ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Գյումրիում կայացած իր տարեվերջյան ամփոփ մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացնելով տարբեր ոլորտներում իրենց կատարած աշխատանքներն՝ ասաց. «Պետք է արմատավորվի մի շատ կարևոր սկզբունք, որ մարդուն պետք է հարգեն, մարդը բարձրագույն արժեք է: Ես դեկտեմբերի 10-ի իմ ուղերձում սա պատահական չէի նշել:
Յուրաքանչյուր պաշտոնատար անձ միշտ պետք է հիշի, որ մարդը բարձրագույն արժեք է, հետևաբար և եթե քաղաքացուն չես հարգում, քաղաքացին իր վրա դա չի զգում, այստեղից ուզեն, թե չուզեն խնդիրներ են առաջ գալու նույն իրավունքների խախտման տեսանկյունից: Եվ մի կարևոր հարց էլ եմ ուզում ընդգծել, որ առաջնահերթ նշանակություն ունի. պետական յուրաքանչյուր պաշտոնատար անձ միշտ պետք է հիշի, որ իր գործողություններով կամ իր անգործությամբ կարող է խաղալ պետության իմիջի հետ»: Ըստ նրա, պետական մարմնի վարքագիծը կանխատեսելի պետք է լինի քաղաքացու համար, ու սա պետք է լինի ցանկացած պաշտոնատար անձի աշխատանքի սկզբունքը:
Aravot.am-ը Արման Թաթոյանից հետաքրքրվեց, թե Հայաստանում ամենաշատը ո՞ր կառույցներն են խաղում պետության վարկանիշի հետ: Պարզվեց առաջին տեղում ոստիկանությունն է:
«Ներկայացնեմ վիճակագրությունը, ընդհանուր առմամբ՝ այս տարվա ընթացքում ստացել ենք 4982 գրավոր և բանավոր դիմում-բողոքներ, գրավորը կազմում է 1043, 236-ով մենք դրական արդյունք են ստացել գրավոր բողոքներով, բանավորները 3939 են: Մենք ունեցել ենք արագ արձագանքման այցեր. 198 արագ արձագանքման այց, որից 195-ը դրական լուծված գործերն են: Եթե ըստ մարմիների ասեմ՝ 625 բողոք մենք ստացել են ոստիկանության դեմ, քրեակատարողական հիմնարկների դեմ 300, քննչական կոմիտեի դեմ 244, դատարաններ 230, պաշտպանության նախարարություն 225, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն 146 և այդպես շարունակ:
Կարդացեք նաև
Այստեղ մի հարց եմ ուզում ընդգծել. խախտման յուրաքանչյուր դեպք պետք է շահագրգիռ լինի նաև վեր հանել և արմատապես վերացնել այդ պետական մարմինը, որովհետև հնարավոր է ասենք ոչ բարեխիղճ աշխատողի պատճառով, և այդպես լինում է, թերանում է իր պարտականությունների կատարման մեջ, չի գիտակցում իր իրավունքները կամ հարգալից չի քաղաքացու նկատմամբ, նրա վարքագծի պատճառով հեղինակազրկվում է ամբողջ կառույցը», -ասաց Արման Թաթոյանը:
Նա նաև ասաց, որ իրենց գրությունների հիման վրա եղել են նաև պաշտոնանկություններ: ՄԻՊ-ի գրության հիման վրա պատասխանատվության են ենթարկվել 20-ից ավելի ոստիկանության ծառայողներ, կան պաշտոնական լիազորությունները կասեցված ծառայողներ, ինչպես նաև կարգապահական տույժի ենթարկվածներ: Ըստ ՄԻՊ-ի, տույժի ենթարկված աշխատակիցներ կան նաև քրեակատարողական հիմնարկներում, գիշերօթիկ հաստատություններում:
«Օրինակ՝ «Նուբարաշեն» գիշերօթիկ հաստատությունում, երբ ես նոր ստանձնել էի պաշտոնը, մի դեպք եղավ երեխաների իրավունքների հետ կապված, սոցապնախարարությանը մենք ներկայացրեցինք մեր դիրքորոշումը և այնտեղ ենթարկվել էին տույժի ոչ բավարար արդյունավետություն կամ աշխատանք ցուցաբերելու համար»:
Ըստ Արման Թաթոյանի, վատ վերաբերմունքի կամ բռնության մեջ մեղադրվող ցանկացած պաշտոնատար անձի լիազորություն պետք է կասեցվի մինչև գործի քննության ավարտը: Սա, ՄԻՊ-ի մեկնաբանմամբ, միջազգայնորեն ընդունված ստանդարտ է, որպեսզի պաշտոնատար անձը որևէ հնարավորություն չունենա ազդեցություն ունենալ տվյալ գործի վրա: «Մենք ունենք նաև պաշտոնավարումը կասեցված դեպքեր, դրանք եթե չեմ սխալվում 4 կամ 5 են», -ասաց Արման Թաթոյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ