Մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրա Ալեքսանյանը հասկանում է ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի զայրույթը՝ լավագույն մարզիկների շարքում Հենրիխ Մխիթարյանին չընդգրկելու առումով: Պարոն Ալեքսանյանը խոսքեր չունի:
«Հասկացա, բան չունեմ ասելու: Կեցցե ինքը: Նա ճիշտ նկատեց, որ Հենրիխ Մխիթարյանը չկա լավագույն տասնյակում, բայց չասաց՝ ում փոխարեն մտցնեինք: Տասնյակի անդամներից ինն աշխարհի, Եվրոպայի, օլիմպիական խաղերի չեմպիոններ ու մրցանակակիրներ են, միայն տասներորդն է Եվրոպայի փոխչեմպիոն, օլիմպիական խաղերի վարկանշային միավորը շահած, մեդալներ գրաված մարզիկ է:
Հենրիխ Մխիթարյանը մեր հանճարն է, մեր տաղանդն է, մեր աստվածն է, չգիտեմ մեր ինչն է: Եթե նա այս տարի 57-րդ տեղում է, մյուս տարի այս ժամանակ 20 լավագույնների մեջ կմտնի: Երկու տարի հետո Մեսսին, ինքը Ռոնալդոն կլինեն եռյակում:
Ռուբեն Հայրապետյանին շնորհակալություն, հայհոյել է, թող ինձ էլ հայհոյի, շնորհակալ եմ, պրծավ, ինչի մասին է խոսքը: Եթե անբարոյականություն է, ինձ էլ է վիրավորել, ոչինչ, մարդ է, այդպես է ասել, լավ է արել: Թող ոչ ինձ հավատարմագրի, ոչ ստադիոն թողնի, ոչ էլ թույլ տա Հենրիխի հետ խոսեմ, ինչ ասեմ»,- Aravot.am-ին ասաց ֆեդերացիայի նախագահ Յուրա Ալեքսանյանը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ լավագույն մարզիկների տասնյակում Հենրիխ Մխիթարյանին չընդգրկելու որոշումը բարկացրել էր Ռուբեն Հայրապետյանին, նա նույնիսկ ասել էր. «Զուրկ է բարոյականությունից նաև այն, որ նույն քվեարկությանը մասնակցած մարզական լրագրողների գերակշիռ մեծամասնությունը իրենց պրոֆեսիոնալ «բիզնեսն» ամեն աստծո օր սկսում են ֆուտբոլով, Հենրիխ Մխիթարյանով և ավարտում ֆուտբոլով՝ նույն Հենրիխ Մխիթարյանով: Եվ հենց նույն «բարոյականությամբ» էլ նման լրագրողներն իրավունք չունեն պահանջելու ֆուտբոլային հավատարմագրում կամ հարցազրույց՝ նույն Հենրիխ Մխիթարյանից»:
Մեր հարցին՝ ընդունո՞ւմ եք քննադատությունը, որ լավագույնների ցանկում դոպինգ օգտագործած Հռիփսիմե Խուրշուդյանի փոխարեն կարելի էր ընդգրկել Հենրիխ Մխիթարյանին, պարոն Ալեքսանյանը պատասխանեց. «Հռիփսիմեին չեմ տվել նրա համար, որ նա դոպինգ է օգտագործել, տվել եմ որպես Եվրոպայի գործող չեմպիոն, որը 2016 թվականին Եվրոպայի չեմպիոն է ու գործում է, կա, աշխատում է, ես ինչ անեմ՝ ասեմ Եվրոպայի չեմպիոն չե՞ս»:
Նա նկատեց, որ աշխարհի տարբեր երկրներում այս տարի մարզական լրագրողների ֆեդերացիաների կողմից լավագույն մարզիկների շարքում չեն ընդգրկվել հայտնի մարզիկներ, օրինակ, ըստ նրա. «Մեսսին վատ ֆուտբոլիստ չէ, բայց Արգենտինայի մարզական լրագրողների ֆեդերացիան այս տարի թիվ մեկ մարզիկ է ճանաչել Գել Պոտրոյին, նա օլիմպիական խաղերի արծաթ է թենիս մարզաձեւից, հիմա ինչ է , Արգենտինայի 40 միլիոնը հարձակվում է լրագրողների վրա, թե ինչու Մեսսիին չե՞ք տվել, ախր լավագույն ֆուտբոլիստո՞վ է այդ անվանակարգը:
Ամոթ չէ՞ Հենրիխի նման հանճարեղ ֆուտբոլիստին տասնյակ, հա տասնյակ: Եսիմ ինչ քաղաքական, անձնական շահեր են հետապնդում դեբիլները, դա նրանց անձնական գործն է, թող մեզ հետ գործ չունենան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ