Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գյումրեցիներն ուզվորներ չեն, արժանապատիվ մարդիկ են»

Դեկտեմբեր 28,2016 16:30

Շիրակի մարզպետը՝ մարզի հիմնախնդիրների ու Գագիկ Ծառուկյանի՝
Գյումրի կատարած այցի մասին

«Առավոտ»-ը ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանից հետաքրքրվեց, թե չի՞ փոշմանել ամենաաղքատ, գործազուրկ Շիրակի մարզի մարզպետի պաշտոնը ստանձնելու համար, ինչո՞ւ ՀՅԴ-ն Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելուց հետո ոգեւորված հենց Շիրակի մարզի կառավարումը նախընտրեց, չէ՞ր պատկերացնում, որ այդքան հոգսաշատ տեղանք է: Ի պատասխան մեր հարցի՝ Շիրակի մարզպետն ասաց, որ ի սկզբանե ՀՅԴ-ն գիտեր, թե ուր է գալիս: «Այս իրավիճակը, այս պատկերը, ինչ որ հիմա կա, ինչ որ ունենք, մեր կուսակցական ու մեր ընկերական շրջապատի քննարկումների թեման է: Մենք ի սկզբանե գիտեինք՝ ինչ ենք ի վիճակի անելու, արդյունքում ինչ ենք ունենալու: Իհարկե, դժվար ժամանակահատված մեզ բաժին ընկավ. այն ժամանակահատվածը, որ կարելի էր ավելի շատ տնտեսության մասին մտածել, ավելի շատ մարզի հիմնախնդիրներին լուծում փնտրել, ցավոք սրտի, մենք պատերազմ ունեցանք: Ու այն միջոցները, որոնք պիտի պետական բյուջեից ուղղորդվեին մարզին որոշակի խնդիրների լուծման համար, մենք հասկացանք, որ շատ ավելի կարեւոր հարց ունենք, ունենք երկրի պաշտպանության խնդիր: Եվ գիտակցաբար հասկացանք, որ առաջնայինը մեր սահմանների անվտանգության հարցն է»,- ասաց Հովսեփ Սիմոնյանը:

Ըստ մարզպետի՝ մարզի գլխավոր խնդիրներից մեկն անօթեւանությունն է: Հովսեփ Սիմոնյանի ներկայացմամբ՝ կառավարությունը կարողացավ Ախուրյանում վերջնական լուծել այս խնդիրը: Պետական բյուջեի միջոցների հաշվին 104 բնակարան կառուցվեց այնտեղ, բնակարանների գնման 36 վկայագիր տրամադրվեց: Իսկ Գյումրիում այս հարցը, ըստ Հովսեփ Սիմոնյանի, կփակվի 2017 թվականին: Ըստ նրա՝ երկրաշարժից 60 ընտանիք է մնացել, որոնց օթեւանության հարցը դեռ չի լուծվել: «Բայց ես բազմիցս շեշտել եմ, որ դա դեռ չի նշանակում, թե մենք Գյումրիում լուծել ենք անօթեւանների խնդիրը: Մենք հասկանում ենք, որ չպիտի համեմատվենք մյուս մարզերի հետ: ]

Մյուս մարզերը երկրաշարժ չեն տեսել, նրանց ընտանիքները, որ բազմացել, ավելացել են, նրանք հնարավորություն են ունեցել ի սկզբանե իրենց երեխաների խնդիրը լուծելու, ինչ-որ ճանապարհ գտել են: Մեզ մոտ այլ ընթացք ունեցավ: Բացի այն, որ աշխատատեղեր չկային, մարդիկ չէին կարողանում իրենց համար հարց լուծել, չկար բնակարանների այն քանակը, որ բազմանդամ ընտանիքները փորձեին իրենց խնդիրը ամբողջական լուծել: Ստիպված գնում էին ավելի հեշտ տարբերակի, աճող բազմանդամ ընտանիքի մի մասը մնում էր տնակում, մյուսը տեղափոխվում էր նորակառույց բնակարան: Մի խոսքով՝ բազմանդամ ընտանիքները նորից հայտնվեցին տնակներում: Կան մարդիկ, որոնք բնակարան ստանալով՝ ֆինանսական խնդիրների պատճառով վաճառել են: Կան մարդիկ էլ, որոնք ինչ-ինչ պատճառներով վերցրել են ԲԳՎ, սակայն բնակարան չեն գնել, հիմա նրանք կառավարության որոշմամբ զրկված են այդ իրավունքից: Կան դեպքեր, որ մարզի տարբեր համայնքներից են տեղափոխվել Գյումրի բնակության, այսօր տնակների վերջնական թիվը չեմ ուզում հրապարակել, որովհետեւ պիտի գույքագրում անցկացվի»,- ասաց Շիրակի մարզպետը:

Հովսեփ Սիմոնյանի ասելով՝ թվարկված խնդիրների լուծման ճանապարհը միակն է՝ աշխատատեղերի ստեղծումը ու սոցիալական բնակարանների կառուցումը:
«Եթե ուզում ենք վերջ դնել այս պատկերին, խնդիրը կարգավորել, մարդուն պիտի հնարավորություն տանք, որ ինքը կարողանա իր խնդիրները ինքնուրույն լուծել»,- ասում է մարզպետը:

Հովսեփ Սիմոնյանի համոզմամբ՝ շիրակցիները թասիբով, աշխատասեր ժողովուրդ են, եթե նրանց հնարավորություն տրվի, նրանք չեն զլանա իրենց խնդիրները ինքնուրույն լուծել: Ըստ նրա՝ այս տեղանքի մարդիկ ուզվորներ չեն, հետեւաբար եւ նրանց անհրաժեշտ է արժանապատվորեն վերաբերվել: Պարզվում է՝ մարզպետն անչափ նեղված էր Գագիկ Ծառուկյանի դեկտեմբերի 11-ին Գյումրի կատարած այցից: «Գիտեք, մենք ուզվորներ չենք, երբ վարչապետի հետ միասին զրուցում էինք, ես ասացի՝ պարոն վարչապետ, մեր կարեւոր խնդիրը մեր ժողովրդի հոգեբանությունից կտրելը, գցելն է այն, որ մենք մեղք ենք… Մեզ հնարավորություն պիտի ստեղծվի, որ մենք ապրենք, մենք արարող մարդիկ ենք, արժանապատվություն ունեցող, ո՞վ ասաց, որ մենք մեղք են: Տեսաք՝ վարչապետի այցի ժամանակ քաղաքի պատկեր, մարզի պատկեր ներկայացվեց, իհարկե, նաեւ խնդիրներով: Վարչապետի հետ հանդիպում ունեցան, հարցեր ուղղվեցին համայնքապետերի, բիզնեսմենների, ուսանողության կողմից, ինքը բավական լուրջ տպավորություններով հեռացավ, որ իրոք որոշակի բան փոխվել է մեր մարզում, մեր քաղաքում: Ու դրա շարունակությունը…

Չեմ ուզում որեւէ մեկի մասին որեւէ բան ասել, բայց մի բան գիտեմ. եթե պիտի փառաբանեն գումար վերցնելու առումով, այսօր պետությունը հազար, միլիոն անգամ ավելի շատ ֆինանսական միջոցներ է տալիս, քան որեւէ մեկ անհատ կարող է բարեգործություն անել, եկեք պետությանը ավելի շատ փառաբանենք, եթե այդ տեսանկյունից ենք նայում: Բայց ես մտածում եմ, որ չի կարելի այդ տեսանկյունից նայել: Մտածում եմ, որ ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը, դաստիարակության խնդիրը ոչ միայն ժողովրդինն է, նաեւ այն մարդկանց, որոնք համարում են, որ իրենք արժեք են իրենց մարզում, իրենց քաղաքում…Գիտեք, ես դեկտեմբերի 7-ին հպարտ գնում էի, որովհետեւ գիտեի՝ իմ հետեւից գալիս էին մարդիկ, որոնք ունեն արժանապատվություն: Ես հպարտ էի, որովհետեւ ներկայացնում էի իրենց, բայց ես զարմացա որոշ մարդկանց հպարտության վրա, երբ որ իրենց հետեւից գցած բոշեքին էին տանում: Էնքան հպարտ էին գնում, որ իմ մոտ այն տպավորությունն է, որ մենք չգիտես՝ ինչ ենք հաղթել, մի մեծ զորք է գնում իր հետեւից, հայրենիքը փրկող զորքը, իրենք էլ՝ փրկիչները, դիմացից գնում են: Ես ինքս եթե լինեի առաջին շարքում, գլուխս կախ պիտի գնայի, որովհետեւ դա իմն էր, այդտեղ ուղիղ գնալու տեսարան չպիտի լիներ, այդտեղ գլուխը կախ գնալու տեսարան պետք է լիներ: Գնում էին մարդիկ, որոնք տարիներ առաջ այդ խնդիրը լուծած պիտի լինեին, այդպես չի կարելի, չի կարելի նսեմացնել սեփական ժողովրդին, իջեցնել այդ աստիճանի:

Ես ասել եմ՝ դա վաղը-մյուս օր բումերանգի նման խփելու է մարդկանց, որոնք որ այդ վիճակն են ստեղծում: Կապ չունի՝ այսօր ես եմ, վաղը դուք եք, մյուսն է, ճիշտ հասկացեք: Ի՞նչ է, մտածում են, որ այդ հոգեբանությամբ մարդկանցով վաղը իրենք կկարողանա՞ն ունենալ այն երկիրը, որի մասին մենք երազում ենք: Ո՛չ, չի լինելու, թող մոռանան բոլորը, պիտի ունենաս հզոր երկիր հզոր քաղաքացու միջոցով: Հզոր քաղաքացին կարող է ֆինանսական միջոցներ այդքան չունենալ, բայց իր հավատով, իր հոգեբանությամբ պիտի լինի հզոր: Մենք արժեքներ հարգող մարդիկ ենք, էսօր ամբողջ հանրապետությունով, ամբողջ աշխարհով ինչ ենք ներկայացնում… Մենք քրիստոնյաներ ենք, բայց գոնե աստվածաշնչյան կանոններից հեռու չգնանք: Ասում է՝ ինչ-որ անում է աջ ձեռքը, ձախ ձեռքդ չպիտի իմանա. սրանց ոչ մի ձեռքը դեռ ոչ մի բան չարած՝ ամբողջ աշխարհով հրապարակում են, չի կարելի: Չի կարելի, պատժվելու են մարդիկ, որոնք բնության, Աստծո, ուժեղ պետություն ունենալու օրենքներին են դեմ գնալու: Մենք բոլորս էլ անցողիկ ենք, ցավն այն է, որ ամեն մեկը մտածում է՝ ինքը հավերժ է, իրենք են որոշողը՝ ընդամենը չհասկանալով, որ իրենց տրված է մի պահ պաշտոնավարելու, հասկանալու, ինքը տալով պիտի անմահանա, ոչ թե վերցնելով: Եթե պաշտոնյան նման հոգեբանությամբ իր գործառույթները չիրականացրեց, ինքը հաջողություն չի ունենա: Պաշտոնյան պիտի գիտակցի, որ ինքը իր պաշտոնավարման ավարտին պիտի դառնա սովորական մարդ, պիտի կարողանա իր հանրապետությունում, իր մարզում, իր քաղաքում հանգիստ քայլել, հարյուր մարդ էլ իրեն բարեւեն, երկու բառ էլ զրուցեն: Դա կլինի ամենամեծ ձեռքբերումը ցանկացած պաշտոնյայի համար»,- ասում է Շիրակի մարզպետը:

Հովսեփ Սիմոնյանը, ամփոփելով 2016 թվականը, նշեց, որ ամենածանր կորուստը ապրիլյան պատերազմի զոհերն են. վիշտը ոչ մի ձեւով սփոփել հնարավոր չէ, իսկ ամենամեծ ձեռքբերումը մարզում կատարված որոշ ներդրումներն են, օրինակ՝ «ՍասսՏեքս» ձեռնարկության կառուցումը, Արթիկում որոշ անհատների կողմից գործարանի կառուցումը, որոնց պտուղները, ըստ նրա, կտեսնենք 2017 թվականին:

 

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ»

27.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Տերտերյան says:

    Սա արդեն հետապնդում է:Հարգելի հեղինակ էլ չենք ուզում այս մարդու մտքերը կարդալ:Ահավոր է և անտանելի սրան հասկանալը:

  2. Օնիկ says:

    Նունե դու խիղճ ունես՞:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031