Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ եւ ինչպես ասել երեխային, որ Ձմեռ պապ գոյություն չունի

Դեկտեմբեր 28,2016 12:30

Երեխային սովորեցրեք ինքնուրույն պատրաստել նվերներ՝ ընկերների
կամ ընտանիքի անդամների համար, որպեսզի զգա ինչպես ստանալու, այնպես էլ նվեր տալու հաճելի զգացումը

Ձմեռ պապի կերպարը սիրված եւ սպասված է երեխաների կողմից, բայց այն կարող է նաեւ բացասական ազդեցություն ունենալ երեխայի վրա: Հոգեբան Մարիամ Մելքումյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ միակ վտանգը, որը թաքնված է Ձմեռ պապի հեքիաթի մեջ, այն սպառնալիքի միջոց օգտագործելն է. «Եթե մենք սկսենք սպառնալ երեխային, որ Ձմեռ պապը նվեր բերում է միայն լավ, խելոք երեխաներին, մենք կարող ենք մտահոգել նրանց եւ ստիպել երազել այնպիսի անիրականանալի նվերների մասին, որոնք երբեք ի վիճակի չենք լինի նվիրել նրանց: Պետք չէ երբեք երեխային սպառնալ, պատժել կամ էլ վախեցնել Ձմեռ պապի կերպարով: Եթե երեխան չի ստանում Ձմեռ պապից խնդրած իր նվերները, սկսում է Ձմեռ պապին ընկալել որպես դատավորի, ով գնահատում է իր վարքը»:
Մասնագետի խոսքերով` երեխան սկսում է վախենալ նրանից, երեխայի մոտ կարող է առաջանալ ընդհուպ մինչեւ մեղքի զգացում: Սրան հակառակ, երբ երեխան ստանում է նվերը, հարկ է նրան գովել, շեշտել այն դրական արարքները, որոնք գործել է տարվա ընթացքում: Ամանորյա տոները փորձեք սարքել ուրախ հանգստի օրեր, որպեսզի ձեր երեխան զգա, որ իրեն սիրում են՝ անկախ նրանից, թե ինչպես է իրեն պահել. «Ուստի ավելի լավ է Ձմեռ պապին ներկայացնել որպես ուրախ, բարի ծերուկի, ով միանման սիրում է բոլոր մանուկներին: Ոչ մի պարագայում երեխային չպետք է զրկել նվերից՝ պատժելով նրան այս կամ այն արարքի համար, դա մեծ հարված կլինի երեխայի համար եւ հավանական է՝ նա կորցնի հրաշքին հավատալու հակումը»:

Հետաքրքրական է, որ ավելի շատ մեծահասակներին է մտահոգում, որ երեխաները, երբ իմանան իրականում Ձմեռ պապ չկա, կտանջվեն եւ կդադարեն իրենց խոսքին հավատալ: Այս դեպքում մասնագետը նշում է, որ ծնողները, որպես կանոն, գերագնահատում են վտանգը, անհանգստանալով երեխայի հոգեվիճակի մասին, երբ նա իմանա Ձմեռ պապի հորինված լինելու մասին: «Որպես կանոն, այն երեխաները, ովքեր փորփրելուց ու հետաքրքրվելուց հետո իմանում են, որ Ձմեռ պապ չկա, միանգամից իրենց բացահայտման մասին չեն ասում մեծահասակներին եւ հպարտանում են իրենց սրաթափանցությամբ: Ընդունված է ասել, որ ցանկալի է երեխան իմանա Ձմեռ պապի հորինված լինելու մասին մոտավորապես 7 տարեկանում, սակայն եթե նույնիսկ մի քանի տարի է անցնում, բայց դեռ երեխան հավատում է Ձմեռ պապի գոյությանը, անհրաժեշտ է նրան օգնել, որպեսզի հասկանա իրականությունը»,-նշեց Մարիամ Մելքումյանը:

dzmer-pap8-2
Ըստ նրա, երբ երեխան արդեն կիմանա Ձմեռ պապի անիրական լինելու մասին, սովորեցրեք նրան ինքնուրույն պատրաստել նվերներ՝ ընկերների կամ ընտանիքի անդամների համար: Տվեք նրան հնարավորություն զգալու ինչպես ստանալու, այնպես էլ նվեր տալու հաճելի զգացումը:

Թե ինչպես երեխային ասել, որ Ձմեռ պապ գոյություն չունի, հոգեբանը նշեց, որ յուրաքանչյուր երեխայի կյանքում գալիս է մի պահ, երբ նա հետաքրքրվում է` արդյոք իրականում Ձմեռ պապ գոյություն ունի՞, թե՞ ոչ: «Այդ հարցին ցանկալի է, որ ծնողն ունենա նախապատրաստած պատասխան: Որպես կանոն, գրեթե բոլոր երեխաները հավատում են Ձմեռ պապին, իսկ ծնողներն իրենց հերթին իմանալով, որ Ձմեռ պապ գոյություն չունի, շարունակում են հարցնել իրենց երեխաներին, թե ինչ կցանկանան ստանալ Ձմեռ պապից՝ աջակցելով երեխայի հավատն առ ամանորյա հեքիաթ: Երբ երեխան սկսում է հարցնել՝ արդյոք կա՞ Ձմեռ պապ, կամ էլ պատահաբար տեսում, որ ծնողներն են նվերները բարձի կամ տոնածառի տակ դնում, ցանկալի է՝ ծնողները նշեն, որ Ձմեռ պապ գոյություն ունի, ուղղակի խնդրում է, որ ծնողները փոխանցեն իրենց նվերները, քանի որ չի հասցնում բոլոր մանուկներին այցի գնա: Հետաքրքրական է, որ երեխաները ոչ մի խնդիր չեն տեսնում, որ իրենց հեքիաթային հերոսը իրենց առջեւ հայտնվում է կենդանի մարդկանց տեսքով»:

Մարիամ Մելքումյանը ասում է, որ քանի դեռ երեխան ցանկանում է հավատալ Ձմեռ պապին` աջակցեք նրան: Կապ չունի՝ քանի տարեկան է՝ 4, 8, թե 11. «Ամանորը տոն դարձրեք ձեր երեխայի համար: Ձմեռ պապին հավատալը նպաստում է երեխայի երեւակայության, ստեղծագործ մտածողության, աշխարհի խորհրդանշային ընկալման զարգացմանը: Եթե երեխան հարցնում է, թե ինչպես է Ձմեռ պապը հասցնում նվերներ բաժանել բոլոր մանուկներին, կարելի է ասել, որ նա ունի իր նմանակ օգնականները, ովքեր էլ օգնում են: Պետք է նրբանկատությամբ վերաբերվել երեխայի հարցերին, լսել միմյանց, դա կլինի երեխային ողջ կյանքում տրվող ամենաարժեքավոր նվերը: Եթե տան ավագ երեխան արդեն բացահայտել է, կամ ասել եք, որ Ձմեռ պապ գոյություն չունի, պետք է նրան հիշեցնել, որ քանի որ ինքն արդեն մեծ է, դրա համար էլ գաղտնիքը բացահայտվել է, սակայն պետք է զգույշ լինել, որպեսզի փոքրերը ժամանակից շուտ չիմանան»:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

27.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արևիկ says:

    Արդյոք ճի՞շտ է,որ Ձմեռ Պապիկ գոյություն չունի։Պատասխանեք խնդրում եմ։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031