Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սոֆոյան. «Նվազագույն նպատակը Ռիոյի արդյունքները Տոկիոյում կրկնելն է»

Դեկտեմբեր 28,2016 14:00

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան անցնող օլիմպիական տարում ակնառու նվաճումներ արձանագրեց. Ռիո դե Ժանեյրոյում Արթուր Ալեքսանյանը բարձրացավ Օլիմպոսի գագաթ, իսկ Միհրան Հարությունյանը խայտառակ մրցավարության պատճառով զրկվեց օլիմպիական ոսկուց: Ընդ որում, նույն մրցավարները Միհրանից չեմպիոնական մեդալը խլել են նաւ Բաքվի եվրոպական խաղերում, Լաս-Վեգասի աշխարհի առաջնությունում եւ վերջինը՝ Ռիոյում:

Ավանդույթի համաձայն, «Առավոտը» ՀԸՖ 1-ին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Հովհաննես Սոֆոյանի հետ ամփոփում է անցնող տարին: Պարոն Սոֆոյանի խոսքերով, մեր ըմբիշները մրցաշրջան 2016-ին պաշտոնական մրցաշարերում ընդհանուր առմամբ երկու տասնյակից ավելի մեդալ են նվաճել, ինչն ընդհանուր առմամբ գոհացնում է: Բայց ֆեդերացիան առավել կարեւորում է որակը եւ հատկապես այն, որ Արմեն Նազարյանից 20 տարի հետո ըմբշամարտը Հայաստանին տվեց օլիմպիական 14-րդ չեմպիոնը: «Մենք կարող էինք ի դեմս Միհրան Հարությունյանի Ռիոյում նաեւ երկրորդ օլիմպիական ոսկին ունենալ: Ամբողջ աշխարհը ականատես եղավ մրցավարական աղաղակող անարդարությանը: Ամբողջ աշխարհը, ողջ հայությունը Միհրանին որպես օլիմպիական չեմպիոն է ընդունում: Նրան որպես չեմպիոնի պարգեւատրեց նաեւ ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը: Ինչեւէ, մեզ համար առաջնայինը որակն է, իհարկե, քանակը չանտեսելով:

Պեկինի օլիմպիական խաղերում մեր ըմբիշները նվաճեցին երեք բրոնզ, Լոնդոնում՝ մեկ արծաթ եւ մեկ բրոնզ, Ռիոյում՝ մեկ ոսկի եւ մեկ արծաթ: Մեր գնահատմամբ՝ առաջընթացն ակնհայտ է, ինչը ֆեդերացիայի կատարած ճիշտ աշխատանքի արդյունք է: Իհարկե, ավելի լավ կլիներ, եթե երկու ոճերի երեք տարիքային խմբերում աշխարհի ու Եվրոպայի ոսկե մեդալներն էլ ավելի շատ լինեին: Այ, հենց այս խնդիրն է, որ մտահոգության տեղիք է տալիս, ու այդ բացը պետք է լրացնել հատկապես ազատ ոճի ըմբշամարտում, որի աշխատանքը ընթացիկ տարում չի գոհացնում», – ասաց պարոն Սոֆոյանը՝ հավելելով, որ պետական աջակցության ամբողջ գումարը եւ ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանի խոշոր ներդրումները հավասարաչափ բաշխվում են ազատ եւ հունահռոմեական ոճերի միջեւ: «2016 թվականին ամեն շաբաթ ֆեդերացիայում կատարված եւ կատարվելիք աշխատանքների քննարկումներ ենք կազմակերպել: Մինչեւ Ռիո դե Ժանեյրո մեկնելը քննարկել ենք նախապատրաստության ընթացքը, թե ինչ է հարկավոր անել պատշաճ մասնակցության համար: Եվ առանց բացառության բոլոր հարցերին տվել ենք լիակատար լուծումներ՝ 100 տոկոսով կատարելով մեր առջեւ դրված խնդիրները:

Միեւնույն ժամանակ վերահսկողություն է սահմանվել հատկացված միջոցների նպատակային օգտագործման վրա: Օլիմպիական խաղերից հետո էլ երկու ընդլայնված քննարկում է եղել: Ազատ ոճում իսկապես կան խնդիրներ: Մի քննարկում էլ ենք կազմակերպելու, մեկ անգամ եւս լսելու ենք հավաքականների մարզիչներին ու մյուս մասնագետներին, որպեսզի ավելի խորը հասկանանք, թե ինչու են պատանիներն ու երիտասարդները Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում որոշակի քանակությամբ մեդալներ ունենում, իսկ մեծահասակների ցուցանիշները նվազել են: Ճիշտ է, հիմա էլ շատ բաներ պարզ են:

Մասնավորապես, մարզադպրոցների մարզիչների, ինչու չէ, որոշ դեպքերում նաեւ՝ հավաքականների մարզիչների աշխատանքի ցածր արդյունավետությունը: Ինչ ֆեդերացիան սկսել է ղեկավարել Սամվել Կարապետյանը, չկա մի օրինակ, որ մարզիչների եւ մարզչական խորհրդի բարձրացրած որեւէ հիմնավորված հարց լիակատար լուծում չստանա: Տարիքային խմբերի հավաքականների անդամները, մարզիչները, այդ թվում նաեւ՝ անձնական, բժիշկները, բոլոր նրանք, ովքեր անմիջական առնչություն ունեն ձեռքբերումների հետ, սահմանված սանդղակով ամենամսյա պարենային փոխհատուցում են ստանում, լիարժեք ապահովվում կայուն, լավ արդյունքների հասնելու համար անհրաժեշտ ամեն ինչով: Առաջիկա քննարկմանն այս բոլոր խնդիրները եւս մեկ անգամ վեր կհանենք ու կկայացնենք անհրաժեշտ որոշումներ», – ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ է հարկավոր անել ՄԴ-ներում աշխատանքի որակը բարձրացնելու համար, Հովհաննես Սոֆոյանը պատասխանեց. «Մարզերում, ինչպես ասում են, հիանալի ներուժ կա, որոնց հետ պետք է ավելի լուրջ աշխատել: Բայց դրանով պետք է ավելի շատ զբաղվեն մարզպետարանները, ՏԻՄ-երը: Հարկավոր է տեղերում մարզվելու համար բարվոք պայմաններ ստեղծել: Ֆեդերացիան պատրաստ է իր հնարավորությունների ու իրավասությունների շրջանակներում ամեն ինչով աջակցել մեր մարզաձեւը տեղերում զարգացնելուն: Բայց մենք չենք կարող միայն ինքներս ամեն ինչ անել: Մարզերից խոստումնալից պատանիներն ու երիտասարդները գալիս են Երեւան, ընդունվում օլիմպիական հերթափոխի քոլեջ, ապրում ու մարզվում են ավելի փորձառւ մարզիչների մոտ: Բայց դա շատ քիչ է»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը ի՞նչ խրախուսական պարգեւներ է հաձնել մասնավորապես Արթուր Ալեքսանյանին եւ Միհրան Հարությունյանին:

«Նրանք, համապատասխանաբար, արժանացել են $100 եւ $90 հազարին համարժեք դրամի գումարային պարգեւի: Բայց ֆեդերացիան դեռ էլի պարգեւատրություններ ունի անելու: Տարվա ընթացքում լավ աշխատած ու արդյունքներ ցույց տված ըմբիշներն ու մարզիչները ուշադրությունից դուրս չեն մնալու, յուրաքանչյուրի աշխատանքը գնահատվելու է: Ի դեպ, Սամվել Կարապետյանը ֆինանսական խրախուսանքի է արժանացրել նաեւ Ռիո դե Ժանեյրոյում մեդալ նվաճած ծանրորդներին», – պատասխանեց պարոն Սոֆոյանը: Եվ անդրադարձավ նաեւ առաջիկա ծրագրերին. «2017 թվականը, այսպես ասած, անցումային տարի է լինելու: Ամբողջ աշխարհում է այդպես: Օլիմպիական խաղերից հետո չեմպիոններն ու մեդալակիրները հանգստանում են, կողմնորոշվում՝ մարզական կարիերան շարունակելո՞ւ են, թե՞ ոչ: Մեկ տարի անցնում է սերնդափոխության եւ ըմբիշների քաշային կարգերի փոփոխությունների վրա: Երիտասարդ նոր անուններ են գալիս, որոնց իրենց ցուցադրելու ավելի շատ հնարավորություններ պետք է տալ: Նոր մրցակցություն է սկսվում: Մենք բացառություն չենք: Կարծում եմ, մեր հավաքականների մարզիչները նույնպես ավելի շատ ուշադրություն կդարձնեն հերթափոխին: Եկող տարվա ավարտին եւ 2018 թվականի սկզբին մենք հավաքականների նոր կազմերի որոշակիորեն հստակ պատկերացում կունենանք եւ այդ ժամանակվանից ավելի կոնկրետ ծրագրերով սկսենք աշխատել»:

Մեր վերջին հարցը 2020 թվականի օլիմպիական խաղերի մասին էր: «Հիմա դրա մասին խոսելը վաղ է, բայց ֆեդերացիայի գերակա նպատակը Տոկիոյում առնվազն Ռիոյի արդյունքները կրկնելն է», – եզրափակեց Հովհաննես Սոֆոյանը:

 
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

27.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031