Ազատագրված Արցախը, իր ներկա ողջ տարածքով, Հայաստանի հանրապետության մաս է: Արցախյան հիմնախնդրի հաղթական լուծումն ամբողջացնելու համար անհրաժեշտ է.
• Վերացնել Արցախը Հայաստանից դեռևս բաժանող բոլոր իրավական հակասությունները, դադարեցնել «երկու պետություն» անհեթեթ թատերախաղը և լիովին վերականգնել արցախաբնակ ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները, այդ թվում ՀՀ համապետական իշխանության ընտրությանը մասնակցելու իրավունքը:
• Պետականորեն ընդունել և համազգային ջանքով իրականացնել Արցախի թերբնակ շրջանները արագընթաց զարգացնելու և բնակեցնելու ներդրումային լայնածավալ ծրագրեր` հաստատելով, որ հանձնման ենթակա շրջաններ գոյություն չունեն:
• Արդիականացնել բանակը` օժտելով նրան մնայուն պատերազմական սպառնալիքի պայմաններում միշտ պատրաստ, մարտունակ և արագ արձագանքող պահեստազորով:
• Մերժել Մինսկի խմբի առաջարկած կարգավորման սկզբունքները, տարածքային զիջում ենթադրող փուլային-փաթեթային տարբերակները: Որևէ առաջարկի քննության նախապայման դնել Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքի դադարեցումը և իր «տարածքային ամբողջականությունից» հրաժարվելու պատրաստությունը: Շրջանառության մեջ դնել Նախիջևանի և Գարդմանքի նկատմամբ հայկական իրավունքի փաստերը, որոնք ակտիվ պահանջի կվերածվեն նոր ռազմական ոտնձգության դեպքում:
Ազգային ներուժի ամբողջական մեկտեղում պահանջող նման ծրագիր կարող է իրականացնել միայն ինքնիշխան երկրի ազգընտիր կառավարությունը, որը ունակ կլինի վերստին մեկտեղել համազգային կամքը: Իսկ երկիրը թալանող և օտարին վաճառող, նեխած ու ատելի խմբիշխանական վերնախավը ընդունակ չէ ոչ միայն լուծել ազգային հիմնախնդիրները, այլև սահմանել դրանք: Այդ վերնախավը` կապիտուլյացիայի գնով արցախյան գլխացավից ազատվելը դիտարկում է սոսկ որպես միջոց` իր անփառունակ իշխանությունն ու թալանը արտաքին աջակցությամբ շարունակելու համար:
Զարմանալի չէ, որ այսօր ապազգային վարչախմբի օրվա պատասխանատուները շարունակում են առաջնորդվել իննսունականներին հաղթող բանակի թիկունքում ձևավորված պարտվողական փիլիսոփայությամբ: Իսկ դա հեղինակած նախկին նախագահը ամբողջական աջակցություն է առաջարկում իր հոգեզավակ Սերժ Սարգսյանի հանցագործ վարչախմբի դավաճանական դիրքորոշմանը և շտապեցնում օր առաջ գործադրել այն: Այդ նպատակով հերթական անգամ ասպարեզ է նետվել հայության կողմից բազմիցս մերժված «պատերազմ, թե խաղաղություն» կեղծ երկընտրանքը:
Մենք դատապարտում ենք Հոյոց ազգային իրավունքի դեմ որևէ ոտնձգություն` կբխի այն իշխող վարչախմբից, թե ձևական ընդդիմությունից: Մերժում ենք հասկացությունների ստոր խեղաթյուրումը` հանձնվելու ու ամեն ինչ հանձնելու դավաճանությունը խաղաղասիրություն կամ զարգացման առիթ կոչելը: Խաղաղության և զարգացման միակ երաշխիքը ազգային նպատակների շուրջ համախմբվածությունն է և Հայրենիքը պաշտպանելու պատրաստակամությունը:
27 դեկտեմբերի 2016թ.