում են լճացման թմբիրից:
Երկրորդ՝ նոր վարչապետը, ի դեմս Կարեն Կարապետյանի, պաշտոնը ստանձնեց համընդհանուր դրական ընդունելության ֆոնին: Դժվար է գտնել հասարակական ու քաղաքական որեւէ խումբ, որը Կարեն Կարապետյանի նշանակումը սվիններով ընդունեց: Ավելին՝ նա արդեն երեք ամիս պաշտոնավարում է, սակայն սուր քննադատությունների տեղիք չի տվել, նույնիսկ քաղաքական ընդդիմադիրների կողմից: Եթե մի փոքր պատմական էքսկուրս կատարենք, կտեսնենք, որ նախկինում միշտ էլ նորանշանակ վարչապետները հենց պաշտոնավարման առաջին իսկ օրվանից սուր քննադատության են ենթարկվել այս կամ այն կուսակցության կամ կազմակերպության կողմից: Միակ բացառությունը, թերեւս, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանն էր, ով իսկապես լայն ընդունելություն ուներ քաղաքական դաշտի բոլոր դերակատարների կողմից:
Կարդացեք նաև
Կարեն Կարապետյանի «մրցակցային առավելություններից» մեկն էլ, հավանաբար, այն էր, որ պաշտոնավարման հենց առաջին իսկ օրերին նա համարձակություն ունեցավ օբյեկտիվ գնահատական տալ երկրում ստեղծված տնտեսական վիճակին՝ այն անվանելով «չափազանց ծանր»: Ձեւակերպելով խնդիրը՝ վարչապետ Կարապետյանը փաստացի ազդակ տվեց հանրությանը, որ մտադիր է լրջորեն զբաղվել դրանով, ինչը, բնականաբար, չէր կարող իր ազդեցությունը չունենալ հանրային տրամադրությունների վրա:
Վերը նշվածին կարելի է հավելել նաեւ սոցիալական այնպիսի զգայուն թեմաների շուրջ, ինչպիսիք գազի ու էլեկտրաէներգիայի սակագներն են, Կարապետյանի կառավարության որդեգրած մոտեցումն ու տված լուծումները:
Այս խորապատկերում էլ վերը նշված հարցման արդյունքները եւ առհասարակ Կարեն Կարապետյանից դրական ակնկալիքները զարմանալի չեն: Սակայն պետք է հիշել, որ մինչ ընտրությունները (իսկ որ Կարեն Կարապետյանի գործունեությունն այս փուլում միտված է ընտրություններում ՀՀԿ-ի համար ցանկալի արդյունք ապահովելուն՝ կասկած չկա) դեռ երեք ամիս կա, եւ դեռ շատ ջրեր են հոսելու: Այնպես որ՝ Կարեն Կարապետյանն առաջիկա ամիսներին պետք է գնալով ավելացնի արդյունավետ որոշումների ընդունման տեմպը՝ հակառակ դեպքում հանրային վստահության պաշարը կարող է մեկ-երկու օրվա ընթացքում մաշվել:
Ա. ՄԱՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
27.12.2016