Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմածովային ուժերի կենտրոնի մասնագետները նախնական վերլուծության են ենթարկել Սև ծովում կործանված Տու-154 օդանավի սև արկղերից մեկը:
Life-ի տեղեկություններով՝ օդաչուական խցիկում օդաչուների խոսակցությունն ընդհատվել է բացականչությամբ՝ «Ենթաթևերը, գրողը տանի»: Դրանից հետո հնչել է երկու բառ. «Հրամանատար, ընկնում ենք»:
Աղբյուրի խոսքով՝ սև արկղը չի տուժել, և ձայնագրությունը գտնվում է լավ վիճակում: Երկրորդ սև արկղի վերլուծությունը դեռ չի սկսվել:
«Ինտերֆաքսն» ավելի վաղ, վկայակոչելով իր քաջատեղյակ աղբյուրը, գրել էր, որ կործանման պատճառը եղել է օդաչուական սխալը: Գործակալությանը, սակայն, չէր հաջողվել այս տեղեկությունը ճշտել պաշտոնական աղբյուրներից:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, Սոչիից Լաթաքիա չվերթ իրականացնող օդանավը կործանվել է կիրակի առավոտյան: Օդանավում եղել է 92 մարդ, այդ թվում անձնակազմի 8 անդամ, նրանք բոլորը զոհվել են:
Սև ծովում որոնողական աշխատանքներում ներգրավված է 45 նավ, 15 ջրային սարք, 192 ջրասուզակ, 12 ինքնաթիռ և 5 ուղղաթիռ: Մինչ այժմ փրկարարներին հաջողվել է դուրս բերել 12 անշունչ մարմին և զոհերի 156 մաս:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ