Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է ատենախոսության որակի պատասխանատուն

Դեկտեմբեր 28,2016 13:30

Վերջերս «Առավոտն» անդրադարձավ ԲՈՀ-ի աշխատանքներին՝ վերլուծելով գերատեսչության կողմից անորակ ատենախոսությունների բացահայտման միտումները: Կրկնական պաշտպանության ուղարկվող ատենախոսությունները հիմնականում առանձնանում են գրագողությամբ եւ գիտականորեն ոչ ընդունելի ձեւակերպումներով, որոնց շտկումներից հետո հետազոտությունը հետ է վերադարձվում ԲՈՀ, եւ ի վերջո ատենախոսին շնորհվում է գիտական աստիճան:

Անշուշտ, ՀՀ ԲՈՀ-ի կողմից ատենախոսության շարադրման բացասական արատների բացահայտումներով հետազոտության որակի ապահովման գործընթացներում բարձրացնում է ատենախոսի, գիտական ղեկավարի եւ մասնագիտական խորհրդի զգոնությունը, բայց կարծում ենք, որ դրանով ի վերջո հիմնախնդիրը լիովին չի լուծվում: Պաշտպանվող ատենախոսությունների զգալի մասի գիտական նորույթը մնում է թղթի վրա եւ չի ծառայում երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացին: Տպավորություն է ստեղծվում, որ գիտական աստիճանաշնորհումները հիմնականում ծառայում են ատենախոսի կարիերիայի աճին եւ կտրված են իրականությունից: Այնինչ, գիտության նպատակը առաջին հերթին հասարակության՝ եւ ոչ թե անհատի առաջընթացին ծառայելն է:
Այս առումով, նպատակահարմար ենք համարում աստիճանաշնորհման գործընթացում իրականացնել բարեփոխումներ: Առաջին հերթին, անորակ աշխատանքների պատասխանատուն չպետք է հանդիսանա միայն մասնագիտական խորհուրդը:

Կարծում ենք, որ առաջնահերթ պատասխանատուներ են հանդես գալու գիտական ղեկավարներն ու առաջատար կազմակերպությունները: Իսկ մասնագիտական խորհուրդների վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու համար նպատակահարմար ենք համարում յուրաքանչյուր ատենախոսության թեմայի առանձնահատկությունից ելնելով, ձեւավորել նեղ մասնագետների փոքրաթիվ խորհուրդ, որտեղ ամենեւին էլ պարտադիր չէ, որ անպայման գիտության դոկտորներ ընդգրկվեն: Թեմային մոտ կանգնած գիտնականները ոչ միայն հեշտությամբ կբացահայտեն պլագիատը, այլեւ ըստ արժանավույնս կգնահատեն գիտական նորույթը:

Կարեւոր ենք համարում նաեւ առաջատար կազմակերպությունների ընտրության մոտեցումների վերանայումները: Առաջատար պետք է համարվեն ոչ թե ակադեմիական կառույցները, այլ այն կազմակերպությունները, որոնք անմիջականորեն առնչվում են նորույթների ներդրման հետ: Միայն այս պարագայում հիմնավոր կգնահատվի ատենախոսության նորույթի գիտագործնական նշանակությունը, նորարար մտքերը չեն մնա թղթի վրա եւ ի վերջո, իրենց գործնական կիրառությունը կստանան:

Եվ, վերջապես, ժամանակն է, որ մեր հանրապետությունում կտրուկ անցում կատարվի ասպիրանտուրայից դոկտորանտուրային, որին մեկ անգամ չէ, որ անդրադարձ է կատարվել մասնագիտական գրականությունում: Դոկտորանտուրան, որ վաղուց իրեն արդարացրել է արեւմտյան համալսարաններում, ատենախոսության որակի գրավական է համարում գիտական նորույթի կիրառման հասցեականությունն ու ներդրման հնարավորությունները, աստիճանաշնորհումը ծառայեցնելով ոչ միայն անհատի կարիերիայի աճին, այլեւ հասարակության առաջընթացի պահանջմունքներին:

 

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր,
պրոֆեսոր

«Առավոտ»

27.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031