Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դատավորի որդու գործով» ոստիկանության տեսուչն ասաց՝ ՀՔԾ-ում վախեցել է

Դեկտեմբեր 28,2016 15:30

Քննիչի հորդորը ոստիկանության տեսուչին՝ «Կոչ եմ անում տալ ճիշտ պատասխան», հետաքրքրեց դատավորին՝ «Ի՞նչ կոչ էր»

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետ Արտյոմ Սեդրակյանի եւ 5-ի գործով երեկ այս տարվա թվով 31 դատական նիստն էր հրավիրվել: Անցյալ տարվա հուլիսի 3-ից էր սկսվել գործի դատական քննությունը եւ 16 դատական նիստ էլ անցյալ տարի էր կայացել:
Փոխվել էր նախագահողը՝ դատավոր Վլադիմիր Գրիգորյանը, որն այսօր ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, նրա փոխարեն Վարդան Գրիգորյանն էր շարունակելու այս գործով դատավարելը, սական նա ինքնաբացարկ էր հայտնել եւ նախագահող դատավորն էր Արտուշ Գաբրիելյանը:

Դատախազ Էդգար Արամյանի փոխարեն մեղադրանքը պաշտպանում էր Վահե Դոլմազյանը: Ի դեպ, անցյալ տարվա հունվարի 19-ից կալանքի տակ գտնվող Արտյոմ Սեդրակյանի խափանման միջոցը նույնպես փոխվել է եւ նրա նկատմամբ կիրառվել էր այլընտրանքային խափանման միջոցը՝ գրավը: Գրավի կիրառումը թույլատրելի լինելու հարցն էլ վիճարկել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Բաբայանը՝ հասնելով մինչեւ ՀՀ վճռաբեկ դատարան: Արտյոմ Սեդրակյանը քրեական գործերով ճանաչված նախկին դատավոր Իսկուհի Վարդանյանի որդին է:

Հիշեցնեմ, որ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք էր առաջադրել անձնագրայինի պետին, որ նա ՀՀ-ից բացակայող, ազգությամբ եզդի Ալբերտ Սլոյանի` անձամբ անձնագրային բաժանմունք չներկայանալու պայմաններում, վերջինիս կորցրած անձնագրի փոխարեն նոր անձնագիր հատկացնելու համար պահանջել եւ 2013թ. օգոստոսին ստացել է 4500 ԱՄՆ դոլար կաշառք. «Այնուհետեւ Ա. Սլոյանի օգտին գործողություն կատարելու, այն է` վերջինիս անձամբ անձնագրային բաժանմունք չներկայանալու պայմաններում նրա անունից կեղծ դիմում լրացնելու եւ անձնագրի կորստյան կեղծ գործ կազմելու համար պաշտոնատար անձ չհանդիսացող, հանրային ծառայող Սոֆյա Ունուսյանին անձամբ տվել է 500 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն… Ա. Սլոյանը հաշվառվել է բնակչության պետական ռեգիստրում, նրա անվամբ ՀՀ քաղաքացու կեղծ անձնագիր է կազմվել, տպագրվել ու հանձնվել»:
Ամբաստանվում էին ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքի առաջին կարգի մասնագետներ Աիդա Սարգսյանը, Սոֆյա Ունուսյանը, Գոհար Զարգարյանը, եզդի Նավո Սլոյանը՝ Ալբերտ Նավոյանի պապը եւ Վահագն Մելքոնյանը, որն աշխատել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում որպես տեսուչ: Երեկ նա ցուցմունք տվեց:

Նա ասաց, որ գործի բերումով գտնվելով անձնագրային բաժնում, տեսել է Աիդա Սարգսյանին, որն իր ծանոթի՝ Ալբերտ Սլոյանի փաստացի գրանցման համար դիմել է իրեն: Նա ասաց, թե գնացել է իր հսկողության տակ գտնվող տարածք, որպեսզի ճշտի, թե արդյոք Սլոյանը բնակվո՞ւմ է այդտեղ, դուռը փակ է եղել, եւ տեսել է 50-անց մի տղամարդու, որն էլ հաստատել է, թե Սլոյաններն են բնակվում նշյալ տանը: Ոստիկանության տեսուչն ասաց, թե եկել է աշխատավայր, կազմել է տեղեկանք, որ բնակիչներից մեկը հաստատել է Սլոյանի՝ տվյալ հասցեում բնակվելու մասին:

Ըստ ոստիկանության աշխատակցի, ընթացակարգ չկա սահմանված, թե ինչպես պետք է ճշտել անձի՝ տվյալ հասցեում բնակվելու հանգամանքը: Իսկ արձանագրություն չի կազմել, քանի որ հնարավոր էր այս դեպքում ընթերականեր, գրավոր ընթացակարգ:
Սակայն ՀՔԾ-ում տեսուչը չի ասել, թե գնացել է Սլոյանենց բնակության վայր, վախեցել է, թե իրեն կարող են ցուցմունքը փոխելու համար քրեական պատասխանատվության ենթարկել, իսկ ասելով, թե իր աշխատավայրում է կազմել տեղեկանքը, մտածել է, թե այս դեպքում իրեն կարող էին վարչական պատժի՝ նկատողության ենթարկել:

Թե Էրեբունու քննչական բաժնում վկայի կարգավիճակով տված բացատրության մեջ, թե Հատուկ քննչական ծառայությունում կասկածյալ- մեղադրյալի կարգավիճակում տված ցուցմունքում, իրեն խնդրողը եղել է Աիդա Սարգսյանը, եւ դրա դիմաց ինքը նրանից ոչ մի գումար չի ստացել, շահադիտական քայլ չի կատարել: Իր աշխատանքն է կատարել. գրանցումից առաջ ճշտել՝ մարդն ապրո՞ւմ է տվյալ հասցեում, թե՞ ոչ:

Ընդառաջ է գնացել՝ որպես գործընկերոջ: Անձնագրայինի պետի անունը չհնչեց ինչպես հրապարակված նախաքննական ցուցմունքների մեջ, այնպես էլ դատարանում:
Պատասխանելով ամբաստանյալ Արտյոմ Սեդրակյանի պաշտպանի՝ նախկին դատավոր, զինվորական դատախազ Ժաննա Կոտիկյանի հարցին, թե Արտյոմը նրան որեւէ անգամ դիմե՞լ է, տեսուչը պատասխանեց՝ ոչ:

Ժաննա Կոտիկյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իր պաշտպանյալի անունը միայն երեւացել է առերեսման ժամանակ, երբ տեսուչն առերեսվել է Աիդա Սարգսյանի հետ:

Այն էլ այս դրվագում. «Սլոյանին չեմ ճանաչել: Եթե Աիդան Արտյոմի անունից էլ խնդրած լիներ, ես չէի ճշտի, քանի որ հավատում էի, իմ գործընկերներն էին»:
Պաշտպանական կողմի դիտարկմամբ, որը հնչեց հայտարարության ձեւով, «Քննիչն ուզել է անուղղակի կապ տեսնել եւ ինչ-որ բան կորզել Վահագն Մելքոնյանից, շահարկելու Արտյոմի անունը»: Մյուս պաշտպանը նկատեց այս դրվագով, որ քննիչը գնացել է «իմպրովիզացիայի»:

Աիդա Սարգսյանի պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը հակադարձեց, թե պաշտպանը սադրանքի է դիմում:

Մեղադրողն ասաց, թե քննիչը առերեսման ժամանակ որեւէ հարց չի տվել:
Դատարանում Վահագն Մելքոնյանն ասաց, որ ՀՔԾ-ի քննիչ Հովակիմյանը «Մեկ ժամ փորձում էր ինձ համոզել, որ գումարներ եմ ստացել, կաշառք են տվել», նույնիսկ սուրճ է առաջարկել, ինչը մերժել է: Իսկ դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ նկատեց. «Արդեն լսում ենք՝ քննիչները սուրճ են առաջարկում, մի ժամ գյալաջի անում, հետո ասում են՝ գրի: Ինչու ամեն դեպքում ճիշտը չասացիք, թե գնացել եք Սլոյանենց ու տեսել եք հարեւանին»:
Ամբաստանյալն ասաց՝ վախեցա քաշքշուկից: Մինչդեռ, պաշտպանական կողմը երբ իմացավ, որ տեսուչին ՀՔԾ-ում ասել են Արտյոմ Սեդրակյանի ձերբակալվելու մասին, այդ ժամանակ էլ հոգեբանական ճնշում է արվել՝ հնարավոր ձերբակալման մասին ակնարկելու:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց գալիք տարվա հունվարի 30-ին:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Նկարը՝ հեղինակի

 

«Առավոտ»

27.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031