Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր հյուրընկալել են ՀՀ ԶՈՒ զինծառայողների, Արցախյան ազատամարտում, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, հաշմանդամ դարձած զինվորների, Երկրապահ կամավորական միության, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող մի շարք հասարակական կազմակերպությունների անդամների ընտանիքների երեխաների և թոռնիկների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:
Փոքրիկ հյուրերի ներկայությամբ հանդիսավորությամբ վառվել են նստավայրի տոնածառի լույսերը, և մեկնարկել է տոնական միջոցառումը: Հանրապետության Նախագահն իր և տիկին Ռիտա Սարգսյանի անունից ջերմորեն շնորհավորել է միջոցառման մասնակիցներին ու բոլոր երեխաներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, բարեմաղթանքներ հղել նրանց:
«Սիրելի՛ երեխաներ,
Ես և տիկին Ռիտան սրտանց շնորհավորում ենք ձեզ Նոր տարվա կապակցությամբ, ցանկանում ենք, որ եկող 2017 թվականը լինի ամենալավ տարին ձեր անցկացրած բոլոր տարիներից: Ցանկանում ենք, որ նոր տարում դուք միշտ ուրախ, երջանիկ, առողջ լինեք, ուզում եմ, որ նոր տարում դուք հաջողություններ ունենաք ուսման բնագավառում: Եվ եթե դուք ամեն օր դաս սովորեք, սիրելի՛ երեխաներ, ես վստահ եմ, որ ձեզնից շատ-շատերը հետո էլ գալու են այս շենք՝ այստեղ, ոչ միայն Նոր տարվա տոնածառի կապակցությամբ, այլ նաև մրցանակներ ստանալու «Կենգուրու», «Մեղու» և այլ մրցույթներում հաղթելու համար:
Կարդացեք նաև
Սիրելի՛ երեխաներ, մի խնդրանք ունեմ ձեզ. ուզում եմ, որպեսզի հունվարի 1-ին՝ առավոտյան կանուխ, երբ արթնանաք, մոտենաք ձեր ծնողներին և իմ անունից շնորհակալություն հայտնեք նրանց՝ ձեզ լավ քաղաքացի դաստիարակելու համար, շնորհավորեք նրանց Նոր տարվա կապակցությամբ և խոստանաք, որ դուք շատ լավ եք սովորելու, որովհետև լավ սովորելը երեխաների համար ամենից կարևոր, ամենից լավ բանն է: Պիտի և՛ լավ սովորեք, և՛ լավ աշխատեք, և՛ ձեր ուսուցիչների ու ծնողների ասածները շատ լավ կատարեք»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ