Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով՝ 6.25 տոկոս

Դեկտեմբեր 27,2016 17:28
kb

2016 թ. դեկտեմբերի 27-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.25%:

2016 թ. նոյեմբերին արձանագրվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.6%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը շարունակել է մեղմվել՝ կազմելով 0.6%: Այնուամենայնիվ, ԿԲ գնահատումների համաձայն մոտակա ամիսներին գնանկումային միջավայրը դեռևս կպահպանվի:

Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը, իսկ միջազգային ապրանքային շուկաներում շարունակել են արձանագրվել գնաճային զարգացումներ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ դեռևս չեն ակնկալվում: Այդուհանդերձ, առկա են որոշակի գնաճային ռիսկեր՝ կապված ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքի բարձրացման ընթացքի և զարգացող երկրների վրա դրա ազդեցության հետ:

Խորհուրդն արձանագրում է, որ տնտեսական ակտիվության տեմպերը շարունակում են դանդաղել՝ հիմնականում պայմանավորված առաջարկի գործոններով, մասնավորապես՝ գյուղատնտեսության ճյուղի՝ սպասվածի համեմատ առավել խորը նվազմամբ: Աստիճանաբար շարունակվում է նաև ներքին պահանջարկի վերականգնումը՝ առավելապես ի հաշիվ 2015-2016 թթ-ի ընթացքում իրականացված խթանող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների: Այդուհանդերձ, Դրամավարկային քաղաքականության չորրորդ եռամսյակի ծրագրով նախանշված որոշ գնանկումային ռիսկեր դառնում են ավելի առարկայական, այդ թվում՝ գնաճային սպասումների նվազումը և փետրվարին ակնկալվող էլեկտրաէներգիայի սակագնի իջեցումը, որոնք առավել հավանական են դարձնում 2017 թ. համար  նախանշված գնաճի՝ կանխատեսման միջակայքի ստորին հատվածում պահպանվելը: Այս պարագայում, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում հերթական անգամ թուլացնել դրամավարկային պայմանները:

Խորհուրդը կարծում է, որ իրականացված դրամավարկային քաղաքականությունը բավարար խթաններ է ձևավորել 2017 թ. գնանկումային միջավայրը հաղթահարելու և կանխատեսվող հորիզոնում գնաճի նպատակի իրագործման համար:

Միևնույն ժամանակ ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ տոկոսադրույքները բավականին նվազել են և ավանդական դրամավարկային քաղաքականության հնարավորությունները ներկայումս սահմանափակված են, սակայն ԿԲ-ն հավատարիմ է մնում գների կայունությունն ապահովելու իր գլխավոր նպատակին և անհրաժեշտության դեպքում իր ողջ գործիքակազմով համարժեքորեն կարձագանքի՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

Լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 7.75 % և 4.75 %:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2017թ. հունվարի 13-ը հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031