Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքը: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը:
Բողոքի քննության հստակ օրը նրան դեռ հայտնի չէր, ասաց, ամենայն հավանականությամբ, կլինի տոներից հետո:
«Երեկ ենք ստացել Վճռաբեկ դատարանի կողմից գրություն, որով տեղեկացնում էին, որ վարույթ են ընդունել Անդրիաս Ղուկասյանի կալանքի գործը որպես բեկանում, փաստաբանների դիմումը՝ քննարկելու մասին, քանի որ կալանքի տակ պահելու փաստերը թույլ են: Վարույթ ընդունելը բարձր ցուցանիշ է, որովհետեւ ընդամենը երեքից հինգ տոկոս գործերն են, որ վարույթ են ընդգրկվում»,- ասաց տիկին Թարխանյանը:
Մեր հարցին՝ ձեր ամուսնու ազատ արձակման որոշում դատարանից ակնկալո՞ւմ եք, տիկին Թարխանյանը պատասխանեց. «Ես գիտեմ, որ Անդրիասի վերաբերյալ կա քաղաքական որոշում, բայց Վճռաբեկ դատարանի որոշումն ինձ հույսեր է ներշնչում, որ միգուցե նոր տարուց հետո կլինի արդարացում, Անդրիասն ազատ կարձակվի, եւ կալանքը՝ որպես խափանման միջոց կվերացվի»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ