Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիլի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայցապահանջն ունի նախապատմություն

Դեկտեմբեր 28,2016 15:00

«Գիլի» ՍՊ ընկերությունը հայցով դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ուր դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ կքննվի ութ ինքնակամ կառույցները քանդելու պահանջով դատարան դիմած էքսնախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամու որդու հայցը: Հետեւել է հակընդդեմ հայցը:

Հակընդդեմ հայցվորներից մեկը Սուրեն Հակոբյանն է, որն ասում է, թե հայցն առնչվում է սեփականության իրավունքով իրեն պատկանող մայրաքաղաքի Խորենացի փողոցի 26 շենքի բակում 21, 2 քմ մակերեսով ավտոտնակին:

Հակընդդեմ հայցվորը պահանջում է ճանաչել իր սեփականության իրավունքը՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի գրանցման պետական կոմիտեի պետական գրանցամատյանում գրանցում ստացած նշյալ ավտոտնակի նկատմամբ:
«Գիլի» ՍՊ ընկերությունն ունի նախապատմություն: Հակընդդեմ հայցվորը գրել էր. «Դեռեւս տարիներ առաջ ամեն կերպ փորձել են անօրինական կարգով եւ բիրտ ուժի կիրառմամբ ինձ եւ այդ հասցեում գտնվող մի քանի ավտոտնակների սեփականատերերի զրկել ՀՀ սահմանադրությամբ եւ այն ժամանակ գործող օրենսդրությանը համապատասխան մեր կողմից ձեռք բերված սեփականություններից»: Ավտոտնակի տերը, որին միացել են եւս երեք սեփականատերեր, ասում է, որ ավտոտնակը կառուցվել է անցյալ դարում՝ 1985թ., կատարվել է պետական գրանցում, նրան տրվել է թիվ 1528173 սեփականության իրավունքի վկայականը:

«Նշված ավտոտնակի նկատմամբ մինչ օրս իմ անվամբ կադաստրի մարմնում առկա է պետական գրանցում, չնայած նրան, որ սեփականության իրավունքի վկայականն անվավեր է ճանաչվել, սակայն պետական գրանցումը դեռեւս որեւէ մարմնում չի չեղարկվել: Այսինքն՝ այն ուժի մեջ է, ուժի մեջ են իմ իրավունքները»,- գրել էր դատարան ներկայացրած իր միջնորդության մեջ Սուրեն Հակոբյանը:
Քաղաքացին դատարան է ներկայացրել չորս լրատվամիջոցների, այդ թվում՝ «Առավոտում» տպագրված «Հանուն «խնամի Վալոդի» 2006թ. ապրիլի 21-ի հրապարակումը:

Ըստ այդմ, պարզվում է, որ «Գիլի» ՍՊ ընկերության տնօրենն է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամու՝ Վլադիմիր Բադալյանի որդին: Իսկ տասը տարի առաջ 60 դոլարին համարժեք ՀՀ դրամով մասնավորեցվել եւ ՀՀ կառավարության որոշմամբ «Գիլի» ՍՊ-ին է տրվել «Այրարատ» կինոթատրոնի դիմաց գտնվող անկյունային երեք հարկանի շենքը՝ նախկին առեւտրի կենտրոնը՝ Երեւանի քաղաքապետարանին պատկանող «Երառսպասարկում» ՓԲ ընկերությունը: Այդ ժամանակ ՍՊ ընկերության հիմնադիրը խնամի Վալոդն էր:

Սեփականատերը միջնորդել է, որպեսզի կատարվի դատաապրանքագիտական փորձաքննություն՝ ՀՀ փորձագիտական կենտրոնի կողմից, որպեսզի պարզվի, թե իր անվամբ պետական գրանցում ստացած ավտոտնակի շուկայական արժեքը որքան է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երեւանի կենտրոնում իրենց ավտոտնակների կողքին բազմած պետական սեփականություն ստացած Երեւանի քաղաքապետարանին պատկանող նախկին «Երառսպասարկում» ՓԲ ընկերության երեք միլիոն ԱՄՆ դոլար արժողության շենքը ինչպես է տրվել «Գիլի» ՍՊ ընկերությանը:

 

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.-«Գիլի» ՍՊԸ-ի կողմից դատարան ներկայացված սեփականության իրավունքի վկայագրերից մեկի «շինության տվյալները» բաժնում նշված է վիճելի ավտոտնակը, որպես սեփականություն: Այսինքն՝ խոսք չի կարող գնալ ինքնակամ շինության մասին:

 

«Առավոտ»

27.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031