Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի օմբուդսմենը մարդասպանության կոչեր է արել. Արման Թաթոյանի գնահատականը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 27,2016 17:58

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տարեվերջյան ամփոփող մամուլի ասուլիսը տվեց Գյումրու տեխնոպարկում: Նա Գյումրիում ասուլիս կազմակերպելու նպատակը բացատրեց մարզերին առաջնահերթ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությամբ: Մարդու իրավունքների պաշտպանը խոսեց տարբեր ոլորտներից, հիշեցրեց, որ ինքն այս պաշտոնը ստանձնել է մարտի 24-ից: «Ընտրվելուց հետո, իհարկե, մեր աշխատակազմը բախվեց երկու հիմնական մարտահրավերների՝ առաջինը արցախյան ապրիլյան պատերազմն էր բնականաբար: Լրջագույն մարտահրավերներ մարդու իրավունքների, այն վայրագությունները, գազանությունները, որոնք տեղի ունեցան, նախադեպը չունեին այդ ժամանակաշրջանի համար: Արցախի մարդու իրավունքների պաշտպանը նույնպես իր վերջին զեկույցի ժամանակ շատ ճիշտ հայտարարեց՝ սպանությունները, որ դաժանաբար կատարում էին, հայ լինելու համար էին պարզապես: Մենք նաև միջազգային կազմակերպություններին՝ գործընկերներին ենք հասցնում, շատ ակտիվ ներգրավվածությամբ աշխատանք է գնում: Մեծագույն մասը ոչ հրապարակային է՝ հասկանալի պատճառներով, բայց մենք կարողացել ենք իմ արցախցի գործընկերոջ հետ ձեռք բերել այն վստահությունը մեր միջազգային գործընկերների առաջ, որովհետև այս կառույցը ապաքաղաքականացված է:Մեր աշխատանքները բացառապես տարվում են մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, և, բնականաբար, այդ կազմակերպությունները մեզ հետ համարձակորեն ներգրավվում են քննարկումներին, որովհետև կա գաղտնապահության մթնոլորտ. մենք չենք հրապարակում երբեք մեր գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածությունը», -ասաց Արման Թաթոյանը:

Aravot.am-ը Արման Թաթոյանից հետաքրքրվեց, թե Մատաղիսում, Թալիշում Արցախի օմբուդսմենի հետ փաստահավաքության աշխատանքներ կատարելուց ու ադրբեջանցիների՝ խաղաղ բնակիչներին ուղղված վայրագությունները միջազգային կառույցներին ներկայացնելուց հետո կա՞ որևէ արձագանք այդ կառույցների կողմից՝ փաստաթղթի տեսքով: Արման Թաթոյանն ասաց, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանն անմիջապես լինում է դեպքի վայրերում, նկարում է իրավիճակը, հիմնավոր զեկույց պատրաստում ու կոնկրետ առաջարկներով ներկայացնում է միջազգային կառույցներին:

«Մենք մի կարևոր սկզբունքով պիտի աշխատենք, աշխարհին ցույց տանք Արցախի ինստիտուտների ժողովրդական ինստիտուտների զարգացվածությունը: Այս առումով կարող եմ վստահաբար ասել, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը մի քանի անգամ ավել է արդյունավետությամբ ու հավաստիությամբ, քան ադրբեջանցի իր գործընկերոջ աշխատանքը»,-ասաց Արման Թաթոյանը: Մարդու իրավունքների պաշտպանը շեշտեց, որ անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից՝ մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն: Նա ասաց, որ այս առումով ունեն ձեռքբերումներ, որոնք դեռ չի հրապարակի: Ապրիլյան պատերազմից մեկ ամիս անց Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցը ներկայացվել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, քննարկվել է Human Rights Watch կազմակերպության հետ, որը դատապարտել է արգելված զինատեսակների կիրառումը:

«Ես հատուկ շեշտադրումներ եմ արել իմ ելույթներում՝ հաշվի առնելով Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ելույթը, որ օրինակ՝ «Սմերչ» համակարգը, այդտեղ արգելված զինատեսակներ էին: Կամ քաղաքացիական բնակավայրերի մոտ տեղակայվել էին ռազմական օբյեկտները, այնտեղից սկսվում էին ռմբակոծությունները: Մերոնց հարվածի դեպքում սկսում էին ասել, թե խախտում ենք իրենց քաղաքացիական բնակավայրերի իրավունքը: Սա ակնհայտ սպեկուլյացիա է, չի կարող նման բան լինել, հակառակը Ադրբեջանն այստեղ խախտում է իր ժողովրդի, իր քաղաքացիների իրավունքները: Եթե նայեք Արցախի մարդու իրավունքների զեկույցը, նկարած վերևից, կադրերով ցույց է տալիս առաջ և հետո, որպեսզի մեր գործընկերները հստակ տեսնեն՝ ինչ է եղել: Տեսնեն, որ մենք ոչ թե ստում ենք, այլ ներկայացնում ենք փաստական տվյալներ: Այս հարցը ներկայացրել եմ Խոշտանգումների կանխարգելման համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին: Այս ձևաչափով խնդիրը ներկայացրել ենք ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, հանդիպումը շատ փակ էինք պահում, որովհետև խոչընդոտներ անմիջապես կառաջանային»:

Ըստ մարդու իրավունքների պաշտպանի Եվրոպայի օմբուդսմենների ինստիտուտը, որը հեղինակավոր կառույց է, երեք լեզուներով խստորեն քննադատել է ադրբեջանցիների վայրագությունները: Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարը փորձել է հիստերիա բարձրացնել, սակայն եվրոպացիները հարցը չեն հանել օրակարգից: Ու բազմաթիվ միջազգային կառույցներ են դատապարտել ադրբեջանցիների վայրագությունները: Նրանք կապվում են Արցախի ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ ու հարցնում՝ ինչպես է իրավիճակը: «Եթե չհասնենք նրան, որ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից չունենանք հայտարարություններ, սա չի ունենա կանխարգելիչ նշանակություն: 21 –րդ դարում նման դաժանություն անթույլատրելի է»,- ասում է Արման Թաթոյանը:

Ըստ նրա, ադրբեջանցիները, տեսնելով հայերի ակտիվությունն այս հարցում, իրենք էլ փորձում են հակառակը ցույց տալ, բայց հայերը խոսում են փաստերով, ու մեր դիրքերն այս առումով ուժեղ են: «Ադրբեջանի օմբուդսմենն այն օմբուդսմենն էր, որ Ռամիլ Սաֆարովի արտահանձման ժամանակ ասաց, որ Ռամիլ Սաֆարովը պետք է ծառայի որպես օրինակ ադրբեջանցի երիտասարդների համար: Սա գիտեն մեր բոլոր միջազգային գործընկերները… էլ ինչ մարդու իրավունքների հանձնակատար, եթե նա սահման չպիտի ճանաչի», -ասաց Արման Թաթոյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031