Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Էրդողանն ուղղակի սուլթանություն է ուզում կառուցել». Սայաթ Թեքեր

Դեկտեմբեր 27,2016 18:44

«Մեդիա կենտրոնում» հրավիրված «Թուրքիայի ներքաղաքական զարգացումները եւ ազդեցությունը տարածաշրջանի եւ Հայաստանի վրա» թեմայով քննարկմանը  ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, ամփոփելով տարին հայ-թուրքական հարաբերությունների, Թուրքիայի ներսում կատարվող իրադարձությունների և դրանց ազդեցության տեսանկյունից, առանձնացրեց Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնած փոփոխությունները, մասնավորապես 2017-ին անցկացվելիք սահմանադրական փոփոխությունները, որոնց համաձայն` Թուրքիան խորհրդարանականից դառնալու է նախագահական պետություն, երբ նախագահը միևնույն ժամանակ լինելու է երկրի կառավարության  ղեկավարը:

Նա արձանագրեց. «Թուրքիայի հասարակական, քաղաքական դաշտը գնալով ագրեսիվանում է, ինչը բերում է ազգայնական և իսլամի ծայրահեղական տրամադրությունների աճին, ծայրահեղ կրոնամոլների ավելի ակտիվացմանը: Էրդողանի հենարանը հենց կրոնամոլ ծայրահեղ ուղղություն ունեցողներն են»:

Դառնալով ռուս դեսպանի սպանությանը` պարոն Մելքոնայնը ողջ պատասխանատվությունը դրենց Թուրքիայի իշխող կուսակցության վրա. «Թուրքիայի ուժային կառույցներ ներթափանցել են անձինք, որոնք ունեն այնպիսի տրամադրություններ, որ կարող են դեսպանի սպանություն իրականացնել` «ալլահ, ագբար» գոչելով: Հենց իշխող կուսակցության կազմակերպած սերնդափոխության պատճառով թուրքական ուժային կառույցները լցվեցին նման տրամադրություններ ունեցող մարդկանցով»:

«Նոր զարթոնք» շարժման համահիմնադիր, փորձագետ Սայաթ Թեքերը փաստեց, որ այժմ Թուրքիայում այսպես ասած խելագարության կեցվածք կա, նա, քննադատելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությունը, նշեց. «Էրդողանն ուղղակի սուլթանություն է ուզում կառուցել»: Ըստ նրա` ռուս-թուրքական հարաբերությունները կբարելավվեն, քանի որ երկուսն էլ վատ հարաբերություններ ունեն ԱՄՆ-ի հետ:

ՄԱՀՀԻ-Միջազգային և անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ Գեւորգ Մելիքյանը փաստեց, որ Թուրքիան անցնում է լուրջ փոփոխությունների միջով, բայց դեռ պարզ չէ` դրանք դրական, թե բացասական ազդեցություն կունենան տարածաշրջանի վրա: Ըստ պարոն Մելիքյանի` Թուրքիան խնդիրներ ունի Արևմուտքի հետ, միևնույն ժամանակ մանևրում է ՌԴ-ի և Արևմուտքի միջև. «Մինչև հունվար Ռուսաստանը պետք է հասցնի տանել իր կողմ Թուրքիային, հակառակ դեպքում ԱՄՆ նոր նախագահի ընտրությամբ պայմանավորված` Արևմուտքն էլ իր կողմն է փորձելու ձգել Թուրքիային:

Ռուսաստանը փորձելու է օգտագործել Թուրքիային իր տարբեր սխեմաներում, հատկապես այս տարածաշրջանում ԱՄՆ-ի դերակատարության նվազեցման առումով»: Պարոն Մելիքյանը ՀՀ-ի համար վտանգավոր համարեց այն, որ Թուրքիան, ՌԴ-ն և Ադրբեջանը կարող են տարածաշրջանի հետ կապված ընդհանուր  հայտարարի գալ: Իսկ սա նշանակում է, որ արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանն ավելի ակտիվ պետք է լինի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031